Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՍԴ-ՈՒՄ

Հունիս 29,2002 00:00

ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՑԵԼ ԵՆ ՍԴ-ՈՒՄ Ընտրական իմիտացիա Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց Շիրակի մարզի թիվ 67 ընտրատարածքի հետ կապված վեճի քննությունը։ Նախորդ նիստին, եթե հիշում եք, չէին ներկայացել ՍԴ հրավիրված 3 վկաները։ Նրանք երեկ ներկայացել էին։ Վկա Վարոս Ավոյանը («Ժողովրդական հայրենիք» կուսակցությունից) մարզային ընտրական հանձնաժողովի այն անդամներից է եղել, որը ունեցել է հատուկ կարծիք։ Թե ո՞րն է եղել հատուկ կարծիք ունենալու պատճառը, նա ասաց այսպես. «Պատճառը եղել է այն, որ իմանալով ընտրազանգվածը, մեծ թիվ էր եկել, որը բավականին կասկածելի էր։ Կասկածելի էր վստահված անձանց պասիվությունը»։ Մեծ թիվ ասելով վկան նկատի ուներ այն, որ գյուղում եղել է 400 ընտրող, իսկ ընտրությունների ժամանակ ընտրողներն… ավելացել է թիվը. 576 դառնալով։ Պատասխանելով ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի (ի դեպ, զեկուցողն է այս գործով) հարցին, թե 26 տեղամասերում «ԺՀ» կուսակցությունն ունեցե՞լ է իր ներկայացուցիչները, վկան պատասխանեց դրական։ «ԺՀ»-ն ունեցել էր նաեւ բոլոր տեղամասերում իր վստահված անձինք։ Իմիջիայլոց, ի պատասխան ՍԴ մեկ այլ անդամի՝ Ալվինա Գյուլումյանի հարցի, վկան հայտնեց, որ իրենց կուսակցությունը իր ներկայացուցիչներից եւ վստահված անձանցից որեւէ բողոք, ահազանգ չի ստացել։ ՄԸՀ մեկ այլ անդամ՝ վկա Ալբերտ Խաչատրյանը 5 տեղամասեր ստուգելու պահանջ է դրած եղել։ «Ակտիվ մասնակցել եմ ստուգումներին, արդյունքների վրա ազդող բան չեմ տեսել»,- ասաց նա։ Նույնպես հաստատեց, որ տեղամասերից բողոքներ չեն ստացվել։ «Եթե կեղծիքներ եղել են, տեղամասային հանձնաժողովներն են մեղավոր։ Ժամանակն է, որ մեկը պատասխան տա»,- շարունակեց վկան։ Ընտրակեղծիքների «տեխնոլոգիաների» մասին խոսելիս այս վկան չբացառեց, որ եղել են ընտրողներ, որոնք մեկը մյուսի փոխարեն քվեարկել են։ Երրորդ վկան մանկավարժ Ջուլիետա Ավետիսյանն էր (ԱԻՄ-ի անդամ), որի նկատմամբ քրգործ էր ժամանակին հարուցվել (63 ընտրատարածքի հետ կապված)։ Նա հաստատեց այդ տեղեկատվությունը, ասելով, որ «տվեցին, պայմանական»։ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներից Գեղամ Հակոբյանը եւս դատված է եղել, սակայն հետաքրքիր է, որ այս մասին Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մուրադ Գրիգորյանն իմացել է ՍԴ-ում իրենց ընտրատարածքի հարցը լսելու ժամանակ։ «Ընտրությունների ժամանակ Գեղամ Հակոբյանի վերաբերյալ ոչ բանավոր, ոչ գրավոր դիմում չի ստացվել»,- ասաց նա եւ ապա իր կարծիքը հայտնեց, որ ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը չպիտի զրկվի ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Ի դեպ, ըստ ՄԸՀ նախագահի (որը ՀՀՇ կուսակցության անդամ է), իրենք դիմելու են մարզային դատախազություն՝ Լեռնակերտի ընտրությունների հետ կապված։ Նա նշեց, որ վիճարկվող 5 համայնքների ընտրողներից ընդհանուր թվով 188-ի անձնական տվյալներն են եղել անհամապատասխան։ Սառնաղբյուրում՝ 31 տվյալ, Լեռնակերտում՝ 127 տվյալ։ Եվ որ ՆԳ մարզային վարչությունը 25 տվյալ չի ներկայացրել։ Դիմող կողմից եզրափակիչ խոսքով հանդես եկած Պետրոս Մակեյանը գնահատելով թիվ 67 ընտրատարածքում կատարվածը՝ ասաց, որ «եղել է ընտրությունների իմիտացիա»։ Խոսելով «պատիժը կրող» թեկնածուի՝ Գ. Հակոբյանի մասին, հայտնեց, որ նա հավաքել է 1688 ձայն եւ տարբերությունը մրցակցից եղել է 1273 ձայն։ Նա պնդեց իր պահանջը. անվավեր ճանաչել ընտրությունները, օրինախախտումներն ուղարկել դատախազություն եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին։ Պատասխանող կողմը՝ ՄԸՀ նախագահ Մուրադ Գրիգորյանը, անհիմն համարեց դիմումատուի պահանջները, գտնում էր, որ չի խախտվել ընտրական օրենսգիրքը, որ դիմումատուի քայլը միտված էր տպավորություն ստեղծել ՍԴ-ում եւ «որոշ լրատվամիջոցների լսելիքը շոյելու»։ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու համար մտավ խորհրդակցական սենյակ։ Խորհրդակցական սենյակում աշխատակարգային նիստի արդյունքում որոշվեց Մարզային ընտրական հանձնաժողովից պահանջել ընտրացուցակները։ Այսօր, ժամը 14-ին վերջնականապես կորոշվի թիվ 67 ընտրատարածքի ընտրությունների հարցը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել