Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐԱՅՐԸ ՓՈՐՎՈՒՄ Է

Հունիս 29,2002 00:00

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՐԱՅՐԸ ՓՈՐՎՈՒՄ Է ՀՀ իշխանությունները դարձյալ խախտում են իրենց իսկ գրած օրենքները՝ այս դեպքում ձեռք բարձրացնելով քարե դարի մշակույթի վրա: Խմբագրություն ահազանգեց հնագետ Բենիկ Երիցյանը։ Նրան մտահոգող հարցը Երեւանի թիվ 1 ամենահին քարայրն է, որի հարակից մասը Հայաստանում ԱՄՆ դեսպանության նոր մասնաշենքի համար տրամադրված տարածքի մեջ է (Երեւանյան լճի մոտ) եւ որտեղ շինարարական աշխատանքներ են տարվում։ Հնագետը խնդրեց շտապ իր հետ գնալ տեղանք եւ տեղում տեսնել վիճակը։ Լուսանկարելու ընթացքում շինարարների մեջ անհանգստության նշաններ էին նկատվում։ Մոտեցանք շինարարության ամերիկացի ղեկավարին՝ թույլտվություն վերցնելու հնագետի հետ ցանկապատի ներսում լուսանկարելու։ Վերջինս ասաց, որ դա անելու համար նախապես պետք է թույլտվություն խնդրել եւ տեղյակ պահել ԱՄՆ դեսպանատանը։ Այդ իսկ պատճառով մենք դուրս եկանք տարածքից եւ լուսանկարել ենք միայն ճաղերի ետեւից։ Ըստ Բ. Երիցյանի, Երեւանի այս քարայրը զուտ հնագիտական համաշխարհային նշանակություն ունի, այն պեղվել է 1967-75թթ.՝ հայ եւ օտար հնագետների համատեղ արշավախմբի կողմից։ Ստացվել են շատ հետաքրքիր նյութեր, որոնք բոլորը թվագրված են։ «Այս մշակույթն ամենահինն է ամբողջ տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում եւ ավելին, որովհետեւ միջին շերտը թվագրված է 49 հազար տարի, մ.թ.ա.։ Այդպիսի թվագրությունը համապատասխանում է նաեւ ինդուստրիայի որակին՝ քարի, օբսիդիանի ինդուստրիան, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 25 հազար իր, բոլորը պատրաստված միատեսակ նյութից եւ ամբողջովին գենետիկորեն շաղկապված իրար հետ։ Մշակույթը ներկայացված է 7-8 շերտով, որոնք հերթականությամբ տալիս են այդ հսկայական ժամանակի ողջ զարգացումը։ Այդ նույն մշակույթը հենց նույն տեղում վերափոխվում է մի նոր մշակույթի, որն արդեն քարե դարի ավարտն է։ Հետեւաբար, այդպիսի մշակույթ մենք տարածքում չունենք։ Ունենք դրա տարբեր կտորները՝ տարբեր քարայրներում։ Քարայրները շատ են, բայց նման օբյեկտ, ինչպիսին Երեւանի քարայրն է՝ չունենք»,- ասաց Բենիկ Երիցյանը։ Բ. Երիցյանն արդեն 30 տարուց ավելի զբաղվում է այս եւ այլ քարայրներով եւ այս քարայրի ընդամենը 1/3-ն է պեղվել։ Մնացածը պատված է եւ կոնսերվացված։ Նա պեղել է նաեւ Հայաստանի 100-ի մոտ քարայրներ Երեւանում, Հրազդանի կիրճում, Լուսակերտում, Արզնիում։ Եվ մասնագետները շատ քիչ են, Բ. Երիցյանը իր ասպիրանտների հետ եզակի աշխատանք է կատարում։ Անցյալ տարվա օգոստոսին մի թղթակցից նա իմացել է կատարվածի մասին եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանին՝ պարզելու ինչ է կատարվում եւ ում են հանձնել տարածքը։ «Խնդրեցի, որ մեքենայով գնանք-պարզենք, թե ինչ հատված են տվել եւ ինչ իրավունքով։ Իհարկե, հրաժարվեցին գալ ինձ հետ, ասելով, թե պայմանագիրը ստորագրված է եւ նախատեսված են ապահովության միջոցներ, այսինքն, եթե հնագիտական նյութեր լինեն (պայմանագրում այդպես էլ գրված է)՝ նրանք մեզ կահազանգեն։ Շատ կասկածելի է. սովորական շինարարն ինչպե՞ս պետք է դա հասկանա, երբ ոչ բոլոր մասնագետներն են կարողանում դա տեսնել։ Ես անմիջապես եկա եւ դեսպանատան աշխատողներին դիմեցի, որ ցանկապատի դուռը բացեն, որպեսզի փորված մասը տեսնեմ։ Իմ աշխատակցի հետ մոտ 20-30 նյութ հավաքեցինք այդ փորված տեղից, որը ճիշտ նման էր Երեւանի քարայրի նյութերին՝ տակի քարայրից պեղված։ Ահա ինչու մենք որոշեցինք անպայման հետեւել. վերեւի շերտերում կարող են լինել նաեւ ուշ շրջանի նյութեր։ Դա բազմաշերտ հուշարձան է եւ այդ տարածքը պարտադիր ենթակա է ուսումնասիրության։ Ուսումնասիրությունները դադարեցվել էին միջոցներ չլինելու պատճառով միայն»,- ասաց Բ. Երիցյանը։ 30 տարուց ավելի այդ նյութով, քարայրները ուսումնասիրելով ապրող հնագետը հուզված էր։ ՀՀ օրենքներով յուրաքանչյուր շինարարական աշխատանքի ժամանակ, յուրաքանչյուր տարածք անպայման պետք է հետազոտվի հնագիտորեն եւ հնագիտական հետազոտությունների բոլոր միջոցները պետք է տրամադրի շինարարությունն իրականացնող կազմակերպությունը։ Ամբողջ մեղքը ՀՀ իշխանություններինն է, որոնք նախ իրենց իսկ ընդունած օրենքները չգիտեն կամ չեն հարգում գիտակցաբար, եւ երկրորդ (ամենավտանգավորը), որ չեն գիտակցում՝ ինչ է նշանակում մշակույթ, համաշխարհային նշանակության հուշարձան, որը թե՛ մշակութային, թե՛ քաղաքական ռազմավարական նշանակություն կարող է ունենալ։ Հնագիտության ինստիտուտի տնօրենը եւ Բենիկ Երիցյանը արդեն երկու անգամ նամակով դիմել են ԱՄՆ դեսպանությանը՝ խնդրելով թույլ տալ հնագիտական հետազոտություն կատարել այդ կարեւոր նշանակության օբյեկտում եւ ճշտել՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանությունը ֆինանսավորելու է հնագիտական աշխատանքները։ Բ. Երիցյանի հավաստմամբ, դեռեւս ԱՄՆ դեսպանությունից նամակներին պատասխան չի տրվել։ «Մենք աչքի լույսի պես պետք է պահենք մեր մշակույթը, այդ քարայրը, որում ներկայացված է մեր ողջ նախասկիզբը, մեր ողջ գենոֆոնդը։ Այդքան խոսում են մեր ակունքներից, բայց ոչինչ չգիտեն, ավելին, քայլեր են ձեռնարկում առանց մասնագետների կարծիքն իմանալու։ Մարդիկ որպես կենդանի կարող են կենսաֆոնդ ունենալ, բայց մշակութայինը, մարդկային գենոֆոնդը մշակութային է մեզանից դուրս եւ ոչ թե մեր մեջ։ Եթե այդ ամբողջը չունենայինք, ի՞նչ էր իրենից ներկայացնելու մարդը՝ ոչնչություն։ Միայն մշակույթի հետ մարդը կարող է լինել բազմությունների, հասարակությունների դեմ, որովհետեւ ինչպես Անտոնիոսն էր ասում՝ դրանք քարեր չեն, դրանք մարդիկ են։ Քարի երկիր Հայաստանն այսօր զուրկ է իր ամենամեծ հարստություններից։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու ենք այսքան դատարկ մնացել»,- հուզված էր հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Երիցյանը, որն այժմ էլ աշխատում է հնագիտության ինստիտուտում։ Հույս ունենք, որ այս հրապարակումը փոքր-ինչ կսթափեցնի ուղեղները եւ կարձագանքեն համապատասխան մարմինները։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել