Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվավեր ընտրություններ

Հուլիս 02,2002 00:00

Անվավեր ընտրություններ «Կարող ա՞, ես մեռել եմ…» Շաբաթ օրը ՍԴ-ն շարունակեց 67 ընտրատարածքում կայացած ընտրություններին վերաբերող վիճելի հարցերի քննարկումը։ Տարօրինակ բաներ կատարվեցին Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքում։ Նախ՝ չարաբաստիկ ընտրացուցակները, որոնց վրա ոնց որ «թուղթ ու գիր» արված լինի։ Մեծ քաղաքների պարագայում գուցե թե ինչ-որ տեղ այդ թերացումներն այնքան էլ նկատելի չեն, բայց գյուղերում, ուր բոլորն իրար մեկառմեկ ճանաչում են, գյուղապետերն էլ (ընտրացուցակները կազմելու պատասխանատուները) գյուղապետ են դառնում համագյուղացիների ձայներով, նկատվող թերությունները կա՛մ անփութության, կամ էլ (թող ներվի ասել) դիտավորության արդյունք են։ Թե չէ, մի տեսակ զավեշտի է վերածվում այսօրինակ երկխոսությունը. – Տո, գյուղապետ, էս ի՞նչ է, մենք մեռել ե՞նք, որ ցուցակում չկանք։ Տարեց ամուսիններին տրվում է այսպիսի պատասխան. – Խի՞ ես մեռել՝ գնա դատարանից թուղթ բեր, քվեարկի։ Ահա այսպիսի՝ անտարբեր, նույնիսկ՝ արհամարհական վերաբերմունքի արդյունքում զրկվում են ընտրելու իր իրավունքից, ոտնահարվում է մարդու ինքնասիրությունը։ Երեւի գյուղերում ամեն ինչ էլ կարելի է անել, ասենք, Հառիճի թիվ 13/23 ընտրատեղամասում ընտրական քվեաթերթիկները կնքել… Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի իրավասությանը ենթակա կնիքով։ Որոշ գյուղապետերի կարծիքով, «մանր բաներ» թվացող այս կարգի խախտումները գուցե թե Սահմանադրական դատարանի համար բավարար հիմք չծառայեին, եթե ընտրությունները բազում խախտումներով անցկացված չլինեին։ Այս ընտրատարածքում հաղթող ճանաչված Հակոբ Մաթիլյանը համարյա 100 տոկոսանոց ձայներ է ստացել հատկապես այն 10 գյուղերում, որտեղ ընտրացուցակները ոչ ստորագրված, ոչ էլ կնքված են եղել։ Շիրակի ՄԸՀ նախագահ Մուրադ Գրիգորյանն ընդամենը հավաստեց այդ փաստերը եւ նիստը նախագահող Գ. Հարությունյանի վերջին հարցին՝ «եթե ցուցակները սահմանված կարգով հաստատված չեն, կարելի՞ է խոսել ընդհանրապես ընտրության մասին», պատասխանեց. «իհարկե՝ ոչ»։ ՍԴ-ն մանրամասնորեն քննեց այս գործը՝ մի քանի անգամ հետաձգելով նիստը։ Նպատակն էր պարզել՝ խախտվե՞լ է մարդու՝ ընտրելու իրավունքը, խախտվե՞լ են ընտրության կարգն ու Ընտրական օրենսգրքի պահանջները։ Պարզվում է՝ խախտվել են։ 31 հազար 875 ընտրողներից 11 հազար 23-ի ընտրություններն անցկացվել են իրավական ուժ չունեցող փաստաթղթերի հիման վրա։ Միայն Լեռնակերտի օրինակը վկայենք՝ 13/09 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներով քվեարկությանը մասնակցած 408 անձի անձնագրային տվյալների լրացուցիչ ստուգումը վկայեց, որ 119-ի անձնագրային տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Այդպես՝ նաեւ մի շարք այլ ընտրատարածքներում։ Սահմանադրական դատարանը հետեւողականորեն հասավ ճշմարտության բացահայտմանը եւ որոշում կայացրեց՝ «ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 67 ընտրատարածքում 2002թ. մայիսի 19-ի պատգամավորի ընտրությունը ճանաչել անվավեր»։ Որոշման երկրորդ կետով Սահմանադրական դատարանը սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրում է ՀՀ Գլխավոր դատախազությանը, համապատասխան ընթացք տալու համար։ Ա. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել