ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ Երեկ վերաքննիչ դատարանում ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը սկսվեց առաջին ատյանի դատարանի վճռի, ապա՝ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի բողոքի հրապարակումով: Այդ բողոքը մեր անցյալ համարում մասնակի կրճատումներով հրապարակել էինք, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ միայն այն դրվագներին, որոնք շրջանցել էինք: Իսկ դրանց առնչությամբ փաստաբանը հայտարարեց, թե իր պաշտպանյալի նկատմամբ մասնավորապես Քրօր 222 հոդ. 1-ին մասով՝ խուլիգանություն, գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մոտիվը դատավճռում ճիշտ չի ձեւակերպված, եւ հիշեցրեց, որ Մ.Սաղաթելյանին վերագրված այդ մեղադրանքը ոչ թե բավարար չափով չի ապացուցվել, ինչպես նշվել է դատավճռում, այլ՝ այդ արարքի մեջ հանցադեպն է բացակայում: Փաստաբանը դիմեց դատարանին՝ ուղղել այդ սխալը: Անդրադառնալով դատավճռով, իբր, հաստատված մեղադրանքին, թե ՔՊԻՎ պետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Մ.Սաղաթելյանը ԲՈՒՀ-ի «ակնհայտ կեղծ դիպլոմի» պատճեն է ներկայացրել ՆԳՆ Կադրերի վարչությանը, որի հիման վրա նա անցած 10 տարիներին համակարգում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, փաստաբանը նկատեց, որ նախաքննական մարմինը, դատարանն իր դատավճռով ճիշտ չեն կիրառել նյութական իրավունքը, տվյալ դեպքում՝ Քրօր 213 հոդ. 3-րդ մասը: Մ. Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել իր անվամբ լրացված դիպլոմի քսերոպատճենն, իբր, օգտագործելու համար՝ ինչը համարվել է կեղծ դիպլոմ, բայց որը նույնիսկ նոտարական կարգով վավերացված չէ: «Քրգործում չկա կեղծ դիպլոմ, իսկ նշված քսերոպատճենն ակնհայտորեն չի կարող ներկայացվել կամ ընդունվել որպես դիպլոմ: Այս հանգամանքներից բխում է, որ Մ. Սաղաթելյանին վերագրված արարքը հանցակազմ չի պարունակում, իսկ դատավճռով նա մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել անոլոգիայի կիրառմամբ ու ՀՀ Քրօր 7-րդ հոդվածի պահանջների խախտմամբ»,- հայտարարեց Ռ.Գրիգորյանն ու հիշեցրեց, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքները կորզվել են միայն այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազը ՆԳ նախարարին գրավոր կերպով խնդրել «շտապ կարգով8230 վերացնել նախաքննության խոչընդոտները» եւ «օգնել», որ ՆԳ աշխատակիցները «հիշեն», թե բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմի պատճենն ինչպես է հայտնվել Մ. Սաղաթելյանի անձնական գործում եւ «ճիշտ ցուցմունքներ» տան: «Գտնելով, որ նշված վկաներից մեղադրող ցուցմունքները ստացվել են նրանց վրա գերատեսչական ճնշում գործադրելու անօրինական միջոցով, դատաքննության ընթացքում Մ. Սաղաթելյանը միջնորդեց այդ վկաների վերջնական ցուցմունքները հիմք չընդունել: Դատավճռով նրա այդ առարկությունը քննության առարկա չի դարձել եւ չի պատճառաբանվել, թե ինչու: Այդ դրվագով թույլ են տրվել նաեւ դատավարական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ խախտվել են Քրդատօր 175, 180 հոդ. 1-ին մասի, 181 հոդ., 182 հոդ., 192 հոդ. եւ 28 հոդ. պահանջները, որոնց վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը չի քննարկվել ու դատավճռով չի գնահատվել»,- հայտարարեց փաստաբանը: Վերջինս անհիմն համարեց նաեւ Մ. Սաղաթելյանին Քրօր 182 հոդ. 1-ին մասով մեղավոր ճանաչելն ու դատապարտելը: Վերջինս այդ հոդվածով մեղադրվում է նրանում, որ «անձնական շահագրգռվածությունից ելնելով» իր ազգական Հ.Մարտիրոսյանի համար միջնորդել է՝ նշանակել Անիի ՆԳԲ պետի տեղակալի պաշտոնում՝ նշելով, որ նա ունի բարձրագույն կրթություն, թեեւ իմացել է, որ նրա դիպլոմը կեղծ է՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը: «Այդ մեղադրանքը չի բխում քրգործի տվյալներից, դատավճիռը կայացվել է ենթադրությունների հիման վրա, մինչդեռ Մ. Սաղաթելյանն ու Հ.Մարտիրոսյանը պնդել են, որ ամբաստանյալը տեղյակ չի եղել Հ. Մարտիրոսյանի բուհի դիպլոմ չունենալու եւ դրա՝ կեղծ լինելու մասին: Նրանց այդ ցուցմունքները գործի որեւէ այլ ապացույցով հերքված չեն: Հ.Մարտիրոսյանին համակարգում աշխատանքի ընդունումը կատարվել է ՆԳՆ համապատասխան ծառայության ստուգումների արդյունքների հիման վրա եւ ՆԳ նախարարի հրամանով, ինչին Մ. Սաղաթելյանը ծառայական իմաստով մասնակցություն չունի»: Փաստաբանը նշեց, որ Մ. Սաղաթելյանի այդ արարքում հանցակազմ չկա, ուստի քրգործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման, որը դատավճռով չի կատարվել: Ռ.Գրիգորյանը պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին, քրգործը կարճել եւ դադարեցնել Մ.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Իհարկե, մեղադրող Կ. Փիլոյանը դատարանում երեկ հայտարարեց, թե համաձայն չէ փաստաբանի հետ, եւ պնդեց, թե բոլոր մեղադրանքները հիմնավոր եւ ապացուցված են: Երեկ վերաքննիչում ցուցմունքներ տվեց Մ.Սաղաթելյանը: Նա անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքներին եւ, ի տարբերություն առաջին ատյանի դատարանում ունեցած ելույթի, որոշ փակագծեր բացեց: Բայց դրանց ավելի ծավալուն կանդրադառնանք մեր շաբաթ օրվա համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ