Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՏՈՄՍ ՀԱՄԵՐԳ

Հունիս 28,2002 00:00

ԵՎՍ ՄԵԿ ԱՆՏՈՄՍ ՀԱՄԵՐԳ Հունիս ամսին ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ ողջ աշխարհում նշվում է երաժշտության միջազգային օրը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ ԱՕՔՍ-ը Կոմիտասի արձանի հարեւանությամբ կազմակերպել էին, այսպես ասած, անտոմս համերգ՝ նվիրված այդ օրվան, որին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին՝ տիկնոջ հետ, կոնսերվատորիայի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաեւ երաժշտասեր երեւանցիներ։ Ճիշտ նկատեց համերգավար Արսեն Ղազարյանը. «Թերեւս արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երաժշտությունը»։ Եվ իսկապես, կոնսերվատորիայի տարբեր բաժինների ուսանողների, «Վարդանանք» երգչախմբի, «Շելլ» տրիոյի կենդանի ու բարձրակարգ կատարումները ծայրաստիճան հուզել էին հանդիսատեսին։ Անակնկալ էին պատրաստել Ֆրանսիայի դեսպանը եւ կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։ Նրանք մեկական երաժշտական թեմա առաջարկեցին ուսանողներին՝ ակնկալելով վերջիններիս վարպետությունը իմպրովիզացիայի արվեստում։ Արդյունքում ստացվեց մեղեդային ու ռիթմային առումով հարուստ, հայկական բարձրակարգ երաժշտարվեստին հարիր երկու մանրանվագ։ Համերգը եզրափակվեց կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ներկայումս ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանի «Հայաստան» հանրահայտ երգով։ «Վարդանանք» երգչախմբի մեկնաբանման ժամանակ երգի կատարմանը միացան նաեւ հավաքվածները։ Նշենք, որ սա Երեւանում եզակի միջոցառում էր՝ նվիրված երաժշտության միջազգային օրվան։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել