Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԸ ՉՔՎԵԱՐԿՎԵՑ

Հունիս 29,2002 00:00

ԱԿԱՆՋ ՔԱՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԸ ՉՔՎԵԱՐԿՎԵՑ Խորհրդարանը բաժան-բաժան է լինում հերթական անգամ։ Մեր դիտարկմամբ, հանրապետության նախագահի՝ ականջը քաշելու եւ բաժին տանելու սպառնալիքից հետո ընդդիմությունն ավելի կարծր դարձավ, իշխանական թեւը մի պահ չկողմնորոշվեց, իսկ նրանք, ովքեր տատանվում էին՝ ընդդիմություն-իշխանական թեւ երկվության արանքում, հայացքները հառեցին դեպի ընդդիմադիր դաշտ։ Ստացվել է խիստ շախմատային իրավիճակ, երբ «սպիտակները» իրար հետեւից սխալ քայլեր են անում, իսկ «սեւերն» ազատ տեղաշարժվում են խաղադաշտում։ ԱԺ Կանոնակարգ-օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններով օրինագծի քննարկումը խորհրդարանը մասամբ իրականացրեց։ Իշխանական թեւի համակիրները փորձում էին տպավորություն ստեղծել, թե իբր աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում, եւ առաջարկներ էին անում։ Ընդդիմադիր թեւը հարցը դիտում էր բացառապես քաղաքական դաշտում եւ ընդվզում էր կատարվածի դեմ։ Ի վերջո, մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կառավարությունը կողմ է, որ հարցի քվեարկությունը հետաձգվի մինչեւ հաջորդ արտահերթ կամ 15 օրով։ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Մեր ձեռքով գրված օրինագիծը, քննարկման ընթացքում, այո՛, մենք էլ ենք զգում, որ փոփոխությունների անպայման պետք է ենթարկվի»։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը եւս երեկ գրավեց ամբիոնը եւ իր գերգրագետ մարմնի ամբողջ ազդեցությունը փորձեց օգտագործել պատգամավորներին խրատական ճառ ասելու համար, բայց չասաց ավելին, քան՝ մեծամասնության ղեկավարը. հետաձգել օրինագծի քվեարկությունը։ Պրն Խաչատրյանը մի շարք հետաքրքիր բաներ ասաց։ Օրինակ՝ «Օպոզիցիան երկրի հարստությունն է։ Չի կարող երկրում լինել այնքան մեծամտություն, կամ յուրաքանչյուր ղեկավարի մոտ, կամ կուսակցության մոտ, կամ քաղաքական ուժի, այնչափ մեծամտություն, որ մենք մեզ վերագրենք ամենախելոքի եւ ամենաարդարի, ու ճշմարտի չափանիշը։ Պետք է անընդհատ ունկն դնել եւ այդ հարստությունից օգտվել, թե ի՞նչ է հուշում նաեւ փոքրամասնությունը»։ Արմեն Խաչատրյանը, կրկնելով Գալուստ Սահակյանին, ասաց, որ հարցի քվեարկությունը պետք է հետաձգել։ Մինչ այդ՝ միասնության ու համերաշխության կոչ անելով խորհրդարանին։ Շարունակությունը, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի դիպուկ բնորոշմամբ, նման էր հետեւյալին. «Դուք, պրն նախագահ, միանալով Վարդան Մամիկոնյանին եւ Եղիշե Չարենցին, անում եք միասնության կոչ, բայց, այդուհանդերձ, ֆորմալ տեսանկյունից, եթե հետաձգվում է քվեարկությունը, ուրեմն մենք պիտի քվեարկենք այս տեքստը, այն, ինչ եղավ «Ոստիկանության ծառայության» օրենքի հետ։ Հիմա խոսքը գնում է հետեւյալի մասին. մենք կուզենայինք իմանալ, եթե միայն հետաձգվում է քվեարկությունը, ո՞ր երաշխիքներն են համոզում մեզ, որ այստեղ հնչած առաջարկությունները հաշվի կառնվեն»։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի համար եւս խնդիրը պարզ չէր. «Առաջարկվում է քվեարկությունը հետաձգել, դուք ասում եք՝ առաջարկությունները ներկայացրեք։ Եթե քվեարկությունը հետաձգվում է, ինչի՞ մասին առաջարկություն ներկայացնենք։ Առաջարկությունները կարող են ներկայացվել միայն 1-ից 2-րդ ընդմիջում ընկած ժամանակահատվածում, հիմա քվեարկությունը հետաձգվել է, եւ առաջարկություն չենք կարող ներկայացնել։ Ուրիշ բան է՝ հիմա դնենք քվեարկության, առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո, այդ ընթացքում առաջարկություններ ներկայացվեն»։ Ի դեպ, պրն Մալխասյանն առաջարկել էր կառավարությանը՝ ետ վերցնել իր բերած օրինագիծը եւ, եթե փոփոխությունների կարիք կա, արվի ԱԺ մեծամասնության կողմից. «որ իմանանք՝ ո՞վ է պատասխանատվություն կրում»։ Իսկ վերը բերվածը հենց այնպես չարվեց։ Դահլիճում մեր մոտավոր հաշվարկով 74 պատգամավոր կար եւ կարծես մոտ 30-ը ընդդիմադիր էր։ Այս պարագայում մեծամասնությունը զուտ տեխնիկապես չէր կարող օրինագիծն ընդունել տալ առաջին ընթերցմամբ։ Պարտությունն ակնհայտ էր, եւ թերեւս սա էր պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը նախորդ օրը կարծես ինչ-որ պահի շտապում էր հարցն անցկացնել, փոխեց տակտիկան եւ անցավ դանդաղ քայլերի։ Կիմ Բալայանը հիշեցրեց, որ գործող կանոնակարգը հնարավորություն տալիս է, առանց առաջին ընթերցմամբ հարցն ընդունելու, անել առաջարկներ. «Կանոնակարգում հստակ գրված է, որ նախագծի հեղինակին ամփոփիչ ելույթի ժամանակ 10 րոպե է տրվում, այդ ընթացքում ինքը կարող է ներկայացնել մինչ նախագիծը քվեարկության ներկայացնելու պահը»։ Գլխադասային հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը օգնության հասնելով հերթական անգամ կանոնակարգի խաչմերուկներում մոլորվածներին, ասաց. «ԱԺ Կանոնակարգի 64 հոդվածի համաձայն, կառավարությունն ուներ երկու իրավունք. առաջինը՝ օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն ընդունել առաջին ընթերցմամբ։ Իսկ երկրորդը՝ քննարկված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթն իր համար ընդունելի առաջարկություններին համապատասխան վերջնական տեսքի բերելու համար հետաձգել, որը, փաստորեն, արվեց»։ Անդրադառնալով երեկ հնչած մի շարք ելույթների, հարկ ենք համարում շեշտել մի քանի նրբերանգներ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ հարցի քաղաքական կողմին անդրադառնալով, ասաց. «Երբեք ձեզ մի դրեք ճշմարտության միակ կրողի կարգավիճակի մեջ։ Մի մտածեք, որ միակ դուք եք ճիշտը, միակ դուք եք երկրին ու ժողովրդին ծառայում, եւ նաեւ մենտորական այս ոճին՝ դասեր տալով, շանտաժով խոսելու ոճին, ճիշտ կլինի, որ վերջ տաք։ Միեւնույն է, դա քաղաքական պայքար է եւ չի անցնելու։ Շատերը խոսում են արժանապատվությունից, տղամարդո՛ւ արժանապատվությունից, մոռանալով, որ 88 թվականից այս ամբողջի ականատեսն ենք, եւ մեկառմեկ բոլորիդ ճանաչում ենք եւ նաեւ չենք մոռացել, որ 96 թ., երբ այս դահլիճում, այս ամբիոնի մոտ պատգամավորներին ծեծում էին, շատ-շատերն այս դահլիճում էլի նստած են»։ Պրն Վարդանյանի բարոյախրատական խոսքից հետո, թերեւս, արժե ավարտել եւս մեկ վերհուշով, որի հեղինակն այս անգամ Աղասի Արշակյանն էր։ Վերջինս ժողովրդական ֆոլկլորից մի քանի տեղին մեջբերումներ արեց, ասելով նաեւ, որ իրեն եւ իր ընտրողներին չհարգող պատգամավորը կարող է կողմ լինել նման փոփոխությունների. «Ինչ-որ ցանես, այն էլ հնձելու ես, մեր պարագայում՝ նման դեպքերի համար ավելի ցայտուն ասույթ կա՝ ուրիշի համար բիզ սրողը ուշ թե շուտ իր սրած բզի հետ գործ է ունենալու։ Այդպես եղավ նախորդների հետ, այդպես է լինելու այս դեպքում»։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանի խոսքով էլ ավարտենք խորհրդարանական դժվարին շաբաթվա աշխատանքների լուսաբանումը. «Ամեն բովանդակություն չի կարելի մտցնել ցանկացած ձեւի մեջ… Եթե այս սկզբունքով շարունակեն ղեկավարվել, պառլամենտը կդառնա ամորֆ, անձեւ, տձեւ ինչ-որ բան։ Այսպես աշխատել չի կարելի։ Ես կոչ եմ անում օրինագիծը հետ վերցնել»։ Ֆրունզե Խառատյանը խորհրդարանում կատարվածը եւ օրինագծի ներկայացումը կառավարության կողմից գնահատեց այսպես. այս ամենը կարող է կամաց-կամաց գործը տանել խորհրդարանական ճգնաժամի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930