Լրահոս
Օրվա լրահոսը

Միջքաղաքային երթուղիներում

Հուլիս 02,2002 00:00

Միջքաղաքային երթուղիներում Հունիսի 25-ին, ժամը 19.20-ից Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող միջքաղաքային միկրոավտոբուսային կանգառից Վանաձոր մեկնող մի խումբ ուղեւորների միայն ժամը 20.40-ին բախտ վիճակվեց ճանապարհ ընկնել (մինչեւ ուղեւորների պահանջվող քանակն ապահովվեր): Թերեւս, տվյալ միկրոավտոբուսը ավելի շուտ կուղեւորվեր, եթե ճարպիկ դիսպետչերը այդ ժամին հայտնվող նոր ուղեւորներին չտեղավորեր մեկ այլ ավտոբուսի մեջ, որը, ըստ կարգի, պետք է ավելի ուշ ուղեւորվեր: Երբ այդ կողմնակալությունը վերջինիս համար անսպասելիորեն բացահայտվեց, նա ստիպված եղավ արդարանալ, թե ավելի ուշ ուղեւորվելիք (իր հայեցողությամբ որոշած) միկրոավտոբուսը մայրաքաղաքից էր, եւ որքան շուտ ճանապարհ ընկներ, այնքան շուտ ետ կգար. «Դե հո դատարկ Կիրովականից ետ չի գալու, իսկ Կիրովականի ավտոն, մեկ ա, ըսենց թե ընենց գնալու ա»: Մեկ ժամից ավելի միկրոավտոբուսի ներսում «կոմպոտ եղած» ուղեւորներն ստիպված էին դժկամությամբ համակերպվել (ներքուստ իրենց «ուտելով», թե ինչու ավելի ուշ ժամանած միկրոավտոբուսը ավելի շուտ ճանապարհվեց): Ինչպես միշտ, 1000-ական դրամ գումարները դիսպետչերի կողմից հավաքվեցին գլխանց: Ինչպես սովորաբար (տհաճ անակնկալներ պատահելու դեպքերում), ուղեւորները հայտնվեցին պատանդի վիճակում, այլ մեքենա վարձելու այլընտրանք չունենալով, երբ ակնհայտ զգացվեց, որ մեքենան, մեղմ ասած, այնքան էլ «շարժունակ» վիճակում չէր, գնում էր դանդաղընթաց, «թափ ու թափ անելով» (թե նրանից էր, որ բենզինը «էն չէր»…): Դեռեւս Ապարան չհասած, սպիտակամոխրագույն միկրոավտոբուսի շարժիչն սկսել էր շունչը փչելու ակնհայտ նշաններ ցույց տալ (օգնության կարգով մի գյուղից վարորդը շշերով ինչ-որ հեղուկ բերել տվեց, որի համար ծախսվեց 15-20 րոպե ժամանակ. արդեն ժամը 22.30 էր): Որտեղից որտեղ՝ ճանապարհին հանդիպեց «բախտակից» մի մարդատար, որ ճանապարհին անսարքության պատճառով «լռվել-մնացել» էր: Վերջինիս վարորդի խնդրանքով միկրոավտոբուսի վարորդը ստիպված էր իր «սուղ» հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել տարաբախտ մեքենային: Մարդատար ավտոմեքենան կապեցին միկրոավտոբուսի «պոչից» եւ «մի շղթայով կապվածները» ճանապարհ ընկան: Ճանապարհին միկրոավտոբուսի վարորդը ստիպած էր լինում մի քանի անգամ իջնել եւ պոկված պարանը նորից ամրացնել: Ժամը 23.30-ին իրար կապած մեքենաները մտան Վանաձոր: Արդյո՞ք կարող էին քաղաքի տարբեր թաղամասեր ուղեւորվողները ավտոբուս գտնել: Նրանց բախտը բերեց, ովքեր քաղաքի կենտրոնում էին բնակվում: Մասնավորը՝ մասնավոր, բայց, ի վերջո, ժամ-պատարագ պետք է լինի՞ այս համակարգում. ինչու՞ պետք է ժամը 19.20-ից մեքենայի մեջ սպասողը 20.40 ճանապարհ ընկնի եւ տեղ հասնի ուշ գիշերով (ոչ միայն ուղեւորը ֆիզիկական նեղություններ կրի, այլեւ այդ ընթացքում նրան սպասող հարազատներն անհանգստանան): Եվ երկրորդ, արդյոք տեղի՞ն է, երբ գազով աշխատող մեքենան ու բենզինով աշխատողը միեւնույն գնով են ծառայում ուղեւորներին: Եվս մի հետաքրքիր հանգամանք. ավտոճանապարհներին տեղի ունեցող մեքենաների անսարքության դեպքերը «հուշում» են, որ զանազան հեղուկ վառելիքներ, մեղմ ասած, այնքան էլ մաքուր վիճակում չեն: Հետաքրքիր է, այդ ուղղությամբ երբեւէ ստուգումներ լինու՞մ են բենզալցակայաններում: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Երեւան-Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031