Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ի «հրովարտակը» ՄԸՀ-ին

Հունիս 29,2002 00:00

ԿԸՀ-ի «հրովարտակը» ՄԸՀ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս մարտ ամսին ընդունել է մի որոշում, որը, կարծում ենք, պետք էր վաղուց ընդուներ։ Նկատի ունենալով, որ ՀՀ-ում դեռեւս ամբողջությամբ չի իրականացվել նախկին անձնագրերի փոխանակումը ՀՀ նոր անձնագրերով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգել է ՀՀ տարածքի բոլոր ընտրական հանձնաժողովներին՝ ԽՍՀՄ դեռեւս օգտագործվող անձնագրերն ընդունել որպես անձը հաստատող պետական փաստաթուղթ։ Ի դեպ, այդ մասին պատահաբար տեղեկացանք վերջերս, մամուլից, որն այդ մասին արձանագրել է որոշումից ամիսներ անց։ Բայց դա այնքան զարմանալի չէ, որքան այն, որ Լոռու մարզային ընտրական հանձնաժողովն էլ է ուշ տեղեկացել. ԿԸՀ-ի «հրովարտակն» ուշացումով է հասել ՄԸՀ-ին. 2 ամիս անց։ Նշենք, որ դեռեւս հին անձնագրերի փոխանակման վերջին օրն էլ (2000թ. հուլիսի 1), ինչպես նաեւ դրանից հետո՝ արդեն ակնհայտ էր, որ մարդկանց մի զգալի մասը դեռեւս չի փոխանակել հին անձնագրերը (հետեւաբար, վաղուց պետք էր նման որոշում կայացնել)։ Մասնավորապես, Վանաձորի «մասով» այդ հարցը բարձրացվել է ոչ միայն մամուլում («Առավոտ», 3.10.2000թ., «Ովքե՞ր են իսկական քաղաքացիները»)։ Այդ մասին փոքր-ինչ ավելի ուշ արձանագրեց նաեւ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը՝ 2000թ. դեկտեմբերին Վանաձոր կատարած այցի ընթացքում։ Չենք կարծում, թե այդ հիմնահարցը կարող էր լինել միայն Վանաձորում (եւ ոչ թե նաեւ Հայաստանի այլ վայրերում). նույնիսկ ՌԴ-ում շատ քաղաքացիներ դեռեւս չեն փոխանակել հին անձնագրերը։ Եվ, այնուհանդերձ, 2000թ. հուլիսից հին անձնագրերի գործածության ժամկետը լրանալուց եւ այլեւս երկարաձգման նոր ժամկետ չսահմանվելուց հետո դրանց գործածությունն արգելվեց ընտրությունների ընթացքում։ Նշենք, որ 2000թ. հուլիսից այս կողմ բազմաթիվ ընտրություններ անցկացվեցին՝ տարբեր մակարդակներում (գյուղապետերն ու քաղաքապետերը ժամանակից շուտ էին փոխվում որոշ ընտրատարածքներում, քանի որ իրենց չէին «արդարացրել», երբեմն էլ մահացությունը կարող էր պատճառ հանդիսանալ՝ համայնքի ղեկավարի փոփոխման համար, ԱԺ պատգամավորներից ոմանք էլ նախարարական պորտֆել էին ստանում եւ թափուր ընտրատարածքներում նոր ընտրություն էր կայանում)։ Իսկ հին անձնագրերի գործածության արգելումը ընտրությունների ընթացքում սողանցք էր ստեղծում՝ ոչ ուղղակիորեն ներդրվող ընտրակաշառքի համար։ Չէ՞ որ անձնագիրը դեռեւս չփոխանակած քաղաքացին կարող էր շահագրգիռ չլինել ընտրություններին մասնակցելու հարցում, աչքի առաջ ունենալով այն, որ պետք է ՆԳ համակարգի դռներին վազվզեր՝ ինչ է թե տեղեկանք ստանար, որ ինքը քաղաքացի այսինչյանն է (իսկ մի՞թե հին անձնագիրն էլ դա չէր հաստատում)։ Անձնագրային բաժինն էլ, իր հերթին, պետք է տեղեկանք պահանջեր ԲՇՏ-ից, այն մասին, որ քաղաքացին տվյալ հասցեի բնակիչ է, ԲՇՏ-ն էլ իր հերթին պետք է հազիվհազ իր «դուռն եկած» քաղաքացուց պահանջեր վարձերը մուծել։ Ո՞վ այդ ամենի «զահլան» ուներ՝ անվճարունակ «հալով», եթե թեկնածուներն իրենք շահագրգիռ չլինեին այդ ամբողջ հոգսն իրենց վրա վերցնելու։ Այդ կարգով կայացած ընտրությունները, բնականաբար, չեն կարող համարվել արդար։ … Կարծում ենք, համապատասխան մարմինները, հետեւելով ԿԸՀ-ի որոշմանը, պետք է հին անձնագրերի գործածությունը թույլատրեն նաեւ որոշակի դեպքերում։ Օրինակ, ինչի՞ է նման, երբ քաղաքացին գնում է բանկ՝ արտերկրից իր անվամբ ուղարկված գումարը ստանալու, իսկ բանկը նրան մերժում է գումար հատկացնել, քանի որ անձնագիրը «սովետի» է. մի՞թե դրանից քաղաքացու անձը փոխվում է։ «Իմաց արեք, թող ՈվցսՌՐՏՉՈՑՖ անեն գործարքը, տպՐպՉՏՊ-ը ուրիշի անունով ուղարկեն կամ գնացեք 6-րդ ձեւը բերեք»։ Իսկ եթե քաղաքացին այդ պահին նեղ կացության մե՞ջ է, այդ գումարի հույսի՞ն։ Արդյո՞ք տեղին է այս դեպքում քաղաքացուց նոր անձնագիր կամ տեղեկանք պահանջելը։ Չէ՞ որ այս դեպքում խախտվում են նրա տարրական իրավունքները։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել