Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ»-2

Հուլիս 03,2002 00:00

«ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ»-2 Կառավարությունը երկու ոտքը մի ոտնամանի մեջ դրած շարունակում է անմիջական միջամտություն ունենալ օրենսդիր մարմնի կանոնակարգում փոփոխություններ կատարելու գործընթացին։ Անցած արտահերթի ժամանակ վերոհիշյալ հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ առաջիկա արտահերթ եւ ԱԺ խոսափողից մի քանի անգամ հնչեց, որ պատգամավորներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել մինչեւ երեքշաբթի (երեկ այդ օրն էր) ժամը 12-ը։ Սակայն կառավարությունը եւ խորհրդարանի իշխանական թեւը, փաստորեն շրջանցելով խորհրդարանական մյուս քաղաքական ուժերին, նաեւ գլխադասային՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, երկուշաբթի օրն իսկ իրենք իրենցով հավաքվել են, կազմել են օրենքի իրենց նախագիծը եւ երեկ ներկայացրին գլխադասային հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Կառավարության հետ «ընդհատակյա» աշխատել են ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», ՀՀԿ-ն, ՍԻՄ-ը եւ «Ժողպատգամավոր» խումբը։ Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով այս մասին, չվարանեց ասել, թե վերոհիշյալ նախագիծը կառավարության եւ խորհրդարանի համատեղ նախագիծն է։ Հասկանալի է, որ խորհրդարանական մյուս ուժերը կտրականապես դեմ էին սրան։ «Օրինաց երկիր» խմբակցության պահվածքը եւս որոշ հարցեր առաջադրեց։ Արծրունի Աղաջանյանը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ թեպետ «ՕԵ»-ն մասնակցել է քննարկումներին, սակայն չի ստորագրել օրինագծի տակ։ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան «ՕԵ»-ի այս հայտարարության, մեզ հետ հարցազրույցում ասաց, որ ստորագրության հարց չի. «Դա քաղաքական պայմանավորվածություն է, իսկ քաղաքական պայմանավորվածություն եղել է։ Քննարկմանը մասնակցել են. «Միասնությունից»՝ ես, Դաշնակցությունից՝ Աղվան Վարդանյանը, ՍԻՄ-ից՝ Հրանտ Խաչատրյանը եւ Հայկ Բաբուխանյանը, «ՕԵ»-ից՝ Արթուր Բաղդասարյանը, «Ժողպատգամավորից»՝ Կարեն Կարապետյանը։ Հիմնականում նրանք, ովքեր առաջարկություններ են արել»։ Մեր թեթեւ լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ քննարկմանը չեն հրավիրվել մյուս քաղաքական ուժերն ու ներկայացուցիչները, ինչպես օրինակ՝ ՀԿԿ խմբակցությունը, գլխադասային հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը, պատգամավոր Մանուկ Գասպարյանը, Ֆիլարետ Բերիկյանը եւ մյուսները, որոնք, ի դեպ, եւս բանավոր կամ գրավոր առաջարկություններ էին արել։ Գալուստ Սահակյանը շարունակում էր պնդել, թե օրինագիծը գրվել եւ քննարկվել է քաղաքական ուժերի հետ համատեղ՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Սակայն այս օրինագիծը չի կարող կոչվել համատեղ. «Ասե՞մ՝ ինչու, որովհետեւ, եթե համատեղ է, ուրեմն նախաձեռնությունը պետք է շրջանառության մեջ լինի, դրա տակ պետք է պատգամավորներ ստորագրած լինեն»,- բացատրեց Վիկտոր Դալլաքյանը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւս երեկ ներկայացրեց մի օրինագիծ, որի տակ բառացիորեն մի քանի րոպեում 14 պատգամավոր միանգամից ստորագրեց, եւ որը, ըստ էության, կարելի է կոչել՝ փոփոխությունների խորհրդարանական տարբերակ։ Եթե այսօր ստորագրությունների թիվը մեծանա (իսկ որ կմեծանա՝ անկասկած), կառավարության ներկայացուցիչ փոխնախարար Մուկուչյանը պարզապես չի կարող նաեւ այդ օրինագծի մասին հայտարարություն չանել։ Փոքրամասնություն-ընդդիմությունն այսօր բավականին գործ կունենա անելու, թեկուզ՝ քվորումի տապալման կամ այլ՝ խորհրդարանական խորամանկությունների մակարդակի։ Վիկտոր Դալլաքյանը կրկնեց, որ առաջարկությունները հանձնաժողովին պետք է տրվեին մինչեւ երեկ ժամը 12-ը։ Իսկ մինչ այդ ժամը առաջարկություններ են ներկայացրել Կոմկուսի խմբակցությունը, պատգամավոր Դավիթ Հովհաննեսը, Ֆիլարետ Բերիկյանն ու Վիկտոր Դալլաքյանը։ Մյուս քաղաքական ուժերը առաջարկներ չեն ներկայացրել, այդ թվում՝ նաեւ «ՕԵ»-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Ժողպատգամավորը» եւ ՍԻՄ-ը։ Ընդունենք, որ սա պարտադիր էլ չէր. կարելի էր առաջարկություններն ուղղակի կառավարությանը ներկայացնել։ Բայց որ քննարկումները, առավել եւս՝ համատեղ օրինագիծ ստեղծելու նպատակ ունեցողները, պարզապես իրավունք չունեին չլսել բոլոր կողմերին, դա՝ անկասկած։ Հավելենք, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր օրինագծում, ըստ էության, միայն կոսմետիկ փոփոխություններ են կատարվել։ Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ կետից դարձյալ առաջարկվում է հանել «գաղտնի քվեարկությամբ» բառերը, նաեւ՝ օրենքի 96 հոդվածի 2-րդ կետից եւ 107 հոդվածի 5-րդ կետից։ Պահպանվել է նաեւ «կարգազանց պատգամավոր» արտահայտությունը եւ դրան առնչվող հիմնական կետերը։ Որպես փոփոխություն՝ 15 օրվա փոխարեն պատգամավորին արգելվում է հայտնվել ԱԺ նստավայրում 6 օր։ Ավելացված է՝ «բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում»։ Այսօր խորհրդարանում կրկին արտահերթ է։ Քաղաքական մեծամասնությունը մտադիր է օրինագիծն ամեն գնով պլստացնել առաջին ընթերցմամբ։ Ընդդիմությունը հակադիր քայլերի պատրա՞ստ է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031