Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողը քրգործի նյութերին չէր ծանոթացել

Հունիս 28,2002 00:00

Տուժողը քրգործի նյութերին չէր ծանոթացել «Հոկտեմբերի 27» քրգործի կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Սամվել Ուզունյան) այս տարի հրավիրել է 67 նիստ (հունվարին՝ 10, փետրվարին՝ 12, մարտին՝ 9, ապրիլին՝ 12, մայիսին՝ 13, հունիսին՝ 11)։ Դատակոչվել էին մինչեւ երեկ 21 տուժող (91 տուժողներից) եւ ինչպես դատավոր Ս. Ուզունյանը տեղեկացրեց, գալիք երկուշաբթի որոշում կկայացվի նաեւ վկաներին լսելու մասին։ Ի դեպ, դատարանում ստացվել էին դիմումներ, մասնավորապես, տուժողներ Սուրեն Աբրահամյանից, Երվանդ Զաքարյանից, Ժորա Գալստյանից, Խոսրով Հարությունյանից… Ս. Աբրահամյանը հայտնել էր, որ 3 օր առաջ վիրահատվել է եւ խնդրել էր դատակոչը հետաձգել մեկ շաբաթով։ Խ. Հարությունյանը նույնպես տարել էր սրտի բարդ վիրահատություն եւ խնդրել էր դատարանին հիմք ընդունել նախաքննության ժամանակ տրված իր ցուցմունքը։ Ի դեպ, տուժողներ Ե. Զաքարյանն ու Ժ. Գալստյանն էլ էին խնդրել հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները եւ հայտնել էին, որ անհրաժեշտության դեպքում կներկայանան դատարան։ Այսպիսով, գալիք շաբաթվանից, տուժողների հետ զուգահեռ, կսկսվի վկաների ցուցմունքների ունկնդրումը եւս։ Երեկ դատարան էր ներկայացել ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Խաչատրյանը (այսօր արդեն պետական գնումների գործակալության պետ)։ Նա դատարանին հայտնեց, որ մինչեւ 1999թ. հոկտեմբերի 27-ը ամբաստանյալներից որեւէ մեկին չի ճանաչել։ Նկարագրելով 27-ը՝ նա ասաց, որ «որեւէ արտառոց բան չի նկատել»։ Արտառոցը, թերեւս, «շատ մեծ աղմուկով» Ազգային ժողովի նիստերի դահլիճի դռան «շրխկալով» բացվելն է եղել եւ սպիտակ անձրեւանոցով անձի «գրեթե ցատկելով» ներխուժումը։ Ինչպես նախորդ տուժողները, այս տուժողը եւս նկատել էր, որ ահաբեկիչը անմիջապես կրակահերթ էր բացել հանգուցյալ վարչապետի վրա։ Տուժող Խաչատրյանը դատարանին հայտնեց նաեւ, թե ինչպես էին իրենց հրահանգել պառկել։ Նա լսել էր ձայներ, որը համադրելով հետագայում ԱԺ դեպքերը վավերացրած տեսաերիզի հետ, հասկացել էր, որ հարվածում են հանգուցյալ վարչապետին։ «Դիակներին մոտենալ թույլ չտվեցին», շարունակում էր տուժողը։ Վերջինս տեղեկացրեց, որ ոճրագործությունից հետո ահաբեկիչները խոսել էին հեռախոսներով եւ ասել էին (ի պատասխան). «Սատկացրել ենք»… «ինչ որ ծրագրված էր՝ կատարված է»… Տուժողը լսել էր նաեւ, թե ինչպես ահաբեկիչները հայտնել էին, որ Վ. Սարգսյանից բացի, իրենք ոչ մեկին չեն սպանել, որ կատարվածը փոխհրաձգությունների արդյունք էր։ «Չեմ տեսել, չեմ զգացել, որ փոխհրաձգություն է եղել։ Առաջին պահը ինչ տեսա՝ փոխհրաձգության նման չէր»,- պնդեց տուժողը, որին նույնպես զրկել են ազատությունից, որը 5-6 անգամ իբրեւ կենդանի թիրախ «հերթապահել» է նիստերի դահլիճի դռների մոտ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել