Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՐՋ ՕՐՎԵԼԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ՎԵՊԸ ԵՎ ՄԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԴԱՇՏԸ

Հուլիս 02,2002 00:00

ՋՈՐՋ ՕՐՎԵԼԼԻ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» ՎԵՊԸ ԵՎ ՄԵՐ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԴԱՇՏԸ Պատկերացնենք մեզ «Ա1+»֊ի ուղիղ եթերում Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր օրաթերթի սույն թվականի հունիսի 27-ի համարում զարմանքով կարդացի «Գողանալը հիմի դու տես» խորագրով հրապարակումը, որում հեղինակը «դեղին» լրագրությանը հատուկ ոճով փորձում է մեկնաբանել իմ ասածներն ու չասածները։ Ես տարբեր ամբիոններից քանիցս ասել եմ, որ իմ գրավոր կամ բանավոր խոսքում չեմ անդրադառնում անձերի, չեմ քննադատում առանձին մարդկանց, այլ խոսում եմ երեւույթների՝ հասարակական բարքերի մասին։ Դա եմ համարում քաղաքագետ֊վերլուծաբանի առաքելությունը՝ ընդհանրացումների միջոցով բացահայտել հասարակական երեւույթների իմաստը։ Այլ հարց է, որ այդ ընդհանրացումները հասարակության ուշադրությանն եմ ներկայացնում այս կամ այն առիթներով, օրինակ, այս կամ այն լրագրողի ինչ-որ հարցադրումների առնչությամբ։ Որպեսզի լրագրողը կարողանա հստակ տարանջատել իմ ասածի երեւութային իմաստը, իր հարցի՝ ինձ համար խորթ եւ երբեմն նույնիսկ զազրելի «խորոված» ենթատեքստից, որպեսզի կարողանա ձերբազատվել իմ ասածները «դեղին» լրագրության հնարքների միջոցով անձնական հարաբերությունների հարթություն տեղափոխելու գայթակղությունից, որպեսզի ավելի ցցուն ընդգծվի իմ ասածի համամարդկային ընդհանրական իմաստը, օգտվում եմ համաշխարհային գեղարվեստական եւ փիլիսոփայական գրականության շտեմարանից։ Ցավալի է, որ այդ շտեմարանի նույնիսկ ամենահանրահայտ գանձերին ծանոթ չեն մեր լրագրողները։ Այլապես համեստաբարո հայ քաղաքագետներից մեկին խավարամտորեն չէր վերագրի «Անասնաֆերմա» հանրաճանաչ վեպի հեղինակ՝ անգլիացի մեծ հրապարակախոս Ջորջ Օրվելլի դափնիները, անելով ամպագոռգոռ հայտարարություն. «Քաղաքագիտության մեջ անասնագողությունը խիստ բացառիկ հասկացողություն է»։ Ձեր լրագրողը, բացելով ժամանակակից ցանկացած հասարակագիտական բառարան կամ տեղեկագիրք եւ այնտեղ գտնելով Օրվելլ (ռուսերեն՝ ԿՐցֆսս) ազգանունը, կարող է հայտնաբերել բազմաթիվ արձանագրություններ առ այն, որ «անասունների ֆերմա» Օրվելլի համանուն վեպից վերցված փոխաբերությունը լայնորեն օգտագործվում է ժամանակակից եվրոպական եւ ամերիկյան քաղաքագիտական, սոցիոլոգիական գրականության, ինչպես նաեւ քաղաքական հրապարակախոսության մեջ։ Մյուս կողմից, ազատամտության արժեքներ դավանող յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական նախասիրություններից, կհաստատի, որ եթե դու, վկայակոչելով համաշխարհային հոգեւոր մշակույթի անկապտելի մասը հանդիսացող Օրվելլի վեպի «անասնաֆերմա» փոխաբերական կերպարի իմաստը, զուգահեռ ես անցկացնում այդ կերպարի եւ մեր խորհրդարանում ընդունված բարքերի միջեւ, ամենեւին էլ նպատակ չունես վիրավորելու կոնկրետ մարդկանց։ Մանավանդ, եթե դու չես թեմայի արծարծողը, այլ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողը, որի հարցը իր մեջ որոշակի կոնկրետ որակավորում էր պարունակում. «Դուք դատի՞ եք տալու Արթուր Բաղդասարյանին անասնագողության համար»։ Ի՞նչ պետք է պատասխանես, եթե հենց նոր ես վերադարձել գործուղումից եւ ոչ միայն չգիտես մանրամասներն, այլ համաձայն քո սկզբունքի՝ չանձնավորելու հարցերը, իրավունք չունես լրագրողին հարցուփորձ անելով, անձնական «ռազբորկեքի» դաշտ ներքաշվել։ Ուրեմն պետք է փորձես, այդ «դեղին» դաշտից լրագրողին հեռացնելով, տեղափոխել նրան այլ դաշտ, ինչի լավագույն ձեւը նրան մեծերի խոսքին հաղորդակից դարձնելն է։ Իսկ քանի որ հարցն իր մեջ պարունակում էր «անասնագողության» մասին պնդումը, այդ մեծի դերում կարող էր հանդիսանալ Օրվելլը՝ իր անմահ երգիծաբանական վեպով։ Ուստի ես պատասխանեցի, որ դեռ Օրվելլն է իր վեպում ցույց տվել, որ անասնագողությունը քաղաքականության մեջ այնքան տարածված երեւույթ է, որ եթե փորձենք այդ հարցում հետեւել Պանիկովսկուն սագագողության համար դատափետելու Օստապ Բենդերի օրինակին, ստիպված կլինենք մեր քաղաքական դաշտի «ամենառեյտինգային» դեմքերի հետ մեկընդմիշտ փչացնել հարաբերությունները։ Ընդ որում, սա ասվեց լրագրող Ավետիս Բաբաջանյանին՝ ի պատասխան նրա՝ հեռախոսով տրված վերոնշյալ հարցի, ասվեց ոչ թե տպագրության համար, այլ որպես երգիծական հարցին տրված երգիծական պատասխան։ Այո, ես լրագրողի հարցում կոնկրետ հասցեատեր տեսնելուց հրաժարվեցի։ Այդ իսկ պատճառով շտապում եմ հանգստացնել այն տաքարյուններին, ովքեր գոյություն չունեցող կոնկրետ հասցեատիրոջ պարտավորությունները ստանձնելով, կուրծք ծեծելով, փրփուրը բերաններին այսօր ինձանից պատիվ են պահանջում. սիրելիներս, մի կրկնեք հանրաճանաչ այն պատգամավորի սխալը, որը ինձ համար մինչեւ հիմա անհայտ պատճառներով մեկուկես տարի առաջ որոշեց ստանձնել Միխայիլ Բուլգակովի հայտնի հերոս՝ Շարիկովի անունից ինձ դատապարտելու առաքելությունը եւ… հասավ նրան, որ մականունավորների թիվը խորհրդարանում ավելացավ եւս մեկով։ Որեւէ մեկին այդ վտանգավոր ճանապարհով գնալու գայթակղությունից ազատելու նպատակով, այսօր էլ եմ հրաժարվում անձնավորված իմաստ հաղորդել իմ այս մտորումներին։ Կրկնում եմ՝ ինձ համար հարցերի անձնավորումը, անձնական հարաբերությունների մակարդակ տեղափոխելը ոչ միայն խորթ են, այլ նողկալի։ Մի՞թե այս կամ այն կուսակցապետի կողմից ինչ-որ նոր արոտավայրերի յուրացումը կարող է դիտվել ավելի հետաքրքիր եւ քննարկման արժանի, քան Օրվելլի վեպի հավերժական իմաստը։ Ուրեմն խորամուխ լինենք եւ մինչեւ վերջ ընկալենք մեծ անգլիացու՝ սերունդներին ուղղված խորհուրդը, քաղաքական դաշտը անասնաֆերմայի կանոններով ուղղորդողները միայն կարող են պարտադրել մարդկանց «որտեղ հաց, այնտեղ կաց» քաղքենիական «սկզբունքը»։ «Լավ ապրող» եւ իրենց ենթականերին «լավ ապրացնող» կուսակցապետերի ձեռքի տակ են ծնվում նորանոր «անասնաֆերմաներ», որոնք դառնում են մայր «անասնաֆերմայի»՝ մեր այսօրվա հասարակական172քաղաքական համակարգի հենարանները։ «Որտեղ հաց, այնտեղ կաց» տխրահռչակ «սկզբունքի» կիրառմամբ էր պայմանավորված անցած գումարման Ազգային ժողովում համատարած «առնետավազքի» նողկալի երեւույթը։ Այդ նույն «սկզբունքի» կիրառմամբ են պայմանավորված բոլոր տեղաշարժերը այսօրվա քաղաքական դաշտում (իմիջիայլոց, լեզվամտածողության հարցերով զբաղվող մասնագետներին առաջարկում եմ խորամուխ լինել՝ պարզելու համար, թե ինչո՞ւ հայերենում արմատավորվեց «քաղաքական դաշտ» տերմինը, իսկ, օրինակ, ռուսերենում երբեք չեն ասում «տՏսՌՑՌփպրՍՏպ տՏսպ»)։ «Առնետավազքի» հայտնի «հերոսների» (օ, ժամանակնե՛ր, օ, բարքե՛ր) ակտիվ մասնակցությամբ եւ դիրիժորությամբ է այսօրվա Ազգային ժողովը վերածվել Օրվելլի վեպի փոխաբերական կերպարի նյութականացված նմանակին։ Ես սա ասում եմ ցավով՝ նպատակ չունենալով վիրավորել եւ ոչ մեկին, եւ ոչ մի պատգամավորի։ Դեռ հին հույներն են հայտնագործել, որ ընդհանրությունը հավասար չէ իր բաղադրիչների մեխանիկական հանրագումարին։ Եվ յուրաքանչյուր անհատ հանդիսանում է տիրող բարքերի ոչ թե հեղինակի, այլ զոհի դերում։ Որովհետեւ այդ բարքերը արդեն այնպես են արմատավորվել հասարակության մեջ, որ միայն համազգային պոռթկման միջոցով հնարավոր է դուրս պրծնել համատարած խավարամտության, ստորության եւ մորթապաշտության «կախարդված շրջանակից»։ Այս խորհրդարանը պետք է արձակվեր դեռ երկու տարի առաջ, եւ ես այն ժամանակ հրապարակավ պնդում էի խորհրդարանի ինքնալուծարման անհրաժեշտությունը։ Քանի որ այս տեսակետը չընդունվեց, հույս ունեի ներքին վերադասավորումների, նոր միավորի ստեղծման միջոցով թեկուզ փոքր դրական տեղաշարժեր հաղորդել խորհրդարանական ապաքաղաքականացված մղձավանջին՝ իր հորինված կուսակցություններով ու կուրծք ծեծող հորինված հեղինակություններով։ Այսօր համոզվում եմ, որ դա էլ չհաջողվեց. այս միջավայրում հնարավոր էլ չէր անել։ Բայց մի՞թե սա «Առավոտ» թերթի համար պետք է ձեռքերը ուրախությամբ շփելու եւ չարախնդալու առիթ հանդիսանա։ Չէ՞ որ, հարգելի Արամ, ոչ թե ես, այլ Դուք եւ Ձեր համախոհներն են Օրվելլի «անասնաֆերմայի» նմանվող համակարգի՝ այս սահմանադրության, այս պետության հիմադիրները։ Դուք եք կյանքի կոչել՝ մարդ եւ իշխանության տեր դարձրել «շարիկովների» ոհմակը։ Այո, մենք բոլորս այսօր գտնվում ենք նույն «նավակում»։ Կարող եմ նույնիսկ համաձայնել, որ նավակի թերությունների, նավախելի բազմաթիվ անցքերի համար դրա «շինարարներին» մեղադրելու ժամանակը չէ. պետք է դուրս մղել լցվող ջուրը եւ կարողանալ ընթացքում փակել նավախելի ճեղքերը։ Սակայն, մյուս կողմից, մի՞թե չարախնդալու ժամանակն է։ Չէ՞ որ ընթացքում խնդիրները լուծելը հեշտ չէ, իսկ նավաստիների միջավայրում գերակշռում են ապիկարները։ Ի վերջո, ինչպես խորտակվող նավակն է Ձեր ձեռքի գործը, այնպես էլ նավաստիների անձնակազմն է հավաքագրված Ձեր հայտնի թիմի երրորդ եւ չորրորդ էշելոններից։ Հուսով եմ, որ Դուք չեք ժխտի բոլորին հայտնի այն փաստը, որ ես երբեք չեմ եղել եւ այսօր էլ չեմ պատրաստվում լինել այդ «թիմի» կամ նրա երրորդ, չորրորդ եւ այլ էշելոնների ներկայացուցիչների շարքերում։ Սակայն, ավաղ, նրանց եւ Ձեզ հետ գտնվում եմ նույն նավակում եւ, գիտակցելով այդ հանգամանքը, ցանկանում եմ տպագրել իմ այս խոհերը Ձեր թերթի էջերում։ Դուք այնքան հաճախ եք Ձեր թերթում անդրադառնում իմ անձին, որ գոնե մեկ անգամ կարող եք Ձեր ընթերցողին հնարավորություն ընձեռել «առաջին ձեռքից»՝ առանց խմբագրական միջամտության եւ կրճատումների ներկայացնել իմ տեսակետը։ Այլապես ես իրավունք ունեմ մտածելու, որ «Ա1+» հեռուստաընկերության ծառայություններից եւ «P.S.» ծրագրի ուղիղ եթերի միջոցով հասարակության հետ մտքերս կիսելու հնարավորությունից ինձ զրկելու մեջ նաեւ Ձեր մատն է խառը։ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել