Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓՎԵՆ

Հունիս 29,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԹԱՓՎԵՆ Հայոց համազգային շարժման վարչության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում իշխող վարչախմբի որդեգրած արտաքին քաղաքականությունը հերթական անգամ արձանագրում է իր սնանկությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: ՀՀՇ-ն դեռ Շարժման սկզբնական փուլում՝ իր առաջին ծրագրային փաստաթղթում, իսկ իշխանության գալուց հետո՝ գործնականում, մերժեց հայ քաղաքական մտքի մեջ ավանդաբար գերակշռող՝ երրորդ ուժի ապավինելու, պահանջատիրական եւ ազգայնամոլական սկզբունքները քաղաքականության հիմքում դնելը: Որդեգրվեցին ժողովրդավարական, սեփական ուժերի գիտակցության եւ դրանց ապավինելու, իրատեսական քաղաքականության հիմնադրույթներ: Լեռնային Ղարաբաղի հարցում ազատ ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա հենվելով՝ Հայաստանը կարողացավ ստանձնել եւ կատարել նրա անվտանգության երաշխավորի դերը: Հնարավոր եղավ ի չիք դարձնել Ղարաբաղի բնակչության տեղահանման եւ մարզը անվերապահորեն Ադրբեջանին ենթարկելու ծրագրերը, փրկել այն փլուզվող կայսրության փլատակների տակ մնալու վտանգից, կանխել Ադրբեջանի բացահայտ ռազմական ինտերվենցիան, դիվանագիտական եւ ռազմական հաղթանակների հասնել մինչեւ 1994թ. ձգված տեւական պատերազմում, Լեռնային Ղարաբաղի համար ապահովել փաստական անկախություն, անվտանգության վստահելի գոտի, տեւական զինադադար եւ հասունացնել միջազգային ամենալուրջ երաշխիքներով վերջնական ու արժանապատիվ խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Իրական հաղթանակներ եւ ձեռքբերումներ արձանագրած իշխանությանը եւ նրա քաղաքական ուղեգիծը պիտակավորելով «պարտվողական», ավանդական թյուր պատկերացումների շահարկմամբ, 1998 թ. փետրվարին իրականացված հեղաշրջմամբ մերժվեցին պետականության, այդ թվում նաեւ արտաքին քաղաքական հիմնադրույթներն ու սկզբունքները: Վարչախումբը պահանջատիրության գաղափարախոսությունը պետական քաղաքականության հիմքում դնելով՝ – որդեգրեց խաղաղության պայմանագրից խուսափելու եւ հակամարտությունը սառեցնելու ռազմավարություն, – իրավականորեն Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ճանաչված հակամարտությունը վերաձեւակերպվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտության, – Լեռնային Ղարաբաղին զրկեց հակամարտության եւ բանակցային կողմի կարգավիճակից, ինչին, ի հեճուկս Ադրբեջանի դիմադրության, հնարավոր էր եղել հասնել տարիների ճկուն եւ հետեւողական դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, – Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն փաստորեն ճանաչված ինքնորոշվող սուբյեկտից վերածվեց հակամարտության օբյեկտի եւ վիճելի տարածքի, – խաղաղության հասնելու համար անհրաժեշտ փոխզիջումների դաշտն էլ բնականորեն Ղարաբաղ-Ադրբեջան հարթությունից տեղափոխվեց Հայաստան-Ադրբեջան հարթություն: 1998թ. վերջերից Քոչարյանի վարչախումբը սկսեց տարփողել հակամարտության կարգավորման իր ձեռք բերած, այսպես կոչված, «ընդհանուր պետության» սկզբունքը՝ այն ներկայացնելով որպես իր արտաքին քաղաքականության բացառիկ հաղթանակ: Նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում «փաթեթային», «փուլային» եւ «ընդհանուր պետության» սկզբունքները ներկայացնող փաստաթղթերի հրապարակումը ցույց տվեցին, որ վերջինս իրականում իրավականորեն ամրագրում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ փաստական անկախության եւ անվտանգության երաշխիքների առումով զգալիորեն զիջում էր 1997-ին «պարտվողական» համարված եւ մերժված փուլային տարբերակին: Որպես հերթական «նվաճում», 2001-ից վարչախումբը սկսեց թմբկահարել Քոչարյան-Ալիեւ երկու տասնյակ հանդիպումների հերթական արդյունքը՝ այսպես կոչված «փարիզյան սկզբունքները»: Ալիեւի վերջերս արած հայտարարությունը բացահայտեց այդ սկզբունքների մեխը՝ Մեղրին Լաչինի հետ փոխանակելու գաղափարը: Քոչարյանի հերքումները այս դեպքում հիմնազուրկ են. ֆրանսիական կողմի քննադատությունը Ալիեւին՝ բանակցություններում քննարկված հարցերի գաղտնիությունը խախտելու մեջ, վկայում են, որ Քոչարյանը իրոք համաձայնել եւ պաշտպանել է «փոխանակման» այս գաղափարը: Մեղրին սակարկության օբյեկտ դարձնելը արկածախնդրական քաղաքականության բնական արդյունք է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ պետական անվտանգության դեմ: Այն արձանագրում է քոչարյանա-դաշնակցական արտաքին քաղաքականության կրախը եւ կարող է գնահատվել որպես պետական դավաճանության նախապատրաստման փաստ: «Պետական» եւ «ազգային» հասկացությունները Շարժման տարիներից ի վեր արհեստականորեն միմյանց հակադրող եւ Հայաստանի անկախության դեմ պայքարող հայդատական պահանջատիրությունը համառորեն եւ հետեւողականորեն ձգտում է իր հիմնական նպատակին՝ անկախ պետականության վերացման հիմքերի նախապատրաստմանը: Արդեն իսկ ակնառու փաստ է հանրապետության միջազգային մեկուսացումը, անվտանգության եւ տնտեսական տարածաշրջանային համակարգերից դուրս մնալը, միջազգային վարկանիշի անկումը: Այժմ էլ՝ սահմանակից չորս երկրներից երեքը «ճակատ» հռչակելով, իսկ չորրորդի հետ սահմանից զրկվելու պատրաստակամություն հայտնած իշխանությունը, ոչ թե հարցականի, այլ վերացման իրական սպառնալիքի տակ է դնում Հայաստան պետությունը: Մսխվում ու փոշիացվում են համաժողովրդական մաքառումների գնով, Հայոց համազգային շարժման քաղաքական ղեկավարությամբ արձանագրված ձեռքբերումներն ու նվաճումները: Խնդրի լուծումը հանցավոր եւ ապօրինի վարչախմբից օր առաջ օրինական ճանապարհով ազատվելն է, լուծման գրավականը՝ հասարակական եւ քաղաքական ուժերի սթափվելը եւ այս վտանգի դեմ միավորվելը, ճանապարհը՝ արկածախնդրության մերժումը պետականության սկզբունքներին, օրինականությանը եւ ժողովրդավարական նորմերին վերադառնալը: Հայոց համազգային շարժման վարչությունը հայտարարում է, որ հավատարիմ է մնում հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման, երկրի ինքնիշխանության լիակատար պահպանման եւ իրատեսական արտաքին քաղաքականության իր սկզբունքներին ու հետամուտ է լինելու դրանց իրականացմանը: 25.06.02թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել