Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ԱՆՏԵՍՎԱԾ

Հունիս 29,2002 00:00

ԽԱՅՏԱՌԱԿ ՓԱՍՏԵՐԸ՝ ԱՆՏԵՍՎԱԾ Ջրվեժի պարկային տնտեսությունում թանգարանի համար նախատեսված այս շենքն այսպես անտերության է մատնված։ Արծաթափայլ եղեւնիներն էլ «լքում» են պարկը։ Իսկ տնտեսության տարածքում անօրինականորեն կատարվող թաղումների հետեւանքով շուտով մայրաքաղաքի գերեզմանոցների թվին կավելանա եւս մեկը՝ «Ջրվեժի պարկային գերեզմանոցը»։ Եւ այս ամենը՝ իրավասուների եւ պատասխանատուների քթի տակ։ Ականատեսները պատմում են, որ մի առիթով արգելոցապարկային համալիր այցելած բնապահպանության նախարարը չի կարողացել տարածք մուտք գործել՝ դարպասի բանալիները պահակի մոտ չլինելու պատճառով։ Իսկ բանալիները, ինչպես հավաստում են, տնօրենն իր հետ վերցրած է եղել։ Դատելով «Առավոտին» պարբերաբար հասնող տեղեկություններից, հանրապետությունում աշխուժացել է արծաթափայլ եղեւնիների բիզնեսը։ Թերթի նախորդ համարներից մեկում «Ո՞ւր գնացին եղեւնիները» հրապարակման մեջ արդեն խոսվել էր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի պոլիկլինիկայի բակից անհետացած 14-15 արծաթափայլ թանկարժեք եղեւնիների խնդրի վերաբերյալ։ Որտեղ Լոռու մարզպետը հավաստիացրել էր, որ «ոստիկանությունը կգտնի, կբերի հետ՝ իր տեղը կդնի»։ Օրերս «Առավոտին» հասած մեկ այլ տեղեկության համաձայն, այս անգամ մոտ 25-28 տարեկան 24 հատ արծաթափայլ եղեւնիներ անհետացել են Ջրվեժի պարկային տնտեսությունից։ Հարցի առնչությամբ Հատուկ պահպանվող տարածքների վարչության պետ Ռուբիկ Սարոյանը պատասխանեց, որ իրենց կողմից խնդիրն արձանագրված է, Աբովյանի ՆԳ բաժնում քրեական գործ է հարուցված եւ նախաքննություն է ընթանում։ Իսկ Ջրվեժի պարկային տնտեսության տնօրեն Վանիկ Միհրանյանն «Առավոտին» հայտնեց. «Եթե նույնիսկ ոստիկանությունը եղեւնիները հայտնաբերի էլ, այնուամենայնիվ, դրանք իրենց տեղը չեն կարող դրվել։ Քանի որ անփութորեն հանելու հետեւանքով արմատները վնասվել են եւ արդեն հուլիսին եղեւնիները չորացած կլինեն»։ Եթե մեր աղբյուրը չնշեր, որ կատարվածը որոշ ժամանակ գաղտնի է պահվել համապատասխան մարմիններից եւ որ միտում կա ոստիկանությունում գործը փակելու, ինչպես նաեւ ծանոթ չլինելով տեղանքին, մենք եւս հակված էինք տեղի ունեցածը գողություն որակել։ Խնդրին հանգամանալից ծանոթանալու համար եղանք Ջրվեժի պարկային տնտեսությունում։ Պարկի տնօրեն Վ. Միհրանյանի պարզաբանմամբ, դեպքը կատարվել էր մարտ ամսից ապրիլ ընկած ժամանակահատվածում, իր կարծիքով՝ շաբաթ, կիրակի օրերին. «Սկզբում անտառապահն ասաց, որ երեքն են տարել։ Հորդ անձրեւների պատճառով չէինք կարողանում ողջ տարածքը ստուգել։ Ասացի թող մնա, մինչեւ կուսումնասիրենք, կհետեւենք՝ կարող է նորից գան։ Անցավ մի քանի օր, հայտնաբերեցինք, որ յոթն են տարել։ Հանձնաժողով կազմեցինք, ստուգեցին եւ ներկայացրին ինձ։ Դիմեցինք ՆԳ եւ արդեն ամիսուկես է, քննություն է ընթանում»։ Մինչ Ջրվեժի պարկային տնտեսության տնօրենը ներքին գործեր էր «խաղում» եւ ուսումնասիրություններ կատարում, գողացված եղեւնիների թիվը հասել էր 24-ի։ Իսկ պահակների կողմից տարածքի հսկողության վերաբերյալ մեր հարցին Վ. Միհրանյանը պատասխանեց, որ իրենք չունեն համապատասխան հաստիքներ՝ ողջ տեղանքի պահպանությունն իրականացնելու համար. «Մեր պահակներն աշխատում են օրական 8 ժամ, շաբաթը՝ 5 օր։ Նրանց էլ մեղադրելու չէ. վեց ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել»։ Տնօրենից ճշտեցինք նաեւ տնտեսությանը հասցված վնասի չափը, որը հաշվարկվել էր 168 հազար դրամ, բայց քանի որ անտառն արհեստական է, ըստ նրա, թիվը եռապատկվել է՝ դարձել 569 հազար դրամ։ Հարցի լուսաբանման համար «Առավոտը» նաեւ դիմեց բնապահպանության ոլորտին ավելի մոտ կանգնած, կենսաբանական գիտությունների դոկտոր, արգելոցապարկային համալիրի գիտաշխատող Վոլոդյա Ոսկանյանին։ Ըստ պրն Ոսկանյանի, իր գործունեության հիմնական մասը նվիրված է դիտարկումների աշխատանքներին. «Շրջելու ժամանակ նկատեցի, որ մեծ թվով եղեւնիներ են հանված։ Զգացի, որ սա արտառոց երեւույթ է։ Ծառերը խնամքով հանված էին, իսկ ավելի խնամքով թաքցված՝ տեղը ճյուղեր էր լցված, որպեսզի չերեւա։ Դա արդեն ապրիլի 20-ն էր։ Եկա եւ անմիջապես տնօրենին զեկուցագիր գրեցի։ Այդքան ժամանակ թաքցված է եղել»։ Վ. Ոսկանյանը նաեւ նշեց, որ նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին անտառ-պուրակը չի տուժել ապօրինի ծառահատումներից, ի տարբերություն նմանատիպ եւ ավելի բարձր կարգավիճակ ունեցող հիմնարկների։ Մեզ ցույց տվեց Ջրվեժի պարկային տնտեսության հաստիքային աշխատողների ցուցակը, որտեղ կար գլխավոր անտառապետ, որն անմիջականորեն պատասխանատու է ողջ տարածքի համար։ Անտառապետ, հինգ անտառապահ, մեկ պահակապետ, 4 պահակ։ Վ. Ոսկանյանի խոսքերով. «Նրանց բոլորի գործը անտառն է։ Նկատել էին՝ թող ահազանգեին, չէ՞ որ դա կատարվել է մարտի 20-ից մինչեւ ապրիլի 6-7-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ վերջին հաշվով, այդ ծառերը բավականին մեծ են։ Երկու հատը մեկ բեռնատարում հազիվ տեղավորվի։ Դա պետք է դարպասներից հանեին։ 24 եղեւնին վերջնական թիվը չէ, խոսքը միայն այս տարվա հանածի մասին է։ Չեմ կարող ասել, թե աշնանը եւ անցած տարվա գարնանն ինչքան են հանվել։ Եթե մեկ տարի անցավ, խոտը կանաչեց, հնարավոր չի լինի հաստատել»։ Մեզ համար զարմանալի էր, որ պարկի տնօրենն այդպես էլ չհայտնեց որեւէ պատժվածի կոնկրետ անուն։ Տեղեկացանք, որ վերը թվարկած աշխատակիցներից որեւէ մեկը չէր պատժվել, նկատողություն չէր ստացել կամ աշխատանքից չէր հեռացվել։ Պրն Ոսկանյանի հետ պարկում շրջելիս ճանապարհը մեզ հասցրեց եղեւնիներից ոչ պակաս գրավիչ մի շենքի։ Ինչպես պարզեցինք, այն գրասենյակ ծառայելուց հետո նախատեսված է եղել անտառ-պուրակում թանգարանի համար, սակայն անտերության է մատնվել։ Հավելենք նաեւ, որ Ջրվեժի անտառտնտեսությունում առկա երեւույթներն այդքանով չէին սահմանափակվում։ Մի արտառոց երեւույթի եւս ականատես եղանք։ Արգելոցապարկային համալիրի հաշվեկշռում գտնվող շենքերի եւ շինությունների անմիջապես հարեւանությամբ անօրինականորեն թաղումներ են կատարվում։ Չնայած տնօրեն Վ. Միհրանյանը պնդում էր, որ տարածքը գերեզմանատան վերածելու գործում ինքը գործ չունի եւ դոկումենտալ թաղում չեն կատարում եւ ցանկապատով տարածքը տարանջատված է (ինչեւիցե, դա թողնում ենք դատախազության հայեցողությանը), այնուամենայնիվ, գերեզմանների քարերին նշված տարեթվերը 2001-2002-ին կատարված թաղումներ էին նշում։ Իսկ «Առավոտի» կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արծաթափայլ եղեւնիների բիզնեսն իսկապես շահավետ է։ Համապատասխան շուկայում վաճառվող թանկարժեք ծառատեսակի մեկ մետրանոցն արժե 30-40 ԱՄՆ դոլար, երկու-երեք մետրանոցը՝ 80-100, երեքից-չորսը՝ 200-300։ Մասնագետների հավաստմամբ, գարնանը դրանց գինը հասնում է 500-600 ԱՄՆ դոլարի։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Թեման սպառված չէ։ Առաջիկայում այս խնդրին էլի անդրադարձ կարվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել