Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵԼՅՈՒՐԻ ԿՏՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ԼԻՆԵԼ

Հունիս 28,2002 00:00

ՎԵԼՅՈՒՐԻ ԿՏՈՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ԼԻՆԵԼ 20.09.2001թ. Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով Սարգիս Փաթաթյանը դատապարտվեց 12 տարի, Նորայր Ղազարյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը՝ 3-ական տարի ժամանակով ազատազրկման։ Սույն քրգործը գտնվում է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի վարույթում։ «Առավոտը» բազմաթիվ անգամ է անդրադարձել սույն քրգործի հիմքում «դրված» պատմությանը, որն առնչվում է Մուշեղ Մինասյան-Բիրգի «սպանությանը» (վերջին հրապարակումը անցյալ սեպտեմբերին էր՝ «Նախաքննությունը դիակ չի հայտնաբերել. ենթադրյալ մահացածը միայն Կիկոսն էր»)։ Հիշեցնեմ պարզապես, որ Սովետաշենի աղբանոցից հայտնաբերվել է գանգոսկր, որն, ըստ փորձագետների, պատկանում էր տարեց կնոջ (կար տարբերակ նաեւ. շան գանգոսկր է), բայց ոչ երբեք Մ. Մինասյանին։ Առաջին ատյանի դատարանում բազմիցս հնչեց այն միտքը, որ Մ. Մինասյանը սպանված չէ, ավելին, ըստ Ս. Փաթաթյանի հոր՝ Կարո Փաթաթյանի, «ենթադրյալ սպանվածը» իր կնոջ՝ Մելիցա Բիրգի հետ դուրս է եկել հանրապետությունից, ինչը հաստատվում է ՀՀ մաքսային վարչության գրավոր տեղեկատվությամբ նաեւ։ Այն, որ ֆիզիկական ճնշումներ են կիրառվել բոլոր ամբաստանյալների նկատմամբ, մենք մեր նախորդ հրապարակումներում ակնարկել էինք, բաց չանելով սակայն փակագծերը։ Փորձենք բացել։ Փաստաբանների միջազգային միության փաստաբան Զարուհի Դանիելյանին այս տարվա մայիսի 27-ին պատասխան գրություն է ուղարկում ՆԳ վարչության ժամանակավոր պահպանման մեկուսարան-ընդունիչի պետ, փոխգնդապետ Մ. Սարիբեկյանը։ Ըստ այդ փաստաթղթի, Ն. Ղազարյանը ԺՊԸՄ բերման է ենթարկվել 21.05.2000թ. եւ 26.06.2000թ. տեղափոխվել է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան։ «ԺՊԸՄ ընդունման պահին Ն. Ղազարյանի մեջքին եւ թեւերին եղել են կապույտ հետքեր, որը գրանցվել է ԺՊԸՄ-ի համապատասխան մատյանում»։ Մեկ ամիս անց բերման ենթարկված, այնուհետեւ թիվ 1 մեկուսարան տեղափոխված Հովհաննես Հովհաննիսյանի «մարմնի վրա վնասվածքներ չեն եղել»։ Ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի՝ արդարադատության փոխգնդապետ Խ. Սարգսյանի եւ բուժսպասարկման պետ Գ. Խաչատրյանի (03.06.2002թ. 42/18- 8-1970 գրության) «մարմնական զննման ժամանակ Ն. Ղազարյանի մոտ հայտնաբերվել են հետեւյալ մարմնական վնասվածքները՝ աջ եւ ձախ թիակային եւ բազկային շրջանների կապտա-կանաչային տարածված արյունազեղումներ, երկու սրունքների բազմակի քերծվածքներ»։ Հաստատվել է այն, որ 75 օր շարունակ Ն. Ղազարյանը ծեծի ու սպառնալիքների է ենթարկվել։ Հ. Հովհաննիսյանի դեպքում այդ ամենը տեւել է 14 օր (առանց դատարանի որոշման), որի ընթացքում կորզվել են ցուցմունքներ։ Ցանկալի։ «Հ. Հովհաննիսյանի մոտ քննիչ Ա. Երեմյանի հետ Յու. Դավթյանը եւ Ա. Պողոսյանը 31.10.00թ. մուտք են գործել Երեւան քաղաքի դատախազության քննիչ Ա. Երեմյանի գրության հիման վրա», ասվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 20.06.02թ. գրության մեջ։ «Արխիվային» փաստաթղթերը պեղելիս կարող ենք հայտնաբերել նաեւ Ա. Երեմյանի հանձնարարական-գրությունը թիվ 1 քննչական մեկուսարանի նախկին պետին՝ Ռ. Հովհաննիսյանին ուղղված։ «Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վրա հաշվող ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ քննչական գործողություններ կատարելու համար խնդրում եմ թույլ տալ մեկուսարան մուտք գործել վերջինիս պաշտպան Հ. Բաղդասարյանին, Էրեբունու ՆԳ բաժնի ՔՀԲ պետի տեղակալ, միլիցիայի մայոր Յու. Դավթյանին եւ օ/լիազոր, միլիցիայի փ/գնդապետ Ա. Պողոսյանին»։ Քննչական «գործողություններ» կատարվում են։ Առանց դատարանի որոշման 75 օր Էրեբունու ՆԳԲ-ում պահվելով, Ն. Ղազարյանը ցուցմունք էր տվել, որ Մ. Մինասյանին ինքն է սպանել, տանելով նրան Սարի թաղի գերեզմանոց։ Ի դեպ, «դիակը» մինչեւ օրս չի հայտնաբերվել։ Դիակի պահանջատերն էլ չկա։ Տուժող էլ։ Ուշադրության արժանի է նաեւ դատակենսաբան-փորձագետ Հ. Հարությունյանի՝ «սպանված» Մ. Մինասյանի արյան ռեզուսի հետ կապված եզրակացությունը. ներկայացված առարկաների վրա եղած արյան հետքերը պատկանում են ոչ դրական եւ ոչ էլ բացասական ռեզուս ունեցող արյան հետքեր ունեցող անձանց արյան խմբին։ Ինչը դարձյալ ճշտված չէ։ Ապացույցների հիմքում դրվել է… վելյուրի կտոր, որը չի էլ հիմնավորվել, թե որտեղից է առգրավվել եւ երբ։ Փաստորեն, չկա իրեղեն ապացույցն առգրավվելու մասին արձանագրությունը… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել