Երթուղին նույնն է Ժամանակները փոխվում են, ամեն ինչ նորանում է, բայց զբոսաշրջության ծրագիրը Հայաստանում մնում է անփոփոխ։ Գառնի-Գեղարդ-Էջմիածին, շատ-շատ էլ՝ Սարդարապատ. տուրիստական ծրագիրը մեր երկրի համար դարձել է դասական։ Արտերկրի զբոսաշրջիկների համար նախատեսված տպագիր, էլեկտրոնային, տեսաժապավենային բոլոր նյութերում, ինչպես էլ պտտվեն, նույն ուղեծիրն է՝ նույն կանգառներով։ Անգամ տուրիզմի նոր զարգացող ճյուղերն էլ չեն կարողանում շրջանցել ավանդական վայրերը, ներկայանալ միայն իրենց ոլորտին առնչվող «ունեցվածքով», ինչի հնարավորությունը մեր երկրում կա։ Այսպիսով, Գառնին ու Գեղարդը մնում են ոչ միայն պատմամշակութային, այլեւ սպորտային, գյուղական, բնապահպանական եւ այլ տուրիստական այցելությունների անփոփոխ մասը։ Երբ այս մասին փորձեցինք խոսել էկոտուրիստական մի նոր միջոցառման կազմակերպիչների հետ, ասացին, որ այլ, առավել թարմ վայրեր «գրավելու» համար «տերերը» մեծ գումարներ են ուզում։ Որպես օրինակ նշվեց «Ճայերի կղզին» ու Աշոտ Երկաթի բերդը (ի դեպ, նման վայրերը շատ են)։ Օրինակներից առաջինի «տերը» բնապահպանության նախարարությունն է, որը հերքեց ասվածը, պնդելով, որ անհրաժեշտ է միայն գրավոր խնդրանք՝ նախարարի անունով։ Երկրորդի համար հարցում արեցինք Հուշարձանների պահպանության վարչություն, որի պատասխանը հետեւյալն էր. «Եթե հուշարձանը թանգարան է, ապա վճարվում է միայն տոմսի արժեքը, չկա թանգարան, վճարում էլ չկա»։ Այնպես որ, արդարացում էլ չկա եւ կարելի է գոնե էկոտուրիստական արշավների մեջ ներառել, օրինակ, Եղեգնաձորի Մագիլի քարանձավը, ուր բնակվում են չղջիկի հազվագյուտ տեսակներ եւ ուր առայսօր մարդու ոտքը չի մտել ու անցել մինչեւ վերջ։ Այս եւ այլ թերություններով հանդերձ, հերթական էկոտուրիստական արշավ-մրցույթը բավականին ուշագրավ երեւույթ է։ Այն կազմակերպել է «Հայաստանի սպորտ եւ բնություն» ասոցիացիան, որի նախագահը Ֆրանսիայից է՝ Կլոդ Աբիտբոլը։ Չորսօրյա արշավի ընթացքում մասնակիցները կանցնեն 160 կմ ճանապարհ (Վանաձորից Գառնի) հեծանիվով, նավակներով, ձիերով, վերջին հատվածը՝ ոտքով։ Միջոցառմանը մասնակցում են 9 թիմ Ֆրանսիայից եւ 11 թիմ Հայաստանից։ Վերջիններս կազմավորվել են ե՛ւ հովանավոր ընկերություններից, ե՛ւ հաշմանդամների ու անապահովների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններից։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ