Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգը պետք է հոգի ունենա»

Հուլիս 03,2002 00:00

«Երգը պետք է հոգի ունենա» Վերջերս Երգի պետական թատրոնում տեղի ունեցան երիտասարդ շնորհալի երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանի «Եկել եմ» խորագիրը կրող առաջին մենահամերգները։ Ի դեպ, Արսեն Գրիգորյանն ՀՀ ժողարտիստ Հովհաննես Բադալյանի աշակերտն է։ Նա հիմնականում ստեղծագործում է ժողովրդական տարրերով հագեցած ինքնատիպ ու յուրօրինակ ռոմանսային ոճում։ Ժողովրդական երգարվեստում բարձր է գնահատում Ռուբեն Մաթեւոսյանի կատարողական վարպետությունը։ Չի ընդունում մրցութային մրցակցությունն արվեստում եւ չի մասնակցում մրցույթների։ – Մուտքդ երգարվեստ, 1 ելույթ, 1 երգ։ – Երգել սկսել եմ մանկուց, երբ դեռեւս մանկապարտեզի սան էի։ Մեծացել եւ դաստիարակվել եմ ժողովրդական երգ-երաժշտության հնչյունների ներքո, ինչն էլ հետագայում ինձ համար դարձավ առավել սիրելի եւ հոգեհարազատ։ Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացել եմ 1996թ. Ա. Խաչատրյանի «Հե՜յ, երգիր, Արաքս» երգով, իսկ 1997-ին մասնակցելով Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ կատարողների մրցույթին, արժանացել եմ դափնեկրի կոչման, որտեղ, ի դեպ, ժողգործիքների նվագակցության առումով ինձ շատ օգնեց բեմի մեծ վարպետ Թովմաս Պողոսյանը։ 1999-ից առայսօր աշխատում եմ Երգի պետական թատրոնում։ – Ո՞ւմ ես համարում քո առաջին ուսուցիչը։ – Սերը երգ-երաժշտության հանդեպ ժառանգել եմ իմ հայրիկից, ում շնորհիվ էլ մուտք գործեցի երաժշտության զարմանահրաշ աշխարհ եւ սկսեցի երգել եւ միաժամանակ նվագել նախ ակորդեոն, ապա նաեւ դաշնամուր։ Իսկ պրոֆեսիոնալ առումով ես երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել լինել հայ երգարվեստի մեր մեծ նվիրյալ եւ հրաշալի մարդ-անհատ Հովհաննես Բադալյանի սանը, ում շատ-շատ սիրում եմ եւ առայսօր չեմ ուզում ընդունել այն փաստը, որ նա այլեւս մեզ հետ չէ։ Ի դեպ, երկար սպասված իմ առաջին մենահամերգին ես հրավիրել էի իմ ուսուցչի կնոջն ու աղջիկներին եւ անչափ հուզվեցի այն պահին, երբ Հ. Բադալյանի կինը բարձրանալով բեմ, ինձ նվիրեց սիրելի ուսուցչիս անձնական բարձրախոսը, որով նա մշտապես ելույթներ էր ունեցել թե՛ հայրենիքում եւ թե՛ աշխարհի տարբեր բեմերում։ Ինձ համար մեծ պատիվ է այսուհետեւ աշխատել վարպետիս բարձրախոսով։ – Երգացանկդ հիմնականում բաղկացած է ժողովրդական եւ քո հեղինակային երգերից։ Կա՞ն արդյոք այլ հեղինակների երգեր քո երգացանկում։ – Շատ եմ սիրում Վաչե Հովսեփյանի «Վերադարձիր» երգը, որն, ի դեպ, համերգի ժամանակ կատարեցի դուդուկների նվագակցությամբ։ Հաճույքով եմ կատարում Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհը»։ Երգում եմ նաեւ Արամ Ավագյանի երգերը, Ալ. Հեքիմյան եւ այլն։ – Գիտեմ, որ երգերդ հնչում են ոչ միայն քո, այլ անհատ կատարողների շուրթերից։ – Իմ երգերը կատարում են Նունե Եսայանը, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Վարդուհի Վարդանյանը եւ Արամ Ավագյանը, որոնք, ի դեպ, շուտով կներկայացվեն նաեւ երաժշտասերների դատին։ – Այսօր լայն տարածում ունի «ռեմիքս» հասկացությունը երգարվեստում։ Ինչպե՞ս ես վերաբերում ժողովրդական երգերի ռեմիքսացված տարբերակներին։ – Թեեւ բնավորությամբ ահավոր լավատես եմ եւ ամեն ինչում փորձում եմ գտնել միայն դրականը, բայցեւայնպես չեմ ընդունում ռեմիքս հասկացությունը ժողովրդական երգերում։ Գտնում եմ, որ այսօր մենք պարտավոր ենք անաղարտ պահել մեր ազգային երգ-երաժշտությունը, որպեսզի հաջորդ սերունդները եւս հպարտանալու եւ ազգայինը ցույց տալու տեղ ունենան։ Միաժամանակ ընդունում եմ, որ դրանք այսօր պետք է մատուցվեն ժամանակակից գործիքավորումներով, սակայն անշեղորեն պետք է պահպանվեն դրանց բնօրինակ տարբերակները։ Ի դեպ, երգի մեջ կարեւորը ոչ թե ձայնն է, այլ թեման եւ հոգին, իսկ ժողովրդական երգը պետք է հոգի ունենա։ Ուրախ եմ, որ այսօր իմ շրջապատում ունեմ հրաշալի երիտասարդ ընկերներ, որոնք ինձ հետ միասին շարունակում են մեր մեծ վարպետների գործը՝ պահպանելով՝ առաջ ենք տանում մեր ժողովրդական երգարվեստը, որպեսզի տարիներ անց դրանք չմոռացվեն, չաղավաղվեն եւ չվերածվեն այլ ոճերի երգերի։ – Ի՞նչ հաճելի անակնկալներ են սպասվում երկրպագուներիդ։ – Այժմ աշխատում եմ իմ անդրանիկ ձայնասկավառակի վրա, որը մտադիր եմ թողարկել մինչեւ տարեվերջ։ Նրանում տեղ կգտնեն թե՛ ժողովրդական եւ թե՛ ռոմանսային ոճով գրված իմ հեղինակային որոշ երգեր։ Ի դեպ, սկավառակում ներառվող երգերից մեկի հիման վրա մտադիր եմ նաեւ նկարահանել իմ երկրորդ տեսահոլովակը։ Նշեմ նաեւ, որ օրերս Երգի թատրոնի կազմում պատրաստվում եմ մեկնել ԱՄՆ՝ հյուրախաղերի։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031