Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՔ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ»

Հուլիս 02,2002 00:00

«Ո՞ՒՄ ՎՐԱ ԵՔ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ» Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը դժգոհ է իր «նորացված» ընկերներից Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, որի անվան ՀՆԿԿ հապավումը մեր գործընկերներից մեկը վերծանեց որպես Հայաստանի նախագահի կոմունիստական կուսակցություն, Երեւանի կազմակերպության ակտիվի ժողովի ժամանակ հայտարարեց, թե պատրաստվում է դիմել երկրում գործող մի շարք սոցիալիստական կուսակցությունների (այդ թվում՝ նաեւ Կոմունիստական կուսակցությանը)՝ միանալու առաջարկով։ ՀՆԿԿ քարտուղար Յուրի Մանուկյանն իր ելույթում նաեւ ասել էր, թե ՀԿԿ-ն օր օրի մարում է։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի հետ զրույցում պարզեցինք, որ Կոմկուսը մերժում է իրենից պոկվածի ձեռքը եւ լուրջ չի վերաբերվում Յուրա Մանուկյանի կուսակցությանը։ Վլ. Դարբինյանի ներկայացմամբ. «Իրենք իրենց նորացված խմբի մասին (ես նույնիսկ կուսակցություն չէի կոչի դա) ունեն շատ մեծ կարծիք։ Եթե չեմ սխալվում, հույն փիլիսոփաներն այսպիսի մի խոսք ունեն՝ քաղաքական գործիչները, երեւույթները ունեն համարիչ եւ հայտարար։ Համարիչն այն է, ինչ որ կա։ Հայտարարն այն է, ինչ որ մտածում է ինքն իր մասին։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։ Նրանց կոչը մենք մերժում ենք»։ Իսկ թե ինչո՞ւ է ՀԿԿ-ն մերժում Յուրա Մանուկյանի միացման առաջարկը, պարզ է լույս օրվա պես. «Միավորման գաղափարը սուրբ գաղափար է, եթե ազնիվ նպատակ է հետապնդում, իսկ եթե նրանք հակակոմունիստական ուժերի միջոցով փորձում են մեր շարքերը պառակտել, ուրեմն մենք մերժում ենք այդպիսի ուժերի հետ համագործակցությունը եւ մինչեւ վերջ ասելու ենք մեր վճռական խոսքը։ Իրենք մերժում են «Ռուսաստան-Բելառուս» միությանն անդամակցելու գաղափարը, իրենք հայտարարում են, որ իշխանամետ կուսակցություն են եւ առաջիկա ընտրությունների ժամանակ հայտարարեցին (ե՛ւ Ոսկանյանը, ե՛ւ Մանուկյանը), որ իրենք, բացի Քոչարյանից, այլ թեկնածու չեն տեսնում։ Այս իշխանությունների ժամանակ Հայաստանում արտագաղթ է. հայաթափվում է Հայաստանը, գործազրկություն է, բնակչության մոտ 50%-ն աղքատության գծից ներքեւ է գտնվում։ Եթե նրանք պաշտպանում են այս իշխանությունների քաղաքականությունը, ինչպե՞ս կարող է՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, լինելով արմատական ընդդիմություն, միավորվի եւ ձեզ հետ միասին ինչի՞ համար պայքարի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությա՞ն»։ Կոմկուսը շարունակում է հայտարարել, թե արմատական ընդդիմություն է, սակայն, ըստ էության, այսօր համագործակցող 13 ընդդիմադիր կուսակցությունների հետ չէ, որեւէ քաղաքական ուժի հետ չէ։ Նախընտրական շրջանը ենթադրում է որոշ ուժերի դաշինք կամ համագործակցություն։ Կոմկուսը ո՞ր քաղաքական ուժերի հետ է տեսնում իր հնարավոր համագործակցությունը։ Վլ. Դարբինյանը հայտնեց, որ կան կուսակցություններ (օրինակ, ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», «Ազգային միաբանությունը»), որոնց հետ Կոմկուսը բանակցություններ է վարում. «Մտածում ենք ընդհանուր պլատֆորմ, ընդհանուր գաղափարական հիմք ստեղծել՝ նրանց հետ միավորվելու։ Պետք է բանակցենք մի շարք հարցերի շուրջ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ կարո՞ղ ենք միասնական թեկնածու առաջադրել, թե՞ ոչ։ Գիտե՞ք՝ դաշինքներն արագ միավորվում եւ արագ քայքայվում են, որովհետեւ գաղափարական հիմքեր չունեն»։ Վլ. Դարբինյանին ՀՆԿԿ-ում դուր չի գալիս, որ մայր կուսակցությունից պոկված մի փոքրիկ բեկոր հայտարարում է, թե «պետականամետ կուսակցություն է։ Մեր տեսության դիրքերից՝ պետությունը դասակարգային բնույթ ունի եւ ծառայում է որոշակի դասակարգի շահերին։ Եթե այս պետությունն այսօր հասարակության փոքրամասնության, ազգային հարստությանը թալանի միջոցով տեր դառած մի փոքր խավի շահերն է արտահայտում, մենք ինչպե՞ս կարող ենք պաշտպանել այդ պետությունը։ Մենք պետության կողմնակից ենք, բայց այդ պետությունը պետք է լինի աշխատավորների պետություն»։ Վլ. Դարբինյանն անդրադարձավ Յուրի Մանուկյանի հայտարարություններից հետեւյալին եւս՝ «խորհրդարանում մեր կուսակցությունը ներկայացնում ենք ես եւ ընկեր Ոսկանյանը»։ ՀԿԿ Կենտկոմի քարտուղարը հիշեցրեց, որ «իրենք կուսակցության ցուցակով են անցել, հիմա էլ շատ մեծ ախորժակ ունեն, թե կկարողանան խորհրդարանում պատկառելի տեղ գրավել։ Դա խաթարված երեւակայության պտուղ է։ Եթե իրենք այսօր հայտարարում են, թե պետք է իշխանություններին պաշտպանեն եւ, բացի ներկա նախագահից, այլ թեկնածու չեն տեսնում, դրանով իրենց դեմքը ցույց են տալիս եւ իրենց դատավճիռն են կարդում»։ ՀՆԿԿ-ն իր առաջին համագումարը համարակալել էր նաեւ թիվ 36-րդ (հիշեցնենք, որ ՀԿԿ վերջին՝ 35-րդ համագումարը տեղի է ունեցել այս տարվա մարտին)։ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանն այս կապակցությամբ ասաց. «Եթե կոմունիստ կոչված մարդն իրեն թույլ կտա, լինի ազգանունը Ոսկանյան թե Մանուկյան, ձեռք բարձրացնել Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի ստեղծած կուսակցության վրա եւ նրա համագումարների հերթականությունն էլ զավթի, իրենցով անի, դե, ես այստեղ արդեն պատասխան չունեմ։ Քաղաքական արժանապատվություն, գիտակցություն պետք է ունենալ։ Ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում. էն մարդու վրա, որը ստեղծե՞լ է այս կուսակցությունը։ Ինչպե՞ս եք փորձում Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի կողմից սահմանված հերթական համագումարների կարգը ուզուրպացնել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031