Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ

Հունիս 29,2002 00:00

ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը դիմել էր Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին՝ վերանայելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի՝ 31.05.2002թ. վճիռը, որով Մ.Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ բացառությամբ մեկի եւ դատապարտվել 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամի չափով տուգանքի: Ընդ որում, վերջինս, ըստ հիշյալ վճռի, ազատազրկումը պետք է կրի ուժեղացված ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Ռ.Գրիգորյանի որակմամբ, այդ դատավճիռն անօրինական է եւ անարդարացի: Վերաքննիչ դատարանին ներկայացրած իր բողոքում փաստաբանը մանրամասնորեն շարադրել է իր այդ գնահատականի հիմնավորվածությունը, որը հարկ ենք համարում մասնակի կրճատումներով ներկայացնել ընթերցողի ուշադրությանը՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ ՔՊԻՎ նախկին պետը նախագահ Ռ.Քոչարյանի վարչապետության եւ նախագահության օրոք՝ 1998-2000թթ., աշխատել է ՆԳ համակարգում եւ զբաղեցրել Կալանավայրերի վարչության պետի պաշտոնը եւ կալանավորվել է միայն այն բանից հետո, երբ հրապարակավ հայտնել է իր կասկածները «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության կազմակերպմանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առնչությունների մասին: Գործով վկա քննիչը Վերաքննիչին ներկայացրած իր բողոքում Կալանավայրերի վարչության նախկին պետի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարել է, թե Մ. Սաղաթելյանին ՀՀ քր. օր.-ի 183 հոդ. 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ինչպես նրան առաջադրված մեղադրանքների այլ դրվագներով՝ «կեղծ դիպլոմ» եւ այլն, եւս անօրինական են, որի մասին պաշտպանության կողմի միջնորդությունը դատավճռով չի քննարկվել ու առանց պատճառաբանության չի ընդունվել: «Նախաքննական մարմնի կողմից այդ դրվագով որպես կատարված հանցագործության մասին հաղորդում է դիտվել ՀԿԳ քննիչ Հ. Բաբայանի կողմից իր ավտոմեքենայում 04.10.2001թ. հայտնաբերված անվերնագիր, անհասցե եւ անստորագիր մի նամակ, որը տեղեկանք կազմելով քննիչը կցել է Մ. Սաղաթելյանի վերաբերյալ իր վարույթում գտնվող քրեական գործին եւ կատարել նախաքննություն: ՀՀ քր. դատ. օր.-ի 177 հոդ. 7-րդ մասի համաձայն, այդպիսի նամակները քրգործ հարուցելու առիթ՝ հանցագործության մասին հաղորդում չեն հանդիսանում, որի հիման վրա քննիչի կատարած այդ դրվագին վերաբերող բոլոր գործողություններն անօրինական են, արդյունքներն ստացվել են ՀՀ քր. դատ. օրենսգրքի սկզբունքների եւ այլ ընդհանուր դրույթների խախտումներով, ուստի քրեական գործի վարույթն այդ մասում պետք է կարճել եւ դադարեցնել քրեական հետապնդումը: Նշված խախտումներից բացի, Մ. Սաղաթելյանի մեղադրանքը՝ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատավճռով, ձեւակերպված է անորոշ, առանց մատնանշելու, թե ՀՀ ՆԳՆ ՔՊԻ վարչության պետի պաշտոնեական լիազորությունների սահմանը Մ.Սաղաթելյանը ո՞ր գործողություններով է անցել, դրանց անթույլատրելիությունը օրենսդրական կամ ենթաօրենսդրական ո՞ր ակտի, ո՞ր հոդվածի կամ կետի ո՞ր պահանջով է նախատեսված, եթե դրանք առկա են, ինչո՞ւմն է արտահայտվում պատճառած վնասը, ինչո՞ւ է այն համարվում էական (500000 դրամից ոչ պակաս), ո՞ւմ է այն պատճառվել: Դրանք դիտավորության ու ակնհայտության հետ միասին ՀՀ քր. օր.-ի 183 հոդ. 1-ին մասի հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը որոշող հատկանիշներն են: Դատավճռով ձեւակերպված է, որ ազատազրկման դատապարտված Գարիկ Արզումանյանը՝ որոշելով ազատազրկման վայրից փախուստի դիմել, 2000թ. փետրվարին թիվ 1 քննչական մեկուսարանի պետի միջոցով դիմել է ՔՊԻ վարչության պետ Մ. Սաղաթելյանին եւ հայտնել, որ գիտի մի տեսաերիզի մասին, որում նկարահանված է, թե ինչպես են 27.10.1999թ. տեռորիստական ակտի կազմակերպիչները քննարկում հանցագործության կատարմանը վերաբերող հարցեր, ակնարկել, որ այնտեղ կան Մ. Սաղաթելյանին հետաքրքրող բոլոր անձինք: Մ. Սաղաթելյանը թույլ է տվել իշխանազանցություն եւ առանց իր անմիջական ղեկավարության՝ ՆԳՆ ղեկավարության ու տեռորիստական ակտի փաստի առթիվ հարուցված քր. գործը քննող քննչական խմբի ղեկավարության հանձնարարության կամ գիտության, ձեռնմուխ է եղել Գ. Արզումանյանի հիշատակած տեսաերիզի որոնմանը, որի ընթացքում դատապարտյալ Գ. Արզումանյանին մեկուսարանից, առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման, տեղափոխել է տվել եւ շուրջ 6-7 օր անօրինական կարգով պահել ՆԳՆ ՔՊԻ վարչության պետի տեղակալի աշխատասենյակում: Մ. Սաղաթելյանը Գ. Արզումանյանին Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի աշխատակիցներ Մ. Միքայելյանի, Մ. Հակոբյանի եւ այլոց ուղեկցությամբ տարել է Երեւանի Խանջյան փողոցի վրա գտնվող «2×2» սրճարան, Արարատի մարզի Վեդի ավան եւ փորձել ձեռք բերել գոյություն չունեցող այդ տեսաերիզը, սակայն, համոզվելով, որ Գ. Արզումանյանը խաբել է, նրան վերադարձրել է քննչական մեկուսարան: Իրեն խաբելու համար դատապարտյալ Գ. Արզումանյանին Մ. Սաղաթելյանը տեղավորել է տվել մեկուսարանի պատժախցում: Չվիճարկելով Գ. Արզումանյանի կալանավայրից փախուստի դիմելու դիտավորության, այն իրականացնելու նպատակով Մ. Սաղաթելյանին տեսաժապավենի ձեռք բերման հնարավորության վերաբերյալ սուտ տեղեկություն հաղորդելու, մեկուսարանից ՔՊԻՎ պետի տեղակալի աշխատասենյակ տեղափոխելու, մեկուսացված պահելու, նրա հաղորդումն ստուգելու համար կատարված տեղաշարժերի մասին Գ. Արզումանյանի ու վկաների ցուցմունքների արժանահավատությունը, պաշտպանության կողմը հայտարարել է, որ Մ. Սաղաթելյանի այդ արարքը հանցակազմ չի պարունակում, քանի որ Մ. Սաղաթելյանը ստացած օպերատիվ հաղորդումը ստուգելու, հավաստիությունը պարզելու համար ի պաշտոնե կարիք չուներ վերադասի կամ քննչական խմբի ղեկավարի կամ որեւէ այլ հանձնարարություն ստանալու, այդպիսի հանձնարարություն է հանդիսանում ինչպես ՀՀ «Ոստիկանության մասին» Օրենքի 2-րդ հոդ. 1-ին մասի 4-րդ կետով, 20 հոդ. 2-րդ մասով, այնպես էլ՝ «Օպերատիվ-հետախուզական աշխատանքի մասին» գործող օրենքով սահմանված պարտականությունը՝ հանցագործությունների հայտնաբերումը ու բացահայտումը. օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու իրավունքը: Մ. Սաղաթելյանի գործողությունների հետեւանքով պետական շահերի կամ անձանց էական վնաս չի պատճառվել, դատապարտյալ Գ. Արզումանյանի՝ որպես կալանավոր, կարգավիճակը չի փոխվել, հօգուտ նրա որեւէ չթույլատրված գործողություն չի կատարվել: Այն հանգամանքը, որ Գ. Արզումանյանի հետ կատարված գործողությունները փաստաթղթային ձեւակերպում չեն ստացել, կարող է հիմք հանդիսանալ մեղավորներին կարգապահական, բայց ոչ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քրեական դատավարության ու նյութական իրավունքի նորմերի խախտումների հիման վրա ՀՀ քր. օր.-ի 183 հոդ. 1-ին մասով մեղադրանքով քր. գործի մասը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը դատավճռով չի քննարկվել եւ փաստորեն առանց որեւէ պատճառաբանության չի ընդունվել: Վերաբերմունք ցույց չի տրվել նաեւ Գ. Արզումանյանի գործողություններին՝ այն պարունակում է ՀՀ քր. օր.-ի 15-203 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցակազմ, սակայն ՀՀ քր. դատ. օր.-ի 184 հոդ 1-ին մասի պահանջները նոր գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին միջնորդությամբ դատախազին դիմելու մասին չեն կատարվել»,- հայտարարել է փաստաբանը: Փակագծերը կբացվե՞ն Դատավճռով Մ. Սաղաթելյանի ՀՀ քր. օր.-ի 183 հոդ. 2-րդ մասով մեղադրանքի ծավալի մեջ են մտել նրան վերագրվող բռնարարքներ, որոնք, իբր, տեղի են ունեցել 09.11.1994թ.-ին՝ փախուստի դիմած եւ բռնված դատապարտյալներ Վ.Դորոգոնովի եւ Ռ. Զորոյանի, 21.06.1995թ.-ին՝ ՀՀ պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելու կասկածանքով բերման ենթարկվածներ, ՀՀ ՆԳՆ նախկին բարձրաստիճան սպաներ Գ.Գրիգորյանի, Էդ.Աղաբալովի, Գ.Մարգարյանի եւ Հովհ.Աղիարյանի, 26.09.1996թ. տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչության հերթապահ մաս բերման ենթարկված, ձերբակալված Գ.Մկրտչյանի, Ա.Արշակյանի, Դ. Վարդանյանի, Հովհ. Դավթյանի, իսկ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչությունում՝ Ֆ.Բերիկյանի, Մ.Մեղավորյանի եւ Ա. Վարդանյանի, 05.11.1999թ.-ին՝ ԱԺ-ում կատարված տեռորիստական ակտի կապակցությամբ ձերբակալված եւ ՀՀ ԱԱՆ քննչական մեկուսարանում գտնվող Միսակ Մկրտչյանի նկատմամբ: «Մեղադրանքի այդ դրվագներով, մեր կարծիքով, թույլ են տրվել քրեա-դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք բավարար հիմք են հանդիսանում գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու համար»,- ընդգծել է Ռ.Գրիգորյանն ու փաստարկել. «Ռ. Զորոյանի ու Վ. Դորոգոնովի կողմից այլ դատապարտյալների հետ միասին 09.11.1994թ. Գորիսի բանտ տեղափոխվելիս ուղեկցող միլիցիայի աշխատողների վրա նրանց կյանքի ու առողջության նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու միջոցով փախուստի դիմելու, ապա՝ բռնվելու փաստի առթիվ դեպքից անմիջապես հետո ՀՀ ՆԳ նախարարության կողմից կատարվել է ծառայական քննություն, հարուցվել է քրգործ, մեղավորները դատի են տրվել ու դատապարտվել: Դատապարտվել է նաեւ Վ. Դորոգոնովը: Փախուստը կազմակերպած ու իրականացրած Ռ. Զորոյանը մահացել է, որի կապակցությամբ Գորիսի միջշրջանային դատախազության կողմից նախապատրաստվել են նյութեր, պարզվել մահվան պատճառներն ու 7.11. 1994թ. որոշմամբ քր. գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Նշված բոլոր ստուգումներով որեւէ մեկը, այդ թվում՝ Վ. Դորոգոնովը, չեն հայտնել, որ Ռ. Զորոյանի կամ որեւէ այլ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել: ՀՀ Գլխավոր դատախազությունը, խախտելով ՀՀ քր. դատ. օր.-ի 21 հոդ. 2-րդ մասի եւ 4-րդ մասի պահանջները, քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվելուց ՅՈԹ տարի անց իր որոշմամբ այն վերացրել է՝ թերի քննություն կատարված լինելու պատճառաբանությամբ՝ առանց քրգործ հարուցելու, այդ նյութերում հանցակազմի առկայություն նշելու, ոչ մի ակնարկ չունենալով դրանում Մ. Սաղաթելյանի մեղավորության մասին, հանձնարարել է ՀԿԳ քննիչին՝ նյութերը միացնել Մ. Սաղաթելյանի վերաբերյալ հարուցված քր. գործին եւ համատեղ քննություն կատարել: Խախտվել են ՀՀ քր. դատ. օր.-ի 175 հոդ., 180 հոդ. 1-ին մասի, 181,182,192 հոդ. 1-ին մասի եւ 28 հոդվածների պահանջները: Դատավճռով չի քննարկվել ու չի գնահատվել Ռ. Զորոյանի իրավահաջորդ Գ. Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը ՀՀ Գլխավոր դատախազություն հեռագիր չի տվել, պահանջել է միայն ամուսնու դիակը հանձնել իրեն, նրան ծեծելու մասին տեղեկություններ չի ունեցել եւ, բնականաբար, այդ մասին բողոք չի ներկայացրել: Չի պատճառաբանվել, թե ինչու է ընդունվում այդ դրվագով իրարամերժ ցուցմունքներ տված վկաներից նրանց ցուցմունքները կամ ցուցմունքների այն մասերը, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են մեղադրանքը հաստատելուն, թեեւ ամբողջապես հակասում են նրանց դեռեւս 1994թ. տված բացատրություններին: Մեղադրանքն ապացուցված լինելու մասին նշված չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրվողի, որը, մեր կարծիքով, դատավճռով չի արվել, թույլ է տրվել ՀՀ քր. դատ օր.-ի 18 հոդ. 3-րդ եւ 4-րդ, 127 հոդ. 1-ին մասի պահանջների խախտում: Վ. Դորոգոնովը կալանքից փախչելու համար դատապարտվել եւ պատիժ է կրում: Չնայած դրան, նա նույն գործի փաստական հանգամանք հանդիսացող մեղադրանքով տուժող է հանդես գալիս եւ բացառապես այդ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ տուժողի ցուցմունքների վրա է հիմնվում Մ. Սաղաթելյանի մեղադրանքը, որն ակնհայտորեն գործի ելքով շահագրգռված անձ է: Այդ դրվագով չի պահպանվել ՀՀ քր. դատ. օր.-ի 408-410 հոդվածների պահանջները ուստի եւ մեղադրանքն անօրինական է ՀՀ քր. դատ. օր.-ի 398 հոդ. 1-ին մասի համաձայն: Այդ մեղադրանքի մյուս դրվագներով Մ. Սաղաթելյանի մեղքը հաստատված է համարվել գործի ելքով շահագրգռված տուժողների ցուցմունքներն անվերապահորեն ընդունելու միջոցով, առանց այդ կապակցությամբ Մ. Սաղաթելյանի առարկությունները քննարկելու եւ գնահատելու: Մ. Սաղաթելյանին մեղադրելու բուռն ձգտումը տեղի է տվել նրան, որ տուժող ճանաչված Գեորգի Գրիգորյանի ցուցմունքներն այն մասին, որ իրեն Մ. Սաղաթելյանը չի ծեծել, ծնոտը 2 տեղից կոտրվել է Մ. Նանագուլյանի՝ ատրճանակի կոթով հարվածից, ե՛ւ նախաքննությամբ, ե՛ւ դատավճռով վնասվածի պատճառը վերագրվել է Մ. Սաղաթելյանին: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները վնասվածքների առաջացման ժամկետների առումով կատեգորիկ չեն, իսկ գործով չի բացառվել դրանց առաջացումը ինչպես զանգվածային անկարգությունների ընթացքում, այնպես էլ այն անձանց գործողությունների հետեւանքով»,- նկատել է Մ.Սաղաթելյանի փաստաբանը: Դատավճռով հաստատված է համարվել, որ Մ. Սաղաթելյանը բռնություն է գործադրել Մ. Մկրտչյանի նկատմամբ քննիչի աշխատասենյակում՝ ԱԱՆ քննչական մեկուսարանում, մինչդեռ այդ մեղադրանքը քր. գործի ապացույցներով հերքված է: Ռ.Գրիգորյանն իր բողոքում ընդգծել է. «Մ.Մկրտչյանին հարցաքննած քննիչ Խ. Ղալթախչյանի ցուցմունքով հաստատված է, որ հարցաքննության ընթացքում որեւէ կողմնակի անձ ներկա չի եղել, ներս չի մտել եւ Մ.Մկրտչյանին չի ծեծել»: Իսկ վկաների ցուցմունքների սկզբնաղբյուրը տուժող Մ. Մկրտչյանի հաղորդումն է եղել: «Ակնհայտ է, որ Մ.Սաղաթելյանին առաջադրված այս մեղադրանքը հիմնավորված չէ եւ այն ենթակա է կարճման»,- եզրակացրել է փաստաբան Ռ. Գրիգորյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930