Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձանք պատանդ

Հուլիս 03,2002 00:00

Բաց նամակ վարչապետին

ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հանրահայտ ելույթը (28 դեկտեմբեր 1994թ.), որն ուղղված էր ՀՅԴ կուսակցությանը, մեղադրելով այն միջազգային ահաբեկչության եւ թմրանյութերի տարածման մեջ՝ ունեցավ իր տեսակի առումով առանձնահատուկ լուծում։ ՀՀ գերագույն դատարանի 10 դեկտեմբեր 1996թ. դատավճռով, «Դրո» կառույցը միտումնավոր առկախ թողնվեց ՀՅԴ կուսակցությունից, սրանով իսկ հնարավորություն ստեղծելով ցանկացած պահի այն կասեցնելու, փակելու եւ տարբեր բնույթի ճնշումներ գործադրելու։

ՀՅԴ կուսակցության եւ նախկին իշխանությանց միջեւ տեղի ունեցած փոխհամաձայնությունների արդյունքում բանտից ազատ արձակվեցին ՀՅԴ մի քանի գործիչներ, իսկ մյուս մասը, որն արդեն իսկ քրեականացված լուծում ստացավ, պահվեց բանտերում հետագա հնարավոր անցանկալի գործունեությունները վերջիններիս միջոցով կասեցնելու նպատակով։ Քաղաքական նման լուծման ենթատեքստում մենք ոչ միայն լուսանցքային տեղ զբաղեցրինք, այլեւ հայտնվեցինք «զալոժնիկ»-ի կարգավիճակում։

«Պատանդ»

1998-ի իշխանափոխությունից հետո, թե արտաքին եւ թե ներքին քաղաքական կյանքում նույնպես տեղի ունեցան էական փոփոխություններ, որոնք տվեցին իրենց դրական երանգները Հայ դատի խնդիրների լուծման, ինչպես նաեւ երկրի ներսում կայունության ապահովման ու տնտեսության զարգացման ոլորտներում։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ ընթացող քաղաքական ուղղվածության մեջ կատարեց աննկատելիորեն շրջադարձ դեպի եվրասիականություն, մաս կազմելով բազմաբեւեռ նոր աշխարհակարգի ստեղծման ալյանսին։ Սակայն նախկին իշխանությանց քաղաքական կարճատեսության արդյունքում, ՀՅԴ կուսակցության գործունեությունը կասեցնելով, պաշտոնապես ամրագրվեց միջազգային ահաբեկչական «Դրո» կառույցի առկայությունը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետություններից ներս։ Այս եւ նման կեղծ դատավարությունների ու քաղաքական պատվերներ հանդիսացող դատավճիռների արդյունքում, բավականին բարենպաստ պայմաններ ստեղծեցին ադրբեջանա-թուրքական դիվանագիտության համար, Հայաստան-Արցախը ներկայացնելու միջազգային հանրությանն ու համաշխարհային դիվանագիտական կորպուսներին, որպես հակաահաբեկչական գործողությունների պոտենցիալ տարածք։ Ուստի եւ ազատագրված պատմական Հայաստանի շրջանները նույնպես դիտվեցին իբրեւ օկուպացված տարածքներ։

Հակառակ այն հանգամանքին, որ ՌԴ նախկին նախագահ Բ. Ելցինի վարչախմբի կողմից ի գործ դրվեց ՀՅԴ կուսակցության դեմ պատժական սանկցիաներ, այնուամենայնիվ, այսօր իսկ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն ու պաշտոնական Մոսկվան հերքում են Արցախ-Հայաստանի Հանրապետությունների տարածքում միջազգային ահաբեկչական կառույցի առկայությունը, սրանով իսկ լայն հնարավորություն ընձեռելով ՀՀ իշխանություններին սրբագրել նախկինների սխալներն ու թերությունները։

Պրն վարչապետ, ես վստահ եմ, որ Դուք, ինչպես նաեւ կառավարության ու իշխանության որեւէ անդամ, այսուհետեւ թույլ չեք տա «Դրո» գործոնը շահարկելու թե՛ նախկին իշխանությանց եւ թե՛ ատլանտիզմին ծառայող ուժերի կողմից՝ մեր երկրի պետականության ու նրա անվտանգության հիմքերը խաթարելու գործընթացի օգտին։ Գրեթե համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները ջանք չեն խնայի համապատասխան միջոցներ ձեռնարկելու նախկինների սխալներն ու միտումները սրբագրելու արդարացի գործում։

ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ

«Դրո» գործով մահապատժի դատապարտված, թիվ 1 քննչական մեկուսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031