Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրենքը խախտում են

Հունիս 29,2002 00:00

Օրենքը խախտում են Վերջին ժամանակաշրջանում օրեօր ակնբախ է դառնում մի հույժ ամոթալի եւ հակաօրենսդրական երեւույթի համաճարակային բնույթի տարածումը. ՀՀ արդյունաբերական եւ այլ արտադրանքի փաթեթավորումների, պիտակների եւ նման տեղեկատվություն կրողների լեզվում բացակայում է հայոց ազգային եւ ՀՀ պետական միակ լեզուն՝ հայերենը։ Ի՛նչ լեզվով պիտակի ասես՝ որ չենք հանդիպում. «դասական» դարձած անգլերենի եւ ռուսերենի կողքին հայտնվել են գերմաներենը, պարսկերենը, արաբերենը (խոստովանենք՝ առայսօր թուրքերենի չենք հանդիպել, բայց, այս ընթացքով, դա եւս չի բացառվում)… Այս խայտառակությունում իրար հետ «մրցում» են հանրապետության խոշորագույն արտադրողները, ինչպես «Գրանդ քենդին» եւ «Գրանդ սանը», «Վեդի ալկոն», Ավշարի գինու գործարանը, «Ջերմուկ գրուպը» եւ այլն։ Վերջերս, «Հայաստան-Սփյուռք» երկրորդ խորհրդաժողովի օրերին կազմակերպված հայրենական արտադրանքի ցուցահանդեսի ձեւավորման մեջ հայերենն ուներ երրորդական ներկայություն, իսկ ցուցանմուշների պիտակների շուրջ 70 տոկոսի մեջ հայերենը չկար… Սա համազգային եւ պետական խայտառակություն է։ Առավել ամոթալին այն է, որ այս երեւույթը լռելյայն խրախուսվում է ՀՀ պետական այրերի կողմից, կամ, լավագույն դեպքում, մատների արանքով են նայում դրան։ Այս երեւույթը անթույլատրելի է թե օրենսդրորեն եւ թե ազգային իմաստով։ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը հստակորեն սահմանում է հայերենի՝ որպես պետական միակ լեզվի կարգավիճակը։ Նույնը ամրագրված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում, որը պարտավորեցնում է հայերենի պարտադիր կիրառումը ՀՀ կյանքի բոլոր ոլորտներում։ Սխալ չհասկացվելու համար պարզաբանեմ, որ ես դեմ չեմ (ՀՀ օրենսդրությունն էլ դա չի արգելում) օտար լեզուների գործածությանը, մասնավորաբար օտարների համար նախատեսված ծառայությունների եւ արտադրությունների բնագավառներում, սակայն, հայերենի պարտադիր, առաջնային եւ գերակշիռ գործածության պայմանով։ Դիմում եմ ՀՀ իշխանություններին եւ արդյունաբերողներին ու պահանջում անհապաղ ուղղել այս թերությունը եւ վերացնել այս օրենսդրական խախտումը։ Հետեւելու եմ այս պահանջի կատարմանը եւ այդ մասին տեղեկացնելու եմ հայ հանրությանը՝ ՀՀ եւ Սփյուռքի պարբերական մամուլի միջոցով։ Հուսով եմ, որ դրա կարիքը չի լինի՝ եթե նախանձախնդիր ենք մեր ազգային արժանապատվությանը եւ ունենք պետական մտածողություն։ Հարգանքներով՝ ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ Հայրենաբնակ սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել