Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈՒՆ ԹԱՏՐՈՆ

Հունիս 29,2002 00:00

ԱՆՏՈՒՆ ԹԱՏՐՈՆ Հոկտեմբերի 4172ին լրանում է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքում վարձակալական հիմունքներով պատսպարվելու ժամկետը: Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ ճակատագիր է սպասվում թափառական թատրոնին, որովհետեւ, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ, ակադեմիան այլեւս մտադիր չէ «տնվոր» պահել իր շենքում։ Զարմանալին այն է, որ թատրոնն իր ստեղծման 20 տարիների ընթացքում, ունենալով պետական կարգավիճակ, երբեք սեփական շենք չի ունեցել եւ շարունակ մեկ տասնյակից ավելի հասցեներ է փոխել (Սունդուկյանի թատրոն, Դերասանի տուն, Պատանի հանդիսատեսի թատրոն, Երիտասարդության պալատ եւ այլն)։ Հիմա թատրոնին սպառնում է նոր «տեղահանություն»։ Այդ փաստը, սակայն, կարծես երբեք չի էլ անհանգստացրել մշակույթի պատասխանատուներին։ Իսկ այն, որ եվրոպական չափանիշներին համապատասխան եւ տեսակի մեջ յուրօրինակ թատրոնը իսկապես բացառիկ երեւույթ է, վկայում են հյուրախաղերի հարյուրավոր հրավերները եւ մշակույթի ասպարեզում կշիռ ունեցող մասնագետների գնահատականները։ Օրինակ, Գենադի Աբրամովը Երեւանի մնջախաղի թատրոնը գնահատել է իբրեւ ունիկալ թատրոն, իսկ Ռուսաստանի մնջախաղի միջազգային կենտրոնի տնօրենը երեք հեղինակավոր սերտիֆիկատներից մեկը հանձնել է Երեւանի մնջախաղի թատրոնին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հավաստմամբ, իրենց հիմնական հանդիսատեսն օտարերկրացիներ են ու տեղի երիտասարդության սերուցքը։ Քաղաքական գործիչներից էլ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է ամեն շաբաթ գալիս ներկայացում դիտելու ու «իր հետ էլ մի ահագին ժողովուրդ է բերում», հպարտանալով, թե տեսեք՝ ինչ ունենք։ Մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանն է եկել, ինչը բավականին ոգեւորել է Դադասյանին, որովհետեւ մտածել է, որ «գուցե շղթայական ռեակցիա տեղի կունենա, ու մյուս պետական ու քաղաքական գործիչներն էլ կգան»։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Թեեւ նա հիշում է, որ բոլոր քաղաքական գործիչները մի անգամ եղել են թատրոնում, այն էլ բեմի վրա, երբ այստեղ նկարահանվում էր «Անմեղության կանխավարկած» հաղորդումը։ Ժ. Դադասյանը զարմացած է, որ մինչ օրս թատրոն չի այցելել քաղաքապետը. «Չէ՞ որ սա նաեւ ի՛ր քաղաքի թատրոնն է»։ Ցավում է նաեւ, որ ոչ մի կերպ չեն ցանկանում մնջախաղի թատրոնի համար մի փոքրիկ կամերային շենք նախագծել ու կառուցել. «Պրոբլեմն այն է, որ Երեւանին պետք է այս թատրոնը։ Այն որոշակի երեւանյան մշակույթ է ներկայացնում։ Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ամեն ինչ իմ անձով եմ պայմանավորում, պատրաստ եմ նույնիսկ դիմում ներկայացնել, եթե հանկարծ մեր թատրոնի համար շենք նախագծվի ու կառուցվի Հյուսիսային պողոտայում»: Ի դեպ, մշակույթի նախարարությունում էլ, որքան «մտածում172մտածում» են՝ թատրոնի հարցը լուծելու հարմար տարբերակ այդպես էլ չեն «գտնում» ու Դադասյանին խորհուրդ են տալիս սպասել, ասում, որ դեռ ժամանակը չէ։ «Ես կարող եմ հուսահատվել, իսկ թե ինչ քայլերի կդիմեմ հուսահատված վիճակում՝ տեղյակ չեմ։ Ախր իմ մասին չէ, որ մտածում եմ. թատրոնում հավաքվել են մարդիկ, որոնք, գրոշներ ստանալով հանդերձ, նվիրվել են այս գործին»,172 ասում է Ժ. Դադասյանը։ Ստեղծված իրավիճակը նրան տխուր եզրակացությունների առիթ Է տվել. այն, որ մենք մեծ, մասսայական միջոցառումներ անել չենք կարող։ Եվ պատճառը բնավ այն չէ, որ «լավ լույսեր ու լավ տեխնիկա չունենք ու Մոսկվայից պիտի բերել տանք, պարզապես կամերային ժողովուրդ ենք, ու մեր քաղաքն Էլ Է կամերային»։ Նա կարծում է, որ լավ Է օպերային թատրոն ունենալը, բայց իր՝ վերջին տասը տարիներին լսած ամենամեծ կենցաղային հումորն այն է, որ օպերայի մասին խոսում են իբրեւ շենք, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, կամ տեղ, որով կողմնորոշվում են տեղանքում. «Երբեմն երիտասարդներն իրար ասում են՝ գնանք օպերա՝ պիվա խմենք»։ Ու օպերայի մասին խոսող գարեջուր խմողները օպերային ժանրի մասին գաղափար անգամ չունեն»։ Օպերային թատրոնի գոյությունն, ըստ մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարի, նախկինում արդարացվում էր, որովհետեւ այն ժամանակ Երեւանն իսկապես մշակութային կենտրոն էր։ Իսկ հիմա այն դարձել է «դեկենտրոն», իսկ մասսայական միջոցառումների մասին խոսելը՝ ավելորդ, որովհետեւ «փախեփախ է դեպի Արեւմուտք ու Ռուսաստան»: Ըստ նրա, նույնիսկ մեծ թատրոնները մեր օրերում դժվարությամբ են գոյատեւում եւ մարդիկ ստիպված կամերային են դարձնում իրենց թատրոնը, հանդիսատեսի թիվը կրճատելով, որպեսզի ե՛ւ դահլիճը լիքը լինի, ե՛ւ դերասանը լավ զգա։ Ինչ վերաբերում է կոնկրետ մնջախաղի թատրոնին, ապա այն ժանրով արդեն իսկ կամերային է, ավելին, այն խաղացանկային թատրոն է, «մշտապես աշխատում է, գործում, դինամիկ է, շարժուն»։ Եվ անկախ նրանից, կլինի՞ պետպատվեր, թե՞ ոչ, այն կշարունակի աշխատել։ Այսօր Հանս Դիտերի հետ (Բոննի թատրոն) համատեղ մի նախագծի վրա են աշխատում եւ ներկայացման պրեմիերան լինելու է Երեւանում, որովհետեւ դա Դադասյանի պայմանն է։ Սակայն այստեղ եւս մնջախաղի թատրոնը լուրջ խնդիր ունի. գերմանական կողմի ծախսերով կոլեկտիվը մեկ ամիս կաշխատի Բոննում։ Իսկ հետո Բոննի թատրոնի 6 անդամներ էլ պիտի Երեւանում աշխատեն, սակայն լուծված չեն նրանց Երեւան գալու եւ ապրելու ծախսերը: «Ես հովանավորների երբեք չեմ դիմում, դա համարժեք է հոգեւոր ինքնասպանության։ Կարծում եմ, դեռ չկա մշակույթի արժեքը գիտակցող գործարարների այն սերունդը, որն ինքը պիտի առաջարկի իր ծառայությունները։ Իսկ եղած «հովանավորները» հեշտությամբ կարող են տրորել արժանապատվությունդ»,172 համոզված է Ժ. Դադասյանը: Ինչեւէ, մնում են հաշված օրեր եւ թատրոնը «տեղահան» կարվի, իսկ այն գործող օրգանիզմ է եւ տեղափոխությունն, ըստ Դադասյանի, նշանակում է երկարատեւ դադար։ Մինչդեռ վերջին 5 տարիներին Իսահակյան 36172ը դարձել էր հասցե մնջախաղի թատրոնի համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել