Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւը սպառնում է, աշխարհը՝ լռում

Հունիս 29,2002 00:00

Ալիեւը սպառնում է, աշխարհը՝ լռում Նախորդ հրապարակման մեջ («Առավոտ», թիվ 112, էջ 4) ենթադրել էինք, որ Ալիեւի եւ Պուտինի պետերբուրգյան մերձեցումը կարող է ոչ բարենպաստ հետեւանքներ ունենալ ղարաբաղյան խնդրի համար։ Ցավոք, այդ ենթադրություններն ամրապնդվում են։ Հենց Ռուսաստանից վերադառնալուց հետո Ալիեւը արեց երկու ապակայունացնող հայտարարություն. մեկը վերաբերում էր Մեղրի- Լաչին միջանցքների փոխանակման գաղափարին բանակցությունների ժամանակ, իսկ մյուսը կոչ էր անում ադրբեջանական զորքերին պատրաստ լինել ազատագրել «գրավյալ» տարածքները։ Հեյդար Ալիեւը նախկինում էլ էր նման հայտարարություններ եւ գաղտնազերծումներ անում։ Սակայն այդ դեպքերում «միջազգային հանրությունը» եւ Մինսկի խմբի համանախագահները անմիջապես արձագանքում էին եւ «կարգի հրավիրում» Ադրբեջանի նախագահին։ Իսկ հիմա նրանք լռում են, իսկ դա վատ նշան է մեզ համար։ Կամ Ալիեւը համաձայնեցրել է իր «վրաերթը» Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ, կամ նրա սկսած խաղը ձեռք է տալիս նրանց եւ արտահայտում բոլորի ցանկությունը։ Բացառությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, իհարկե։ Ըստ բոլոր հատկանիշների, Ղարաբաղի գլխին, ինչպես 1997 թվականին, լուրջ ամպեր են կուտակվում։ Դրության լրջությունը ոչ մի կերպ չի ուզում գիտակցել Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ կամ ուղղակի ձեւացնում են, կամ ունակ չեն հասկանալու։ Նախագահ Քոչարյանը պնդում է, որ բանակցությունների ժամանակ Մեղրու տարբերակը շոշափվել է միայն որպես այդ միջանցքով ադրբեջանցիների երթեւեկման հնարավորություն։ Չգիտես, թե ում հավատալ։ Չէ՞ որ Ալիեւը պնդում էր հենց տարածքային փոխանակման տարբերակի վրա։ Ի դեպ, մինչ օրս հայկական իսթեբլիշմենտը չի հրապարակում բանակցային փաստաթղթերը, անտեսելով ընդդիմության բոլոր պահանջները։ Դժվար է ենթադրել, որ նա միաժամանակ կհանդգներ ե՛ւ բացահայտել բանակցային տարբերակները, ե՛ւ սուտ խոսել։ Համենայնդեպս, ենթադրենք, որ խոսքը միայն երթեւեկման մասին էր։ Ակնհայտ է, որ այդ դեպքում էլ միջանցքը կվերահսկեն ադրբեջանական եւ ՆԱՏՕ-ական զինվորականները։ Ուստի Հայաստանը եւ Ղարաբաղը մեկուսացվում են Իրանից, իսկ Ադրբեջանը ուղիղ ցամաքային հաղորդակցություն է ստանում Թուրքիայի հետ, ինչը կործանարար կլիներ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Պարզ է, որ Մեղրու տարբերակի անգամ հիշատակումը բանակցային գործընթացում անթույլատրելի է եւ խոսում է հայկական դիվանագիտության դիրքի թուլության մասին։ Դրա մասին է վկայում նաեւ Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը։ Նա ինքն իրեն հետաքրքրված կողմ է հայտարարել, իսկ Հայաստանը դա միանշանակ ընդունել է։ Հիշեցնենք, որ 1988-ից ի վեր հայկական կողմը միշտ կտրականապես մերժում էր Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին։ Ի՞նչ կատարվեց, ո՞վ է պատասխանատու նրա համար, որ ԼՂՀ-ն դուրս է բերվել բանակցային գործընթացից, իսկ նրա տեղը զբաղեցրել է «բարեկամական» Թուրքիան։ Ահա արդեն ՀՀ արտգործնախարար Օսկանյանը շտապեց հանդիպել Թուրքիայի իր գործընկեր պրն Ջեմի հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները եւ… Ղարաբաղի խնդիրը։ Հիշեցնենք, որ դեռ հանդիպումից առաջ նախարար Ջեմը հայտարարել էր, որ այդ հանդիպման ընթացքում պետք է վերջակետ դրվի բոլոր տարածքային խնդիրներին։ Իսկ ավելի շուտ արդեն պրն Էջեւիթն էր հայտարարել, որ անկախ ղարաբաղյան խնդրից, Նախիջեւանը (այսինքն եւ Թուրքիան) պետք է ուղիղ կապ ունենան Ադրբեջանի հետ։ Նման լկտի պահվածք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո թուրքերը դեռ չէին դրսեւորել։ Թույլ են տալիս ուրեմն։ Դեռ թուրքերին դաս տալու մեծ գիտակ Ալեքսանդր Սուվորովն ասում էր. «ՁՐցՊվՏ ՏրՑՈվՏՉՌՑՖ ՑցՐՍՏՉ, ՍՏչՊՈ ՏվՌ վՈրՑցտՈ254Ց, վՏ ՍՏչՊՈ ՏվՌ ոպչցՑ – Ռւ ՏրՑՈվՏՉՌՑՖ վպՉՏջՎՏՋվՏ!» (մտքի երկրորդ մասը իր փայլուն հաստատումը ստացավ ղարաբաղյան մարտերում)։ Սակայն հայ-թուրքական բանակցություններն անցան շատ «ջերմ մթնոլորտում» եւ ինչպես հայտարարվեց ի լուր աշխարհի, հայ-թուրքական հարաբերությունները մեծ հեռանկար ունեն։ Սական թուրքական մամուլը այդ հարցում ընդունեց զուսպ խստության կեցվածք։ Քաղաքագետ Լեւոն Ղազարյանի կարծիքով, Ադրբեջանը եւ Թուրքիան վարպետորեն խաղարկում են Հայաստանի ղեկավարության հետ խիստ եւ բարի քննիչի վարքագիծ՝ աստիճանաբար տանելով դեպի թակարդ, հնարավոր է ավելի վտանգավոր, քան 1997 թվականին։ Կարելի է համաձայնել, ըստ որում, այդ քայլերը արվում են կամ աշխարհի խոշոր տերությունների համաձայնությամբ, կամ հաշվի առնելով նրանց կարծիքը։ Ի՞նչ անել։ Ղեկավարությունը չի տեսնում վտանգը, քաղաքական էլիտան հիմնականում անտարբեր է, իսկ ժողովուրդը պարզապես հոգնել է։ Միգուցե առաջիկա ՀՀ նախագահի ընտրություններում պետք է առաջադրել Հեյդար Ալիեւի թեկնածությունը, որպես ավելի հմուտ եւ փորձառու քաղաքական գործիչ, որը կկարողանա ամրագրել ռազմական հաղթանակը քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում։ Կատակ է, իհարկե։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել