Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ՑԱՆԱԾ Է

Հունիս 28,2002 00:00

ՔԱՄԻՆ ԱՐԴԵՆ ՑԱՆԱԾ Է Եթե առայսօր որեւէ մեկը կասկածում էր, որ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործը իշխանության քաղաքական պատվեր էր, ապա այժմ այդ կասկածները վերջնականապես վերացան: Համենայն դեպս՝ ողջախոհ մարդկանց մոտ: Ազատ է արձակվել այն միակ վկան, որի ցուցմունքների հիման վրա նախկին ՆԳ նախարարի դեմ մեղադրանք էր առաջադրվել: Դատապարտվելով սպանությունների կազմակերպման համար ընդամենը 7 տարով, ՆԳ Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանն այս երեքշաբթի դուրս է եկել կալանավայրից՝ հաշվի առնելով նրա՝ իշխանությանը մատուցած անգնահատելի ծառայությունները: 1998-ի իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարների ուշքն ու միտքն իրենց նախորդներին տարբեր տեսակի մեղքերի մեջ մեղադրելն է: Այդ ամպագոռգոռ մեղադրանքները, բնականաբար, ուղեկցվում են, իշխանական քարոզչամեքենայի եւ ծառայամիտ քաղաքական գործիչների հիսթերիայով: Սակայն նույնիսկ գրպանային դատախազությունը չկարողացավ հաստատել այդ ամբաստանություններից գրեթե ոչ մեկը: Քրեական գործ հաջողվեց թխել միայն Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Վանո Սիրադեղյանի դեմ: Գտնվեց մեկը՝ Վահան Հարությունյանը, որն ինչ-ինչ գործոնների ճնշման տակ համաձայնեց խաղալ իշխանության խամաճիկի դերը: Ես պատկերացնում եմ, թե հաջորդ իշխանափոխությունից հետո քանի՜-քանի՜ տասնյակ վահան հարությունյաններ կհայտնվեն, որոնք վազելով վկայություններ կտան ներկայիս իշխանավորների գործած կամ չգործած մեղքերի մասին: Նախադեպը ստեղծելիս, հավանաբար, պետք ապագայի մասին մտածել՝ կցանես քամի, փոթորիկ կհնձես: …Իսկ այս մի Վահան Հարությունյանը կշարունակի քարշ գալ իր խղճուկ կյանքով: Գուցե նույնիսկ բարգավաճի՝ կեղծ ցուցմունքների համար նրան, բացառված չէ, մի քանի կոպեկ շպրտել են: Միակ բանը, որը նա չի ունենա, հարգանքն է՝ թե՛ իրեն ստորության դրդող իշխանավորների, թե՛ սովորական մարդկանց կողմից: Գործ տվողներին ոչ ոք չի սիրում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել