Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉ Է, ԳՆԱՅԻ ԱՍԵԻ 70-ԱՄՅԱ՞ԿՍ Է»

Հուլիս 03,2002 00:00

«ԻՆՉ Է, ԳՆԱՅԻ ԱՍԵԻ 70-ԱՄՅԱ՞ԿՍ Է» «Պետական մակարդակով միջոցառումներ կազմակերպելիս սովորաբար ինձ համարյա չեն հիշում, փոխարենը բարեգործական համերգներին են անընդհատ հրավիրում, բայց չէ՞ որ ես էլ պիտի ապրեմ»,- մեր հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի եւ միջազգային մրցույթների դափնեկիր Մեդեա Աբրահամյանը։ Իսկ ընդհանրապես, ճանաչված թավջութակահարուհին կարծում է, որ իր գործերում չարի մատը մի քիչ խառն է, որովհետեւ ինչ ձեռնարկում է, անհաջողության է մատնվում։ «Երեւի ճակատագիր է,- ասում է նա։- Ամեն անգամ ճակատագրի դիպվածով որեւէ համերգի չկայանալուց հետո շա՜տ եմ հիասթափվում. երկար ժամանակ դեպրեսիայի մեջ ընկնում։ Չէ՞ որ համերգներից առաջ լուրջ նախապատրաստվում ես, նաեւ հոգեպես տրամադրվում ելույթին»։ Կամա թե ակամա, թավջութակահարուհուն տհաճ անակնկալներ շատ են մատուցել. մի անգամ Կիեւից նվագախումբը չի ժամանել, մի անգամ դաշնակահարուհին է հրաժարվել նվագակցել՝ պատճառաբանելով ազդագրերում իր անվան բացակայությունը։ Եվ այն համերգները, որոնցում ինքը պիտի մասնակցեր, միշտ ինչ-ինչ պատճառներով ձախողվել են։ Մինչ 1994թ. Մ. Աբրահամյանը համերգային բուռն գործունեություն է ունեցել։ 94-ից հետո, ըստ նրա, կյանքն այլ հունով է ընթացել։ Ժպտացել է միայն հովանավոր գտածների բախտը, մի բան, որ իրեն ոչ մի կերպ չհաջողվեց։ Դեռ 10 տարի առաջ էր, երբ որպես ժողովրդական արտիստուհու ներկայացրին ինչ-որ մեծահարուստի։ Վերջինս շատ կտրուկ մերժեց, ասելով, որ արտիստուհու տարիքը խանգարում է իր՝ մեկենասություն անելու ցանկությանը։ Այժմ Մ. Աբրահամյանը շատ հազվադեպ է համերգներ ունենում (անցյալ տարի Ա. Ղարաբեկյանի նվագախմբի հետ նվագել է Տ. Մանսուրյանի կոնցերտը, վերջերս կատարել Է. Սադոյանի գործերը), մինչդեռ տարիներ առաջ, երբ «ֆիլհարմոնիայում էր աշխատում, տարեկան պարտադիր 15 համերգ էր ունենում ու կարգին աշխատավարձ ստանում»։ Մասնակցում էր նաեւ տարբեր մրցույթ-փառատոների, թեեւ կենտրոնական կոմիտեն էր ընտրում արտասահմանյան միջոցառումների մասնակիցներին։ Եվ քիչ չէին դեպքերը, երբ որեւէ մասնակցի փոխարեն ասվում էր, որ իբր վերջինս հիվանդության պատճառով չի կարող ելույթ ունենալ։ «10 տարի է ազատություն են տվել մեզ, ինչի արդյունքում շատերը հովանավորներ են գտել ու արտասահմաններ են մեկնում։ Ճիշտ է, կան շնորհալի երաժիշտներ, սակայն նրանց արանքում քիչ չեն նաեւ արտասահմանյան հյուրախաղերի մեկնող անտաղանդները»,- համոզված է թավջութակահարուհին։ Նրա կարծիքով, Հայաստանում արվեստի բնագավառի կանանց համար շատ խիստ «չափանիշներ» են ընտրված. 50 տարեկանից բարձր կանանց խեթ են նայում, իբր արդեն պետք չեն։ «Իսկ արտասահմանում կան օրինակներ, երբ կանայք մեծ տարիքում, իսկ տղամարդիկ 90 տարեկանում էլ են նվագել։ Չէ՞ որ յուրաքանչյուր արտիստ նախ եւ առաջ իր մասին է մտածում։ Եվ եթե պատրաստ չլինի բեմ դուրս գալու, հաստատ չի ցանկանա ելույթ ունենալ բազմաթիվ հանդիսատեսների առաջ,- գտնում է Մ. Աբրահամյանը,- ուրիշ հարց է, երբ գլուխդ պտտվում է, մատներդ արդեն դողում են կամ հիշողությունդ այն չէ։ Իսկ եթե էներգիադ տեղն է, ինչո՞ւ այն չծառայեցնել արվեստին»։ Ըստ նրա՝ չկա պետական հոգածություն Հայաստանը ժամանակին պանծացնող արտիստների նկատմամբ, որոնց այսօր դուրս են մղել ասպարեզից. «Մինչդեռ Մոսկվայում մեդալներ ու պատվոգրեր են տալիս կինոյի, թատրոնի արտիստներին, երաժիշտներին ու մարզիկներին, ովքեր ժամանակին բարձունքում են եղել։ Ճիշտ է, տվածը ընդամենը թղթի կտոր է, բայց գոնե խրախուսանքի ձեւ է»։ Մ. Աբրահամյանը մի մտահոգություն ունի. իր սերնդի արտիստները հնարավորություն չունեն ձայնագրվելու. «Շատ երջանիկ կլինեի իմ ժողովրդի երաժշտությունը պրոպագանդելու ու մեկ-մեկ էլ դասական երաժշտության ձայնագրություններ անելու համար, սակայն պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ բան չէ. պետք է դու ինքդ փող տաս, ստուդիան վերցնես, որ ձայնագրություններ անես սերունդների համար»։ Ամեն անգամ ելույթ ունենալիս Մ. Աբրահամյանը մտածում է, որ այն վերջինն է։ Իսկ միջազգային փառատոնի վերջին անգամ մասնակցել է 98-ին՝ Լվովում։ Այսօր շատերը չեն «հիշում» իրեն, կամ չեն ուզում հիշել, իսկ «ժողովրդական արտիստուհու եւ դափնեկրի կոչումները միայն հատուկենտ ազդագրերի համար են եւ ուրիշ ոչնչի»։ Լավագույն հիշողությունը մնացել է Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ հանդիպումը ու նրան աշակերտելու տարիները, երբ վերջինս մոտեցավ «ինչ-որ հայ աղջկա» ու անսպասելի առաջարկեց, որ «այդ տաղանդն իր մոտ սովորի»։ Այսօր Մ. Աբրահամյանի կյանքում մեծ դեր ունի կոնսերվատորիան ու մանկավարժական աշխատանքը նրա շրջանակներում. հաճելի է շփվել շնորհալի երիտասարդների հետ։ Սակայն կոնսերվատորիայում էլ կարծես այնքան ուշադիր չեն նրա նկատմամբ։ Օրինակ, այս տարի լրացավ Մ. Աբրահամյանի 70-ամյակը, սակայն ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ կոնսերվատորիան, ո՛չ էլ որեւէ մեկը այդ մասին ակնարկ անգամ չարեց. «Ճիշտ է, աստղ չեմ, բայց Հայաստանի առաջին միջազգային դափնեկիրն եմ։ Եվ մի՞թե ես, իմ մեծ հալով պիտի բոլորին գնայի, ասեի՝ գիտե՞ք, 70-ամյակս է»։ Մեդեա Աբրահամյանը մի գեղեցիկ ցանկություն էլ ունի՝ 2003-ին մասնակցել Ա. Խաչատրյանի հոբելյանի առթիվ կազմակերպվող միջոցառումներին ու կատարել նրա թավջութակի կոնցերտները։ Բայց մտավախություն ունի. չլինի՞ թե ինչ-որ մեկին հրավիրեն նվագակցել իրեն, չգա, կամ էլի ինչ-որ բան խանգարի իր ելույթին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031