Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓՈՂՈՎ» ԲԱՐԻՇԵՑՐԻՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Հունիս 28,2002 00:00

«ՓՈՂՈՎ» ԲԱՐԻՇԵՑՐԻՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ Շուտով շրջանառության մեջ կմտնեն ՀՀ ԿԲ-ի թողարկած 2001թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնց դիզայնը, պատկերները, գույները եւ չափսերն ամբողջովին կրկնում են 1999թ. նմուշի թղթադրամներին, բացառությամբ մասնակի փոփոխությունների, որոնք Էմիսիոն գործառնությունների վարչության պետ Գեւորգ Թումանյանը որակեց իբրեւ «պաշտպանական հատկանիշների ուժեղացում»։ Թղթադրամի վրա ֆինանսների նախարարի ստորագրությունը եւ թողարկման տարեթիվը փոխվելուց զատ, Չարենցի բանաստեղծության երկտողում, նախորդ նմուշի տպագրության արդյունքում գրականագետների կողմից մամուլում չարչրկված «բար»-ը փոխարինվել է «բառ»-ով։ Երկու տարբերակի առկայության պարագայում ԿԲ-ն ակնկալում է կրքերի հանդարտեցում։ 1999-ի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գա։ Իսկ այս զգուշավորությունը, ըստ Գ. Թումանյանի, պայմանավորված չէ կեղծման ծավալների հետ, ավելին, դրանք, Գ. Թումանյանի հավաստմամբ, «սպառնացող չափերի չեն հասնում», այլ «տեխնիկական միջոցներն արագ են զարգանում եւ կեղծելու հավանականությունները մեծանում», ուստի, այսուհետեւ նման միջոցառումները պարբերական բնույթ կկրեն։ Նոր թղթադրամի ծավալները 2,5-3 տարվա համար են նախատեսված։ Ի դեպ, այսուհետեւ թողարկվող թղթադրամները լաքապատված են լինելու։ Դա գնի քիչ տարբերությամբ՝ 2 անգամ կերկարաձգի դրամի կյանքը։ Նոր 1000-անոցները թողարկվել են ավստրիական դրամահատարանում։ Հաջորդը կլինեն հինգհազարանոցները։ Իսկ եկող տարվա կեսերից ժողովրդական լայն զանգվածների դատին կհանձնվեն 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ։ Թողարկվելու են նաեւ 20, 50, 100, 200, 500 անվանական արժեքով մետաղադրամներ, որոնց ներդրման ձեւը եւ ժամկետները ճշտվում են։ Ի դեպ, նոր մետաղադրամները լինելու են գունավոր մետաղից եւ 10 դրամանոցի չափսերից փոքր, դրանք աստիճանաբար փոխարինվելու են մետաղադրամներով։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել