Լրահոս
Օրվա լրահոսը

Անստվեր գործակալություն

Հունիս 29,2002 00:00

Անստվեր գործակալություն «Ես չգիտեմ, թե իմ նախորդը՝ Զարեհ Սարգսյանը ինչ փողերով ու երբ է դղյակ կառուցել, բայց անձամբ ես իմ օրինական եկամուտներով հաստատ չեմ կարող դղյակ կառուցել»,- երեկ պաշտոնապես հայտարարեց Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին։ Հարցը հետեւյալն էր՝ «Առավոտի» համարներից մեկում հրապարակվել է, որ Զարեհ Սարգսյանը պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում կարողացավ տեր դառնալ շքեղ դղյակի. արդյոք գործակալության պետի եկամուտները կարո՞ղ են ստեղծել նման հնարավորություն։ Դե պարզ է, եթե նույն պայմաններում նույն հարցը տայինք «նախորդ» Զարեհ Սարգսյանին, պետք է լսեինք նույն պատասխանը, առանց դույզն-ինչ կասկածելու, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան արդեն «ցրցամ» է տրված։ Իսկ որ գործակալության աշխատանքները խիստ թափանցիկ են, դռներն ու թղթերը միշտ բաց են բոլորի համար, մրցույթներն էլ կայանում են արդար ու անաչառ՝ «նախորդ» Զարեհ Սարգսյանն էլ էր ասում, թե ինչու բռնեցին ու խեղճ մարդուն գործից հանեցի՜ն… Ինչեւէ, Գագիկ Խաչատրյանը եկել էր «Հակաստվեր» կազմակերպության հրավերով, ու եկել էր ասելու, որ այդ առումով (հակաստվերային) իրենց վրա հույս չդնենք, այսինքն՝ իրենց մոտ ստվեր չկա եւ ուրեմն, հակաստվերի խնդիր էլ չկա ու չկա։ Մեր այն հարցին, թե գործունեության մեկուկես տարում վերահսկող ինչ կազմակերպություն է բախել գործակալության դռները, թեկուզ եւ անկախ փորձաքննության հանձնաժողովի տեսքով, պարոն Խաչատրյանը զարմացավ. «Մենք դրա կարիքը չունենք, մեր վերադաս ֆինանսների նախարարությունն ամեն օր էլ հսկում է մեր աշխատանքը»։ Այ, չգիտեինք, որ ստուգումներն արդեն կարիքով են կամ հրավերով։ Ամեն դեպքում, ՊԳԳ-ն չի կարող դրանից խուսափել (ուզի թե՝ չուզի), քանի որ շուտով մտադիր է նաեւ մատուցել վճարովի ծառայություններ։ Այս հնարավորությունը ստեղծվել է կառավարության նորաթուխ մի որոշմամբ, ըստ որի, ՊԳԳ-ն դառնում է առանձին իրավաբանական անձ, ինքը պետք է հոգա իր ծախսերը (տարեկան 108 մլն դրամ), եւ ուրեմն կարող է նաեւ իրեն թույլ տալ մասնակցել մրցույթներին որպես հայտատու, մատուցել վճարովի խորհրդատվություն եւ այլն։ Սպասենք ու տեսնենք, թե այս խառնաշփոթում բյուջեի փողերը խնայելու համար ստեղծված կազմակերպությունն ինչպես պետք է իր դերում մնա, երբ սկսեն «գին գցել» իր առաջարկած ապրանքից կամ ծառայությունից։ Ինչ վերաբերում է խնայված գումարներին. անցյալ տարի բյուջեի անտակ ճեղքը չի լայնացել 500 մլն դրամի, իսկ այս տարվա առաջին 5 ամսվա արդյունքներով՝ արդեն 440 մլն դրամի խնայողության հաշվարկով։ Ինչի հաշվի՞ն. բացատրությունը պարզ է՝ այս տարի գործակալության «թրի տակով են անցնում» բյուջետայինների ոչ միայն կահույքն ու բենզինը, այլեւ թուղթը, սնունդն ու դեղորայքը։ Բացի այդ, շինարարական աշխատանքների նախագծերի գները եղել են «առասպելական», իսկ այժմ դրանք «սուսուփուս» դառնում են «իրատեսական»։ «Երկիրը չունի դրանց գնահատման նորմատիվներ»,- պատճառաբանեց Գ. Խաչատրյանը,- ինչն էլ հիմք է հանդիսացել երբեմն անհեթեթ թվաբանության։ Եվ, ընդհանրապես, գնումների օրենքի գլխավոր նպատակը ոչ թե խնայողությունն է, այլ երկրում շուկայական գների ձեւավորումը, որ մեկը 20% շահույթ չունենա, մյուսը՝ 2»,- ասաց գործակալության պետը։ Այսինքն, «ազատ շուկա եւ շուկայական գներ»-ի քարոզարշավը մոտենում է իր ավարտին, եթե ճիշտ հասկացանք ասվածը։ Մի խոսքով, Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանն իրենց գործունեությունն իր պաշտոնավարման օրոք գնահատեց «հաջող», «անստվեր», մենք էլ հավատացինք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել