Լրահոս
Օրվա լրահոսը

Ով նախագահ՝ ՀՌԱԿԸ… փալան

Հունիս 29,2002 00:00

Ով նախագահ՝ ՀՌԱԿԸ… փալան Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման գործընթացում բացառապես նախագահամետ դիրքորոշմամբ աչքի ընկած ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, երեկ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, հարկ համարեց մի քանի անգամ եւս կրկնել արդեն հանրահայտ մի միտք: «Ասպարեզում եղած քաղաքական գործիչներից ՀՀ նախագահի՝ մեր պատկերացումներին համապատասխանում է Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա։ Քաղաքական ասպարեզից դուրս, քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը ժամանակին նույնպես ՀՌԱԿ-ի պատկերացումների միակ արտահայտությունն էր, հնարավոր, այսպես կոչված, վերադարձը ՀՌԱԿ-ին երկնտրանքի առջեւ չի կանգնեցնի։ ՀՌԱԿ-ն՝ ի դեմս Ռուբեն Միրզախանյանի, «հարգելով այն ժամանակվա որոշումը՝ փորձում ենք լավը մտածել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին եւ կարծում ենք, որ նման բան չի անի»։ Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ քայլն իրականություն դառնա, դա, ըստ ՀՌԱԿ ատենապետի, «կմեծացնի մեր պաշտպանած թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի շանսերը»։ Չնայած այսօրինակ հպատակության համար ՀՌԱԿ-ն «ակնկալիքներ չունի», բայց պարոն Միրզախանյանն այսօր արդեն պարզապես վստահ է, որ 2003-ի խորհրդարանում ՀՌԱԿ-ը ներկայացված է լինելու։ «Կառուցողական ընդդիմություն» ՀՌԱԿ-ի ուսումնասիրություններով 2003-ին Քոչարյանն է ընտրվելու ՀՀ նախագահ։ Կարծում ենք, ապագա խորհրդարանում ներկայացված լինելու վստահության փաստն այդ ուսումնասիրությունների անմիջական արդյունք է։ Ինչ վերաբերում է 1996-ին ՀՌԱԿ դիրքորոշմանը, Ռ. Միրզախանյանն արդարացավ՝ «այդ շրջանում ես չէի ՀՌԱԿ ատենապետը», բայց պատասխան տալով նախնիների փոխարեն, այդ որոշումը «ճիշտ» բնութագրեց, քանզի ՀՌԱԿ-ը տեսել էր, «թե ի՞նչ էր նշանակում Վազգեն Մանուկյանն, իբրեւ վարչապետ»։ Քանզի ՀՌԱԿ-ը խիստ է կարեւորում նախագահական ինստիտուտը եւ այդ համատեքստում առաջին դեմքին, ապա ՀՌԱԿ ուսումնասիրություններից մեզ թույլ ենք տալիս շեղվել եւ ենթադրել, որ եթե 2003-ին իշխանության գան կոմունիստները կամ նորացված կոմունիստները, էական չէ, ՀՌԱԿ-ն իր սկզբունքին հավատարիմ կկատարի հենարանի իր դերը։ ՀՌԱԿ հավատամքն անփոփոխ է։ Հիշողությունների գրկում՝ ՀՌԱԿ ատենապետն, իհարկե, չէր կարող հարմար առիթը բաց թողնել եւ չթվարկել նախորդների «անօրինությունները»՝ դաշնակցության կասեցում, այդ կուսակցության լրատվամիջոցների փակում, «կոմպյուտերների շպրտում», ինչը ՀՌԱԿ ատենապետի մեկնաբանմամբ, նշանակում էր՝ «մենք կոչնչացնենք, կշպրտենք ձեզ»։ Ու պատկերացնո՞ւմ եք, այդ մոտեցումը դատապարտելու պատճառով՝ ՀՌԱԿ-ը, որի ատենապետն այն ժամանակ էլ Ռ. Միրզախանյանն էր (դա պարոնը հատուկ ընդգծեց), չմտնելով «Հանրապետություն» միավորման մեջ, կորցրել էր խորհրդարանական իր աթոռները։ Հանուն այդ սրբապղծության, «նախկինները», կարծում եմ, արժանի են կախաղանի։ Ու ՀՌԱԿ ատենապետն իր հերթական հարգանքի տուրքն է մատուցում, կարծում եմ, ներկա անօրինությունների ֆոնի վրա «գործող եւ ապագա» նախագահին՝ բարձր գնահատելով նրա «քաղաքական, մարդկային եւ կամային բացառիկ ունակությունները»։ Քաղաքակրթությունը ռեւանշիզմն ընդունում է իբրեւ ընդդիմություն։ Իշխանություն-ընդդիմություն-իշխանություն հարափոփոխ ընթացքը՝ ժողովրդավարություն։ ՀՀ նախագահի վերոնշյալ «բացառիկ ունակություններից» ելնելով, հավանաբար, Ռ. Միրզախանյանը գտնում է, որ նախագահը «ռեւանշիստներին»՝ ընդդիմադիրներին, արժանի հակահարված է տվել. «իրերն իրենց անուններով է կոչել» եւ թեկուզ առանց ծափերի, բայց ողջունեց «կանոնակարգային փոփոխությունները, որոնք օրենսդրական մարմնի աշխատանքին խանգարելու հիմք են հանդիսանում»։ Եվ բազմանշանակ արտաբերեց. «Իլյուզիա ստեղծելու համար կարելի է նաեւ Մանուկ Գասպարյան լինել»։ Մեր ցանկությունն է, որ բոլորի երազանքներն իրականանան։ Խորհրդարանի աջ ցենտրիստական գաղափարախոսության պակասը լրացնելու միտումով ՀՌԱԿ-ը «գաղափարական» դաշինքների մեջ կմտնի։ Իսկ այդ թեմայով «Առավոտի» մի հրապարակման առիթով կոչ արեց «հավատալ «Առավոտին», չնայած լուրի հավաստիությունը հերքեց։ Բայց, «ծուխն առանց կրակ չի լինում», առավել եւս՝ քաղաքականության մեջ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել