Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվերներում գերակշռում է ռաբիսը»

Հունիս 29,2002 00:00

«Պատվերներում գերակշռում է ռաբիսը» Մայիս ամսից հեռարձակվում է Ազգային երաժշտական ալիքը, որը շաբաթ օրերին ներկայանում է իբրեւ Երաժշտական փոստարկղ։ Ալիքի մասին մանրամասներ տեղեկանալու ակնկալիքով զրուցեցինք Ազգային երաժշտական ալիքի ղեկավար Հրաչ Քեշիշյանի հետ։ – Ի՞նչ նպատակով է ստեղծվել Ազգային երաժշտական ալիքը։ – Պահը հասունացել էր։ Ի վերջո պետք էր հայկական երաժշտության համար դաշտ ստեղծել, որպեսզի այն փորձի պարզաբանել երաժշտությունն իր բոլոր տեսակներով՝ ազգային, դասական, պոպուլյար։ Կարծում եմ, սա երաժշտական մի նոր շարժում է, որը կարող է ինչ-որ բան տալ երիտասարդներին։ – Հաճախ հաղորդավարները խոսում են կոտրված հայերենով։ Դուք նման խնդիր ունե՞ք։ – Եթե մեր հաղորդավարներից որեւէ մեկը չի կարողանում գրական հայերենը հաղթահարել, մենք փորձում ենք պարապմունքների միջոցով կատարելագործել նրա հայերենը։ Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ ամենագրագետ խոսողը, ուղիղ եթերում կարող է սխալվել։ Այնպես որ, թերություններ բոլորը կարող են ունենալ։ – Ավելի շատ ի՞նչ ոճի երաժշտական պատվերներ եք ստանում։ – Պատվերները լինում են ամենատարբեր ոճի։ Սակայն, ցավով պիտի նշեմ, որ դրանց ցանկում գերակշռում են նաեւ ռաբիս երաժշտության սիրահարների նամակները։ Սա մտածելու տեղիք է տալիս՝ նման պատվերներին ուշադրություն դարձնե՞լ, թե՞ ոչ։ – Իսկ դուք աշխատո՞ւմ եք հեռուստադիտողի ճաշակը բարձրացնել։ – Որեւէ հաղորդում, եթե չփորձի մի փոքր ներդրում ունենալ ճաշակի բարձրացման խնդրում, դառնում է աննպատակ։ Այս պարագայում մենք փորձում ենք ներկայացնել ամեն ոճի երաժշտություն։ – Ազգային երաժշտական ալիքի հաղորդումներից ո՞րն եք համարում կայացած։ – Որեւէ բան կայացած համարելու դեպքում պետք է այն փակել ու մի կողմ դնել։ Ոչինչ կայացած չէ։ Ամեն ինչ աշխատանքային եւ դեռ կայացման փուլում է։ – «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որը դուք վերականգնել եք, նախկինում վարում էին Հասմիկ Պերճյանը եւ Սուսաննա Շահինյանը։ Ի՞նչ կարծիքի են նրանք նոր «Երաժշտական փոստարկղի» մասին։ – Այն ժամանակ ծրագիրն ունեցել է բավականին հետաքրքիր կառուցվածք, որն այսօր ժամանակավրեպ է։ Նախկինում նամակների հիման վրա կազմվում էր օրվա ծրագիրը, որը ցուցադրվում էր այսպես՝ սկզբում դասական երաժշտության որեւէ նմուշ, հետո՝ ազգային ժողովրդական երգ, անդրադառնում էին հայկական էստրադային, ապա ռուսականին եւ արտասահմանյանին։ Այդ կառուցվածքն այսօր փորձում ենք վերականգնել, բայց այնպես, որ այն դառնա ավելի դինամիկ եւ երիտասարդական։ Ծրագրում տեղ է գտել նաեւ նորությունների փոքր թողարկում, ուղիղ կապ հեռուստադիտողի հետ եւ, բնականաբար, պատվերների ցուցադրում։ Իսկ Հասմիկ Պերճյանի եւ Սուսաննա Շահինյանի կարծիքը մեզ հայտնի չէ, որովհետեւ նրանք Հայաստանում չեն։ Ռեժիսոր Աշոտ Հախինյանի հետ հանդիպումը դեռ չի եղել։ Բայց կա նախնական պայմանավորվածություն՝ նրան ստուդիա հրավիրելու մասին։ ԱՐԳԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել