Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժեն նախարարությունները

Հուլիս 03,2002 00:00

Ի՞նչ արժեն նախարարությունները ՀՀ կրթության եւ գիտության, առողջապահության եւ մշակույթի նախարարությունները միասին վերցրած արժեն 2 մլն 180 հազար դոլար։ Սա բարեբախտաբար այդ նախարարությունների ֆունկցիոնալ արժեքը չէ: Իր գործունեության առումով նրանցից յուրաքանչյուրն անգին է։ Հայաստանի «անկախ» գնահատողները՝ գնահատողների միությունը, «Տիգրիս» ընկերությունը, անշարժ գույքի բորսան եւ այլն, կադաստրի պետական կոմիտեի հանձնարարությամբ այդ նախարարությունների շենքերն առանձին-առանձին գնահատել են հետեւյալ կերպ. կրթության եւ գիտության նախարարություն՝ 2600 քմ՝ 750 հազ. դոլար, մշակույթի՝ 2900 քմ՝ 540 հազ. դոլար, առողջապահության՝ 5400 քմ՝ 896 հազ. դոլար։ Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մեջլումյանի հավաստմամբ, գնահատողների կողմից շենքերի գնի իջեցումը ի սկզբանե բացառվում էր, քանզի, իբր նրանք տեղյակ չեն եղել, թե ինչի համար է այդ քայլն արվում։ Եվ մեկ էլ՝ գնահատման սկզբունքներն այդօրինակ ընթացքը չեզոքացնում են։ Իսկ սկզբունքները երկուսն են՝ ծախսային, եթե այդ տարածքում նոր շենք կառուցվի՝ ի՞նչ կարժենա եւ կապիտալիզացիա, եթե շենքի 90%-ը վարձակալության տրվի շուկայական գներով՝ ի՞նչ եկամուտ կբերի։ Իսկ թե ինչի համար այդ շենքերը վաճառվեցին. «Երկու անավարտ շինարարական օբյեկտներ կան՝ Կորյուն-Տերյանի անկյունում, ճարտարագիտական համալսարանի հարեւանությամբ եւ կառավարական 3-րդ շենքի հարեւանությամբ գտնվող»։ Կառավարությունն, ի դեմս պետական գույքի կառավարման նախարարության, պարտավորություն է վերցնում դրանք ավարտին հասցնելու։ Եվ, ըստ փոխնախարար Մեջլումյանի, քանի որ, այսպես ասած, նշված օբյեկտներին «գին» տվող չի եղել (կառավարականի հարեւանությամբ գտնվողին 100-200 հազար դոլար են առաջարկել, իբր), ուստի նախարարությունը՝ կառավարության անմիջական հսկողությամբ, սրտաճաք անցել է այդ օբյեկտներին «փրկելու» գործին։ Այ, դրա արդյունքում էլ վերոնշված նախարարությունների շենքերն օտարելու որոշում կայացվեց։ Առաջիկայում եւս 4 նախարարությունների օտարման մասին կտեղեկանան մեր հասարակական զանգվածները՝ բնապահպանության, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ սոցիալական ապահովության։ Մի փոքրիկ դետալ է մնում ճշտել՝ հատկապես որ անավարտ օբյեկտներին պետք է կոչվեն փրկելու այդ նախարարությունների շենքերը։ Իսկ արդեն փրկչի առաքելություն ստանձնած նախարարությունները կտեղակայվեն իրենց իսկ փրկած՝ կառավարության հարեւանությամբ գտնվող անավարտ օբյեկտում, որն, ըստ փոխնախարարի, 1-1,5 տարի հետո պատրաստ կլինի։ Գնորդ ընկերությունը, «Միջազգային բիզնես կենտրոնը», պատրաստ է շինարարության համար պահանջվող 1,8 մլն դոլարը փոխանցել։ Իսկ բուն «փրկիչները»՝ շենքերը, ըստ փոխնախարարի, իրենց արտաքինը եւ բնույթը չեն փոխի։ Դրանք կծառայեն իբրեւ ուսումնական, բիզնես եւ ինժեներական տեխնոլոգիաների կենտրոններ։ Ինչ վերաբերում է գնորդ ընկերության տերերին, ըստ փոխնախարարի, նրանք «Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին քաջածանոթ ընկերներ են, նախկին «Ավիահամալիր» ընկերությունում աշխատած»։ Այդ «ընկերները» ռուսական «կողմնորոշում» ունեցող մարդիկ են, իսկ կենտրոնը Հայաստանում է գրանցված եւ գործում։ Դա նույն «Ալմաստ», «Արագած», «Արաքս» ՓԲԸ-ների գնորդն է։ Ինչ վերաբերում է «Հայմամուլի» մասնավորեցման երկրորդ փուլին, ապա մամուլի տարածման գործակալությունը իր հավելյալ կառույցով (Մամուլի տուն) եւ կրպակներով՝ գնահատման փուլում է։ 2-3 շաբաթից միջգերատեսչական հանձնաժողովը մասնավորեցման ձեւի մասին վերջնական որոշում կկայացնի։ Իսկ առաջին փուլում, Երեւանում գտնվող 171 կրպակից 51-ը վաճառվել է կրպակավարներին, որից գոյացած գումարով «Հայմամուլի» պարտքը ԶԼՄ-ներին, համամասնորեն, մարվել է։ Սրանք պետական գույքի կառավարման փոխնախարարի հավաստիացումներն են։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել