«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին ներկայացել տուժողներ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Պատգամավորի հարցաքննության արդյունքում, թերեւս, գրանցվեց դռնբաց նիստի անդրանիկ հրապարակային տեսակետը, կապված 6-րդ ահաբեկչի գոյության հետ։ Այդ կապակցությամբ նույնիսկ ցուցադրվեց հայտնի տեսաժապավենը, ուր լրագրողների դիմաց երեւում է մի անձնավորություն։ Տեսաերիզում անձը մեջքով է, եւ դժվար է առայժմ կռահել, թե ո՞վ է եղել նա եւ ի՞նչ դեր է խաղացել հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում։
Տուժող Ա. Մխիթարյանը տեսել էր, թե ինչպես էր ահաբեկիչ Կ. Հունանյանը ինքնաձիգի խզակոթով հարվածել վարչապետին, թե ինչպես էր Վռամ Գալստյանը «գոռալով» շրջել ԱԺ նիստերի դահլիճում։ Ի դեպ, նա ասաց, որ ուսումնասիրել է Դ. Բեջանովի, Կ. Հունանյանի, Է. Գրիգորյանի զենքերը եւ սակայն որեւէ թել չի նկատել զենքի վրա։ Թելի պատմությունը հետեւյալն է։ Այն երեկ տրամադրվել էր դատարանին Դատական ակտերի հարկադիր կատարման Երեւանի ստորաբաժանման կողմից։ Այն առգրավվել է Ն. Հունանյանի բնակարանից։
Փաթեթավորված, մուգ կանաչ գույնի, 4 մետր երկարությամբ թելը կցվեց քրգործին, որպես իրեղեն ապացույց հետագայում զննելու նպատակով։ Դատավարության մասնակիցների հարցերը՝ ուղղված տուժողին, հասկանալի էին։ Թերեւս բացառություն եղավ ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանի հետեւյալ հարցը. – «Սպարտակ», «Ռազին», «Պուգաչով», «Ֆիդել Կաստրո» դիտե՞լ եք, նրանք ապստամբում էին։ Դրակա՞ն եք գնահատել… Երբ նախագահող Սամվել Ուզունյանը հորդորեց. «Լիրիկան հանել», պաշտպանը «լիրիկան հանեց» եւ հարցը ձեւափոխեց այսպես. «Լավ, Իգոր Մուրադյան, Հայրիկյան, դավաճանությո՞ւն էր նրանց արածը»։
Կարդացեք նաև
Տուժողը պատասխանեց. «Օրենքով եթե արվում է՝ ճիշտ է։ Սամասուդը օրենքից դուրս է»։ Հետաքրքիր էր ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցադրումը, կապված ռուսական «Ալֆա» ջոկատի հրավիրման հետ։ Ըստ փաստաբանի, հրավիրելով «Ալֆային», նպատակը եղել էր մեկը. սպանել ահաբեկիչներին, որպեսզի նրանք չասեին, թե ովքեր են կազմակերպիչները եւ պատասխանատվությունն էլ դնել այսպիսով Ռուսաստանի վրա։ Տուժող Մխիթարյանն իր կասկածը հայտնեց, ասելով, որ Ռուսաստանը մեր բարեկամն է եւ անվտանգության հետ կապված՝ առկա է պայմանագիր։ Խոսելով անվտանգության մասին, նա չթաքցրեց, որ այսօր էլ վատ է պետական կարեւորագույն օբյեկտների անվտանգության հարցը. «ցանկապատերը ցածր են, տեսախցիկներ չկան»։ Անդրանիկ Մարգարյանը ցուցմունք է տալիս Մինչ վարչապետի դատարան ներկայանալը՝ արտադատարանական խոսակցություններ էին պտտվում վարչապետի թիկնազորի հետ կապված։ Որքան մեզ հաջողվեց պարզել, թիկնազորը զինված էր եւ փորձում էր զենքով էլ մտնել դահլիճ։ Դատարանի անվտանգությունն ապահովող ուժային կառույցի ներկայացուցիչները հարցը հասցրին նույնիսկ ՆԳ նախարարին։
Այդպիսով, «ախրանան» զինաթափվեց՝ սպասելով միջանցքում, եւ ընդամենը մեկ ներկայացուցիչ (թիկնազորի պետը) մտավ նիստերի դահլիճ։ Անդրանիկ Մարգարյանը ճանաչում էր ահաբեկիչներից Նաիրի Հունանյանին 80-ական թվականների վերջից։ Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքները, ասաց, որ ծանոթացել է քրգործի նյութերին, պատասխանեց դատավարության կողմերի հարցերին։ Ժամանակ խնդրեց ամբաստանյալ Ն. Հունանյանը, ասելով, որ նկատել է հակասություններ եւ «խոստացավ», թե «շատուշատ նրբություններ են ի հայտ գալու» հարցերից հետո։ Տուժող Ա. Մարգարյանը՝ ներկայացնելով «27»-ը, հայտնեց, որ «այնպիսի քաղաքական ուժ չկար, որ օգտագործեր ահաբեկչության հետեւանքները»։ Նա ասաց, որ ահաբեկիչներն արժանի են ամենածանր պատժին եւ, դիմելով ամբաստանյալներին, հասկացրեց, թե «թող իզուր հույսեր չունենան, որ դառնալու են ազգային հերոս։ Դուք գերեզման էլ չեք ունենալու»։ Տուժողը 6-8 ժամ իբրեւ կենդանի թիրախ կանգնած է եղել քարտուղարությունում, զրկված ազատությունից։
Նրա կարծիքով, հանցագործությունը ծրագրավորված է եղել։ «Նրանք պետական հանցագործներ են, շատ լավ էլ գիտեին, որ 5 հոգով խնդիր լուծելը շղթայական ռեակցիա էր»։ Տուժողի ցուցմունքի մեծ մասը լսելի չէր։ Եվ վերծանելը մեզ համար դարձավ խիստ դժվար։ Այնուհանդերձ մի հատված մեզ հաջողվեց «փրկել» մոռացումից, եւ ներկայացնում եմ ձեզ. «Մինչեւ վերջ եմ եղել եւ մի 7 ժամ որպես վահան, պատանդ կանգնած եմ եղել երկուսի դիմաց. Նաիրին նստած էր, Կարենը՝ կանգնած։ Իրենք պահանջեցին բոլոր դռների մոտ կանգնել 2-ական պատգամավոր, եթե դրսից հրաձգություն լիներ, ապա առաջին հերթին կկպներ նրանց։ Նրանք այնքան վախկոտ էին, որ 2 ավտոմատով ինձ կանգնեցրել էին իրենց դեմը։ Ինչ-որ բանի էին սպասում. չեղավ։ Չեմ մասնակցել բանակցությունների՝ դրսի հետ կապված։ Երբ համաձայնեցին, զենքերը հանձնեցին, իրենց պահանջով՝ ես էլ ընդգրկվեցի այդ խմբում։
Պայմաններից մեկը սա էր. նռնակ եւ մի ատրճանակ թողեցին իրենց մոտ։ Ես պատուհանի կողմն էի նստած, Կարենը ատրճանակը դրել էր իմ կողքին։ ԱԺ-ից մինչեւ մեկուսարան ես, որպես պատանդ, ատրճանակը վրաս ուղղված, գնացել-հասել ենք մեկուսարան, որտեղ եւ զենքը հանձնվել է։ Իրենք վախենում էին։ Մենք ինքներս էինք շահագրգռված, ասում էինք՝ ձեր ընկերները դրսում ձեզ չխփեն։ Իրենց մոտ տարակուսանք արդեն կար։ Այդ էր պատճառը, որ լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ուզեցին»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ