ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԸ ՄԻԱՅՆ ԱՂՔԱՏՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ Է Ծանոթուհիս՝ տիկին Ծաղիկը, հաշմանդամ որդի ունի եւ իբրեւ անապահով ընտանիք, վերջին տասը տարիներին մշտապես աղքատության նպաստ է ստացել՝ 8000 դրամ: Տիկին Ծաղիկն ասում է, որ 8000 դրամը մեծ օգնություն էր, դրանով մի պարկ ալյուր էր գնում, որն իր ընտանիքին բավականացնում էր մեկ ամիս: Նրա ասելով, 10 տարի ընտանիքն ապրել է որդուն՝ իբրեւ հաշմանդամի տրվող նպաստով, սակայն այդ գումարով երբեք չի հաջողվել դպրոցահասակ որդուն մի զույգ կոշիկ գնել: 2002-ին նրա ընտանիքը նույնպես չի ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից հատկացվող աղքատության ընտանեկան նպաստների ցուցակում: Նա ասում է, որ չնայած հաշմանդամ որդին հնարավորինս օգնում է ամուսնուն՝ սարերից բանջարեղեն ու փայտ են բերում վաճառում, սակայն, միեւնույն է, խանութին մշտապես 10-15 հազար դրամ պարտք ունի, հիմնականում ալյուրի դիմաց, որը չի կարողանում մարել: Նա մշտապես դժգոհում է, որ իր նկատմամբ անարդարացի որոշում են կայացրել՝ զրկելով նպաստից. անտեսվել է որդու հաշմանդամության փաստը եւ իր ընտանիքը հայտնվել է դժվարին վիճակում: Իրեն չի հաջողվում ընտանիքների կարիքավորությունն ուսումնասիրող սոցիալական ծառայության աշխատակցին իր տուն հրավիրել՝ մերժում է: Փոխարենը, նրա ասելով, նպաստ են ստանում անհամեմատ ավելի ապահովվածները: Այնքան էլ վստահ չէ, թե ովքեր են նրանք, քանի որ նպաստառուների ցուցակը չի հրապարակվում, բայց նշում է իր իմացած անուններն ու թվարկում նրանց ինչքը: Սոցիալական ծառայությունների վարչության պետ Սոնա Հարությունյանն այնքան էլ համամիտ չէ քաղաքացիների նման բնորոշումներին. «յուրաքանչյուրին թվում է, թե ամենաանապահովն ինքն է»: Այնուամենայնիվ, դժգոհություններն անբնական չի համարում: Հայտնեց, որ 1999թ., երբ հանրապետությունում պաշտոնապես աղքատ էր հայտարարված բնակչության 54%-ը, ՀՀ կառավարությունը նպաստների համակարգին հատկացրել էր 21 մլդ դրամ, եւ 280 հազար ընտանիք նպաստ էր ստանում: 2002թ., երբ աղքատների թիվն ավելի է մեծացել եւ հանրապետությունում պաշտոնապես աղքատ է հայտարարված բնակչության 55%-ը՝ կառավարությունը նպաստների համակարգին հատկացրել է 12,5 մլրդ դրամ եւ ներկայումս նպաստ է ստանում 156 հազար ընտանիք: Աղքատության ընտանեկան նպաստի ցուցակում չընդգրկված 124 հազար ընտանիքները պոտենցիալ բողոքարկողներ են: Վարչության պետը կառավարության այս քաղաքականությանը՝ նպաստներին տրամադրվող գումարը կիսով չափ կրճատելուն, իր բացատրությունը չունի, բայց ասում է, որ վիճակը փորձում են մեղմել այլ ճանապարհով: Եվս 15 հազար ընտանիք միանվագ օգնություն է ստանում, որը նշանակում է՝ նրանց 3 ամիս անընդմեջ 4000 դրամ է տրվում: Բացի այդ, աղքատությունը մեղմելու հարցում իրենց աջակցում են միջազգային կազմակերպությունները: Տիկին Հարությունյանը հայտնեց, որ նպաստների համակարգն այս տարի բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, եւ ներկայիս գործող տարբերակը լավագույնն է, քանի որ առավելությունը տրվել է անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին: Ամենացածր նպաստի չափը ընտանիքին 4000 դրամ է, իսկ եթե ընտանիքում երեխա կա, դրան ավելանում է եւս 1500 դրամ յուրաքանչյուր երեխային: Համաձայն է, որ 1500 դրամը չնչին գումար է մեկ շնչի հաշվով: Հատկապես, երբ ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքացիների 86%-ը նպաստի գումարը ծախսում է սննդի վրա եւ 14%-ը էներգիայի վարձ է վճարում: Նա նույնպես գտնում է, որ եթե աղքատների թիվը պակասի՝ մյուսներին տրվող նպաստի չափը կարող է ավելանալ: Սակայն կրճատումներն, ըստ նրա, պետք է տեղի ունենան տնտեսական զարգացման ճանապարհով, ոչ թե արհեստականորեն՝ նրանց ցուցակներից դուրս մղելու հաշվին: Նա համաձայն չէ այն տեսակետներին, որ նպաստառուների ցուցակում հայտնվել են նաեւ ոչ աղքատներ: Վարչության պետը վստահեցրեց, որ իրենք ապահովել են հասարակական վերահսկողությունը: Նպաստառուների մարտ-մայիս ամիսների ցուցակները փակցվել են բոլոր համայնքների տեսանելի վայրերում եւ քաղաքացիներից բողոքներ չունեն, թե որեւէ մեկին անարդարացի են ընդգրկել նպաստների ցուցակում: Սակայն նույն նախարարության սոցիալական ծառայությունների նպաստների բաժնի պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սոցապ նախարարի այս հրահանգը, որ պետք է գործեր ներքին պայմանավորվածությամբ, գոնե գյուղական վայրերում չի իրականացվել: Պատճառը նրանց ասելով այն է, որ դեռեւս որոշված չէ, թե ցուցակները փակցնելու պատասխանատվությունն ում վրա պետք է դրվի, քանի որ մտավախություն ունեին, որ հնարավոր է մի քանի ամսից չկարողանան իրականացնել: Ինչ վերաբերում է քաղաքացիների տեղեկացվածությանը, նախարարությունում վստահեցնում են, որ կա բնակչության մի որոշ զանգված, որը լավագույնս տիրապետում է բողոքարկման, նպաստի ցուցակում ընդգրկվելու մեխանիզմին եւ այլն: Նախարարության ընդունարանի ղեկավար Արտաշես Ավետիսյանը հայտնեց, որ քաղաքացիների ընդունելություն ունեն շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին եւ օրական մոտ 50 մարդ են ընդունում, որոնց գերակշռող մեծամասնությունը դիմում է դրամական օգնություն ստանալու համար եւ դժգոհում նպաստների համակարգից դուրս մնալուց: Ամեն չորեքշաբթի քաղաքացիներին ընդունում են նախարարը կամ փոխնախարարը: Նախարարության աշխատակիցներին զարմացնում է այն, որ բնակչությունը առնվազն երեք օղակ բաց թողնելով՝ սպասարկող տեսուչ, տնօրեն, քաղաքապետարան, միանգամից նախարարին է դիմում: Դա բացատրում են ոչ միայն նրանց չիմացությամբ, այլեւ ստորին օղակների նկատմամբ անվստահությամբ: ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից հայտնեցին, որ հանձնաժողովին հասցեագրած նամակների 30%-ը բաժին է ընկնում սոցիալական հարցերին: Դրանց 2%-ի համար հանձնաժողովը հսկողական նամակ է ուղարկում նախարարություն: Նախարարությունում ասում են, որ հսկողական կամ սովորական նամակի միջեւ ոչ մի տարբերություն չկա, երկու դեպքում էլ իրենք ստուգում են համակարգչային տվյալները: Մեր հանրապետությունում սոցիալական համակարգի բարեփոխումներ իրականացնող PADCO-ի տվյալների համաձայն, ընտանիքների 95%-ը լավատեղյակ է աղքատության ընտանեկան նպաստների ծրագրից: Սակայն, ընդամենը 21%-ն է տեղյակ բողոքարկման կարգի մասին: Հատկապես գյուղական վայրերում բնակվող ընտանիքները նշել են, որ ԱՆԸ-ի համար դիմելու կարգի եւ դրա ստացման իրավունքի վերաբերյալ տեղեկատվությունն անհասանելի է, ոչ ճշգրիտ, հնացած կամ սխալ: Աղքատության ընտանեկան նպաստների համար դիմելու հետ կապված խնդիրներ են նշել ոչ թափանցիկությունը, տեղեկատվության ստացման հետ կապված դժվարությունները, գրանցման ընթացքում թույլ տրվող սխալները, տեսուչների կոպիտ եւ անհարիր վերաբերմունքը, կաշառակերությունը: Քչերը գիտեն, թե ուր կարող են դիմել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Նպաստի ստացման իրավունքի վերաբերյալ իրազեկության բացակայության պատճառով շատ ընտանիքներ մերժվում են: Բոլորի ասածն էլ ի վերջո բերում է նրան, որ բնակչության իմացած դժգոհության արտահայտման միակ քաղաքակիրթ տարբերակը դիմում-բողոքներն են, որպեսզի ընդգրկվեն նպաստների համակարգում: Նրանք, ովքեր տեղյակ չեն, որ սոցիալական ծառայության աշխատակցի գործողությունները վերադասին բողոքարկելու իրավունք ունեն, դժգոհության արտահայտման ձեւ են համարում նաեւ տեսուչի թեւը կոտրելը: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Նյութն ամբողջությամբ կարդացեք WWW.hetq.am էջում։