Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հախուհաշիվը» խճճում են

Հուլիս 02,2002 00:00

«Հախուհաշիվը» խճճում են Ըստ մեզ հասած լուրերի՝ շուտով Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանին կազատեն աշխատանքից այն պատճառաբանությամբ, որ նա համատեղության կարգով իբրեւ տնօրեն աշխատում է նաեւ Մ. Սարյանի թանգարանում։ Մի բան, որ, իբր, օրենքով չի թույլատրվում։ Իսկ Պատկերասրահի տնօրենի հնարավոր թեկնածուների թվում են Փարավոն Միրզոյանը՝ Գեղարվեստի ակադեմիայից եւ Վարդան Վարդանյանը՝ մշակույթի նախարարությունից։ Հարկ է խոստովանել, որ Փ. Միրզոյանի՝ Պատկերասրահի տնօրեն դառնալը հատկապես ձեռնտու է Իսաբեկյաններին, քանի որ այդպիսով վերջիններս, ի տես հայության, սեփական աշխատանքները Պատկերասրահում «գովազդելու» մեծ հնարավորություն կունենան։ Սակայն մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ արվեստի գլխավոր վարչության պետ Վ. Վարդանյանի՝ Ազգային պատկերասրահի տնօրեն դառնալու հավանականությունն ավելի մեծ է եւ «հիմնավոր», որովհետեւ վերջինս դաշնակցական պատկանելություն ունի։ Թանգարանային աշխատողի 42 տարվա փորձ ունեցող Շ. Խաչատրյանը անկեղծորեն խոստովանեց, որ տեղյակ չէ, թե ով իրեն կփոխարինի Պատկերասրահում։ Ընդամենն ասաց, որ օրենքի մարդ է. «Եվ եթե օրենսդիրը գտել է, որ չեմ կարող միաժամանակ երկու հիմնարկի տնօրեն լինել, պատրաստ եմ դուրս գալ Պատկերասրահից, որտեղ համատեղության կարգով նշանակվել եմ նույն նախարարության առաջարկությամբ»։ Փ. Միրզոյանին կարծես չզարմացրեց մեր հարցը։ Սակայն ձեւական կողմը ապահովելու համար նա պատասխանեց. «Դեռ այդպիսի բան չկա։ Առայժմ ոչնչից տեղյակ չեմ, բայց շնորհակալ եմ ինֆորմացիայի համար»։ Մշակույթի նախարարությունում եւս ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին Վ. Վարդանյանի՝ Պատկերասրահի տնօրեն նշանակվելու մասին լուրը։ Իսկ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը «խոստովանեց», որ նախարարությունը այդ պաշտոնի համար դեռ ոչ մեկին «աչքի տակ» չունի եւ նման հարց դեռ չի էլ քննարկվել։ Պրն Շառոյանը նաեւ հիշեցրեց, որ առայժմ Շ. Խաչատրյանը ազատված չէ աշխատանքից, իսկ Վ. Վարդանյանը շարունակում է մնալ վարչության պետ։ Հետո էլ կատակով հարցրեց, թե «Առավոտն» ո՞ւմ է առաջարկում։ Հետաքրքիրն այն է, որ պաշտոնափոխությունը (որի մասին լուրերը պտտվում են նաեւ նախարարությունում) պիտի կատարվի այն ժամանակ, երբ Պատկերասահում Լինսի հիմնադրամի միջոցներով շինարարական աշխատանքներ են գնում։ Գուցե շինարարական «հախուհաշիվները» խճճելու միտում է՞լ կա այս փոփոխության մեջ։ Մանրամասները՝ առաջիկա համարներից մեկում։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել