Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն, որ կառուցվում է շենքի քթի տակ

Հունիս 29,2002 00:00

Տուն, որ կառուցվում է շենքի քթի տակ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն այս տունը կառուցում է՝ հաշվի չառնելով դեմ դիմաց գտնվող բարձրահարկ շենքի բնակիչների բազմաթիվ բողոքները։ Փոխնախարարն այս տունը սկսել է կառուցել պաշտոն ստանալուց հետո միայն։ Մինչ այդ նա աշխատել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դասախոս։ Արա Ավետիսյանը, ինչպես արդեն նշեցինք, ՀՀԿ անդամ է եւ, բնականաբար, նրան սատարում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Ա. Ավետիսյանը ոչ վաղ անցյալում ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանին պաշտոնանկ անելու գործընթացում մեծ ավանդ է ունեցել։ Բանն այն է, որ Ա. Ավետիսյանը ինքն էր հավակնում այդ աթոռին։ Սակայն քաղաքական նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտում ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանի իմացությունն ու կարողությունը հաշվի առնելով, Արա Ավետիսյանը չնշանակվեց ԿԳ նախարար։ Սակայն, ըստ հավաստի լուրերի, փոխնախարար Ավետիսյանին են վերապահվել բուհերի ընդունելություններին առնչվող բոլոր հարցերը։ Նրա համաձայնությամբ ու ցանկությամբ են ձեւավորվում բուհերում քննություններ ընդունող հանձնաժողովները։ Բացի դրանից, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող դպրոցական դասագրքերի հրատարակման համար ձեւավորված մրցութային հանձնաժողովում եւս վերջինս ունի խոշոր ազդեցություն։ Բացառապես նրա կամքով են ընտրվում հրատարակչական այն կազմակերպությունները, որոնք պետք է հանձն առնեն տպագրելու դասագրքերը՝ ապահովելով նաեւ դասագրքերի բովանդակությունը։ Այսինքն՝ այն ծրագրերը, որոնցով պետք է ուսուցանվեն դպրոցականները։ Իսկ որ դասագրքային բիզնեսը լուրջ ոլորտ է, կարծում ենք, դրանում կասկած չկա։ Իսկ թե ինչպիսի միջոցներով է նա սկսել իր տան շինարարությունը, թերեւս, արդեն ակնհայտ է։ Նրա նորակառույց տան հարեւանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բնակիչների խոսքերով, իրենց մի շարք բողոքներին Արա Ավետիսյանը ընդհանրապես ուշադրություն չի դարձրել։ Ընդհակառակը, որքան բողոքները շատանում են, նա այնքան արագացնում է շինարարական աշխատանքները։ Բնակիչները բողոքում են, պատճառաբանությամբ, թե՝ երբ տունը կառուցվի, իրենց տներում այլեւս բնական լույս չի լինի, քանի որ այն շատ մոտ է գտնվում։ Բացի այդ, նրանք զարմանում են, թե փոխնախարարի ինչին է պետք այդ տունը, երբ անգամ իրենք իրենց տանը հանգիստ ապրել չեն կարող։ Շենքի բնակիչները շատ պարզ կարող են տեսնել, թե ինչ է կատարվում տանը եւ բակում։ Ինչեւէ, Արա Ավետիսյանի մասին մտածում են նաեւ բնակիչները, չնայած բոլոր այն խնդիրներին, որոնք վերաբերում են իրենց ու կապված են այդ տան կառուցմանը։ Իսկ Արա Ավետիսյանին դա կարծես բոլորովին էլ չի հուզում։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել