Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 28,2002 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՊՀ, Բալթյան երկրների եւ ՌԴ տարածաշրջանների պատանեկան խաղերում մեր մարզիկ-մարզուհիների մրցելույթները ցույց տվեցին, որ, չնայած վերջին տարին արված աշխատանքներին, Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում անելիքներ դեռ շատ կան։ Տունդարձի ճանապարհին օդանավում հենց այդ մասին էինք զրուցում սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանի հետ։ Տալով Հայաստանի մարզական պատվիրակության մրցելույթների ընդհանուր գնահատականը՝ Ա. Գրիգորյանն ասաց. «Խաղերը կայացան։ Դրանք անցան կազմակերպված ու շատ բարձր մակարդակով եւ անգնահատելի դեր կունենան պատանի մարզիկների հետագա ձեւավորման, մեծ սպորտ մտնելու հարցում։ Ինչ վերաբերում է մեր թիմերի մասնակցությանը, սպասելիքներ ավելի շատ ունեինք։ Այդուհանդերձ, որոշ մարզաձեւերում բավականաչափ պատշաճ մասնակցություն ունեցանք։ Նկատի ունեմ նախ եւ առաջ հունա-հռոմեական ըմբշամարտում երկու բրոնզե մեդալները, սամբո ըմբշամարտում, շախմատում լավագույն վեցյակներում ներկայացուցիչներ ունենալը։ Հատկապես ուզում եմ դրվատանքի խոսքեր ասել մեր հանդբոլիստուհիների հասցեին, որոնք Մոսկվայում հաճելի անակնկալ մատուցեցին բոլորիս՝ ցույց տալով թիմային պայքարի ոգի։ Դա, թերեւս, մեր ամենից ավելի միասնական ու կուռ կոլեկտիվն էր Մոսկվայում։ Ափսոս, մյուս մարզաձեւերում ուրախանալու առիթներ չունեցանք։ Նրանք հանդես եկան կամ իրենց հնարավորությունների սահմաններում ու զբաղեցրին իրենց հասանելիք տեղերը, կամ սպասվածից վատ։ Երեւանում անպայման կվերլուծենք առանձին-առանձին թիմերի մասնակցությունը, կանենք հետեւություններ՝ իրավիճակը բարելավելու համար։ Բայց մի բան էլ եմ ուզում անպայման ասել։ Գրեթե բոլոր երկրները, բացի Հայաստանից, մրցման բերել էին սահմանվածից մեծ տարիքի մարզիկ-մարզուհիների։ Օրինակ, Վրաստանը։ Խաղերի վերջին օրերին, երբ հանդիպում էին այդ երկրի ու Լատվիայի բասկետբոլիստները, մեծ սկանդալ եղավ. վրացիների կազմում հանդես էին գալիս, եթե չեմ սխալվում, ազգային հավաքականի խաղացողներ։ Կամ, սամբո ըմբշամարտում նույն Վրաստանը ունեցավ չեմպիոն, որը, ինչպես պարզվեց… 28 տարեկան էր։ Տարիքի կեղծիքներ արել էին նաեւ Ադրբեջանը, Ռուսաստանի տարածաշրջանների թիմերը, այլ երկրներ։ Մենք այդպիսի քայլի չենք գնացել։ Եվ հենց սա նկատի ունեմ՝ ասելով, որ մերոնց մասնակցությունը որոշ դեպքերում պատշաճ էր։ Բացի դա, հաշվի առնենք նաեւ, որ հայ մարզիկ-մարզուհիներից շատերն առաջին անգամ էին դուրս գալիս ոչ միայն Հայաստանից, այլեւ իրենց քաղաքից, գյուղից։ Ու հայտնվելով շքեղ մարզաբազաներում, ասենք, «Լուժնիկի» ստադիոնում ու ներկա լինելով բացման հրաշալի կազմակերպված արարողությանը, մի տեսակ խուճապի մեջ էին հայտնվել։ Ես դա ինքս եմ տեսել։ Հավատում եմ, որ սրանից հետո նրանք իրենց ավելի հանգիստ կզգան արտերկրում, հոգեբանորեն էլ պատրաստ կլինեն պայքարի»։ – Ասացիք, որ Հայաստանը կեղծիքների ճանապարհով չգնաց։ Բայց Մոսկվա ժամանելով, «Վնուկովո» օդանավակայանում փաստաթղթային ինչ-որ խնդիր էր առաջացել մեր ֆուտբոլի հավաքականի կամերունցի դարպասապահի հետ ու նրան քաղաք մտնել չէին թողնում։ – Այդ սեւամորթ տղան համեմատաբար վաղուց է տեղափոխվել Երեւան ու, իրոք, մեր հավաքականի դարպասապահն է։ Խաղերից առաջ նրան այստեղ տրվել էր կեցության կարգավիճակ, որն անցնում է նույնիսկ օլիմպիական խաղերում։ Սակայն միայն Մոսկվայում պարզվեց, որ օտարերկրացիների համար անհրաժեշտ է քաղաքացիության կարգավիճակ։ Այնպես որ, դա թյուրիմացություն էր, տեխնիկական խնդիր, այլ ոչ թե կեղծիքի դիմելու փորձ։ – Կարծում եմ, դուք էլ համաձայն եք, որ մեզ մոտ ֆիզկուլտուրայի եւ սպորտի դրվածքի ընդհանուր մակարդակը հեռու է բավարար լինելուց։ Ճիշտ է, վերջին տարիներին ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ բավականին շատ քայլեր են արվել, սակայն դա բավարար չէ, համընդհանուր ակտիվություն չկա։ Մարզերի, քաղաքների, համայնքների մեծ մասում ոլորտն ասես մեռած լինի։ Վիճակից դուրս գալու որեւէ ճանապարհ կա՞։ – Ինքներդ էլ տեսաք, թե Մոսկվայում առողջությունը կոփելու, մարզվելու ինչպիսի խիտ ու հիանալի կազմակերպված համակարգ է գործում։ Այդպես է նաեւ Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում, Ուկրաինայում, Բելառուսում, Բալթյան երկրներում, այլուր։ Այնտեղ մեր ոլորտի նկատմամբ պետական մոտեցում կա։ Ֆիզկուլտուրայի, սպորտի հարցերով ամենայն լրջությամբ զբաղվում են բոլորը, սկսած մարզական կառույցներից, վերջացրած տեղական կառավարման մարմիններով։ Նույն Մոսկվայում չեք գտնի մի բակ, որը չունենա ընդարձակ խաղահրապարակներ, վարժասարքեր, մարզվելու այլ հարմարանքներ։ Մարզական նյութատեխնիկական բազա ստեղծելն այնտեղ առաջնային խնդիր է։ Մինչդեռ Հայաստանում այդ ամբողջ հոգսը դրված է գերազանցապես մարզական պետական կառույցի, ԱՕԿ-ի ուսերին։ Քանի դեռ մեզ մոտ չեն հասկացել, ըմբռնել ֆիզկուլտուրայի, սպորտի կարեւորությունը, ինչ էլ անենք՝ գործերը կրիայի քայլերով առաջ կընթանան։ – Խաղերը լուսաբանելու գործուղված իմ գործընկերներից «Ար» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Սիմոն Հակոբյանի հետ մի քանի անգամ միասին հետեւել ենք մեր հավաքականների, մարզիկների մրցելույթներին։ Ու ցավով եկել այն եզրակացության, որ Հայաստանում գուցե ավելի շատ մարզիչներով զբաղվելու անհրաժեշտություն կա։ Ասածս բոլորին չի վերաբերում, իհարկե։ Մարզիչը մասնագետ լինելուց բացի, պարտավոր է նաեւ մանկավարժ, հոգեբան լինել։ Նա պետք է իր սանին պայքարի կարճատեւ դադարի, ընդմիջման ժամանակ կոնկրետ, օգտակար հանձնարարականներ տա, տրամադրի, ոգեւորի։ Թե չէ լինում էին դեպքեր, երբ մարզիչը դահլիճով մեկ գոչում էր. «Թասիբով պայքարեք»։ Միշտ չէ, որ թասիբով հնարավոր է ճիշտ հնարք, դիպուկ նետում կատարել, գոլ խփել, պաշտպանվել կամ հարձակվել։ – Մարզիչների հետ կապված խնդիրներ, իրոք, կան։ Այստեղ էլ ահռելի գործ կա անելու։ Մշակվում են ծրագրեր։ Դրանք պատրաստ լինելուց հետո պետք է քննարկել, ընտրել լավագույն տարբերակները եւ փորձել դրանք իրականացնել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել