Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵԼՈՎ ԽՆԴԻՐԸ ՉԵՍ ԼՈՒԾԻ

Հուլիս 03,2002 00:00

ԱՐԳԵԼԵԼՈՎ ԽՆԴԻՐԸ ՉԵՍ ԼՈՒԾԻ Ոչ պետական բուհերի հավատարմագրումն իրականացվում է առանց չափորոշիչների Հուլիսի 7-ին կավարտվի ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ հավատարմագրման նպատակով անցկացվող ամփոփիչ ատեստավորումը, որին մասնակցում են հայտ ներկայացրած 22 հաստատություններից 17-ը: Մեկը հայտը հետ է վերցրել, մնացած 4-ինը մերժվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ շրջանավարտների թվաքանակը քիչ է եղել՝ 2, 4, 5, 6: Ամփոփիչ ատեստավորման նպատակով նախարարի հրամանով ստեղծված կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ հիմնավորվել է, որ միայն որոշակի քանակի դեպքում է հնարավոր ստուգել տվյալ հաստատության կողմից կադրերի պատրաստման որակը: Այդ մոտեցումը, ըստ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Փոլադյանի, իր տեղը կգտնի հավատարմագրման կարգում կատարվելիք փոփոխությունների մեջ: Պետական հավատարմագրման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների ապահովում, որոնցից մեկը 2 տարվա շրջանավարտների անընդմեջ ատեստավորման արդյունքներն են: Այն հաստատությունը, որում տվյալ ուսումնական տարվա շրջանավարտների 60 տոկոսը ցուցաբերում է դրական արդյունք, հայտ է ներկայացնում՝ հավատարմագիր ստանալու համար: «Սակայն կադրերի պատրաստման որակը միայն այդ 60 տոկոսով չէ, որ պիտի քննարկենք,-ընդգծում է պրն Փոլադյանը,- անհրաժեշտ է նաեւ նայել գնահատականների որակական կազմը, որը կարգի մեջ, ցավոք, արտացոլված չէ, եւ մի բան էլ պետք է ընդգծել, որ առանձին հաստատությունների առանձին մասնագիտությունների գծով գորշ միջակությունը զգացնել է տալիս իրեն: Կադրերի պատրաստման որակի խնդիրը պետք է ի սկզբանե դրվեր՝ կրթության ու տվյալ հաստատության գործունեության պայմանների հնարավոր ամբողջական բավարարվածության ու ապահովվածության տեսանկյունով»: Հիշենք, որ անցյալ տարի ատեստավորումը նույնացվել էր տվյալ բուհի ավարտական քննությունների հետ, սակայն տվյալ բուհի ավարտական քննություններն անցկացվում են գործող կարգերով, նրանց գործունեության թույլտվությունը տրվել է այդ կարգի պահանջներին համապատասխան եւ նաեւ՝ ուսումնական պլանով: Այդ նույնացումը բերել է բավական բացասական հետեւանքներ. մոլորության մեջ են գցվել ուսանողները: Նրանց թվացել է՝ եթե հանձնում ես ամփոփիչ ատեստավորում, պետական նմուշի դիպլոմ պիտի ստանաս: Եթե անցյալ տարի տվյալ հաստատությունը որոշել էր, որ հավատարմագրման նպատակով անցկացվող ամփոփիչ ատեստավորման արդյունքները հիմք կարող են դառնալ իրենց ավարտական քննությունների համար, հիմա պետությունն է փորձում ստուգել կադրերի պատրաստման որակը: Այս տարբերակման պարագայում մշակվել է նաեւ կարգը: «Այսօր հավատարմագրումը մենք իրականացնում ենք նաեւ, ցավոք, օրենքի պահանջներին չհետեւելով, որովհետեւ պետական հավատարմագրումը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստման որակի ստուգումն է, իսկ թե ինչքանով է դա համապատասխանում, մենք այդ ստանդարտները չունենք, չափորոշիչներ չկան, բայց շուկայական հարաբերությունների կույր ու ագրեսիվ մուտքը ստեղծեց մի վիճակ, որով պարտադրվեց կրթության կազմակերպման օղակներին՝ ընկրկել այդ հորձանքի առջեւ եւ տեղի տալ: Ինչեւէ, արգելելով չէ, որ խնդիրը պիտի կարողանանք լուծել… Նկատի ունենալով, որ այդ ուսումնական հաստատությունները մեղավոր չեն պատասխանատու մարմինների այս գործելակերպի համար, առաջարկվեց գոնե 2-րդ փուլին հասած հաստատությունների համար խնդիրը դնել, դրանից հետո մինչեւ չլինեն կրթական չափորոշիչներ, այս խնդրին չանդրադառնալ»,- ասում է Ռոբերտ Փոլադյանը: Առ այսօր անցկացվել է 43 քննություն՝ տարբեր առարկաներից, եւ ունենք 2002թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ընթացիկ արդյունքների հետեւյալ պատկերը. Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի Երեւանի մասնաճյուղ- քննություններին մասնակցած 27 հոգուց 6-ն անբավարար է ստացել, որակական արդյունքը, այսինքն՝ «4» եւ «5»-երի թիվը՝ 11։ Երեւանի «Մենեջմենթի» համալսարան-29-ից 15-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 5։ Երեւանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան- 58-ից 5-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 34։ Երեւանի «Հյուսիսային համալսարան»-14-ի որակական արդյունքը 13 է։ Ս. Թերեզյանի անվան Գթության քույրերի ինստիտուտ-33-ից 20-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 1։ Երեւանի «Գրիգոր Զոհրապ» համալսարան-55-ից 14-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 18։ Կիրառական բիոտեխնոլոգիաների ինստիտուտ- 41-ից 7-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 21։ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարան-22-ից 12-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 1։ Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ-42-ից 4-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 16։ Երեւանի «Հայբուսակ» ինստիտուտ-36 մասնակիցների որակական արդյունքը 28 է։ Երեւանի «Մեսրոպ Մաշտոց» համալսարան-35-ից 7-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 12։ Երեւանի «Մովսես Խորենացի» համալսարան-36-ից 2-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 15։ Հրազդանի հումանիտար ինստիտուտ-69-ից 20-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 21։ Երեւանի «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարան-77-ից 7-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 49։ Երեւանի «Լ. Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան»-8 մասնակիցների որակական արդյունքը 6 է։ Երեւանի Ավանդական բժշկության ինստիտուտ-8-ի որակական արդյունքը 4 է։ Երեւանի Գործնական հոգեբանության «Ուրարտու» համալսարան-19-ից 4-ը՝ անբավարար, որակական արդյունքը՝ 10: Ի դեպ, սեպտեմբերից լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացներ են սկսվելու նաեւ պետական հաստատություններում՝ առաջին հերթին բուհերում, այնուհետեւ՝ հանրակրթական դպրոցներում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031