Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՇԱ՜Տ ԺԽՏՈՂ ԱԶԳ ԵՆՔ»

Հունիս 28,2002 00:00

«ՇԱ՜Տ ԺԽՏՈՂ ԱԶԳ ԵՆՔ» Եթե Ռուսաստանում երգիչը մեկ երգ պատվիրելու համար կոմպոզիտորին վճարում է 5000 դոլար (առհասարակ, կոմպոզիտորը մի երգչի հետ աշխատելուց կարող է վաստակել մինչեւ 120 հազար դոլար), ապա Հայաստանում նա երգչից նշված գումարի 10%-ն էլ չի ստանում, քանի որ գրեթե երգեր չեն պատվիրվում։ Իսկ կոմպոզիտոր-երգիչ համագործակցությունը բացակայում է. մեր «բազմակողմանի» զարգացած աստղերը կոմպոզիտորի կարիք չեն զգում, իսկ լավ երգեր, այնուամենայնիվ, գրվում են։ Կոմպոզիտոր Արամ Սաթյանն, օրինակ, մի շարք նոր ժամանակակից երգերից բացի, երգացանկը հարստացրել է «Լիլիթ» փոփ օպերայով՝ Արման Միրիջանյանի, Անահիտ Շարյանի եւ Արամոյի մասնակցությամբ։ Ի տարբերություն հայ հանդիսատեսի, Եվրոպայի հանդիսատեսը քիչ թե շատ ծանոթ է Ա. Սաթյանի այս նոր ստեղծագործությանը, որովհետեւ յուրաքանչյուր տարվա 3-4 ամիսը նա անցկացնում է այնտեղ, որտեղ էլ իրականացնում է իր ծրագրերը։ – «Լիլիթ» փոփ-օպերայի վրա ծախսել եմ 3 մլն դրամ եւ դեռ ոչ մի լումա չեմ վերադարձրել,- ասում է Արամ Սաթյանը։ – Եթե ունեք նոր ստեղծագործություններ, ապա ինչո՞ւ չեք կազմակերպում ձեր ստեղծագործական երեկոն։ – Այո, ես այսօր կարող եմ նոր երգերից բաղկացած երեկո անցկացնել։ Իմ վերջին ստեղծագործական երեկոյի վրա, որ կայացել է 5 տարի առաջ, ծախսվել է 5 հազար դոլար։ Երեկոյին մասնակցում էին ե՛ւ ավագ, ե՛ւ երիտասարդ սերնդի երգիչ-երգչուհիներ։ Նման երեւույթ ես այլեւս չեմ տեսել, որովհետեւ մեր ավագ սերնդի երգիչներին հետ են մղել ասպարեզից։ – Ինչո՞ւ է խափանվել կոմպոզիտոր-երգիչ համագործակցությունը։ – Որովհետեւ «Արձագանք» ստուդիայի երգիչներն իրենք իրենց երգեր գրողներն ունեն։ Երգի թատրոնում բոլորը երգում են Արթուր Գրիգորյանի երգերը։ Ընդհանրապես կոմպոզիտոր-երգիչ կապը չկա, որովհետեւ մեր երգիչները 1-2 երգ երգելուց անմիջապես հետո «վարակվում» են աստղային հիվանդությամբ ու նրանց հետ խոսել չի լինում։ Մինչդեռ Հայաստանում աստղեր համարյա թե չկան։ Եղած երգիչներն էլ հաճախ երգերի շեշտադրումները սխալ են կատարում, բեմական չեն, հեռացել են մեր ազգային արմատներից։ – Հայկական էստրադայի նախկին բարի համբավը վերականգնելու համար ի՞նչ է անհրաժեշտ։ – Անհրաժեշտ է, որ համախմբվեն մշակույթի նախարարությունը, Կոմպոզիտորների միությունը, «Արձագանք» ստուդիան, Երգի թատրոնը, բոլոր կատարողներն ու ստեղծագործողները։ Միասին պետք է կազմակերպեն համերգներ, փառատոներ, մրցույթներ, ոչ թե մեկը մյուսի հետ վիճի, տակը փորի, մյուսին էլ կոմերցիոն երգիչ համարեն։ Պետք է համախմբվենք եւ ամեն ինչ անենք համատեղ ուժերով։ Այդ դեպքում, վստահ եմ, արդյունքը կտեսնենք։ Մի ասացվածք կա. «Տաղանդավոր մարդկանց պետք է օգնել, քանզի անտաղանդը միշտ էլ գտնում է իր ճանապարհը»։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ նախկինում մենք էինք եզրափակում ռուսական համերգները։ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ ռուսական էստրադան բռնեց զարգացման, իսկ հայկականը՝ անկման ուղին։ – Որովհետեւ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը պահպանեց իր հին ավանդույթները։ Ռուսները կարողացան նորը կառուցել հնի վրա։ Հնի ու նորի համադրմամբ ռուսական էստրադան ծաղկեց եւ մուտք գործեց համաշխարհային շոու-բիզնես։ Իսկ մենք ամեն ինչ քանդեցինք։ Եվ մեր կառուցած նորն էլ սա է՝ անճաշակ հայկական էստրադան, որտեղ անհնարինն անգամ փողի միջոցով հնարավոր է դառնում։ Իսկ ի՞նչ է տիրում հեռուստաեթերում։ Ինչպիսի՜ անորակ ամանորյա ծրագրեր են ցուցադրվում։ – Որպես վերջաբան ի՞նչ կհավելեիք ասվածին։ – Գիտե՞ք ինչ, թեեւ մենք ժխտող ազգ ենք, բայց ես ուզում եմ խորհուրդ տալ մեր արվեստագետներին, որ նրանք չդժգոհեն սովետական կարգերից։ Շատերն այսօր ասում են, թե այն ժամանակ արտահայտվելու հնարավորություն չէին տալիս։ Ախր եթե չլիներ Սովետը, չէին լինի եւ այդ արվեստագետները։ Նրանք թող ստեղծագործեն գոնե իրենց համար, ինչպես ինքս եմ անում։ Ի դեպ, չնայած ներկա իրավիճակին, գոհ եմ, որ տղաս կոմպոզիտոր է, իսկ աղջիկս՝ երգչուհի։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել