«ՏՂԱՆԵ՛Ր, ՀԱՐՑԵՐՆ ԱՅՍ ՁԵՎՈՎ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ» Ասել է Կարեն Դեմիրճյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ընդդիմություն-իշխանություն պայքարը շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ, եւ երկրորդ խաղակեսի այս փուլում առավելությունն ընդդիմության կողմն է։ Սա այն բացառիկ դեպքերից է, որ ընդդիմությունը խիստ պրոֆեսիոնալ է նախապատրաստվել, եւ իզուր էր Գալուստ Սահակյանը կեղծում, թե հարցը վիրավորանքներից այն կողմ չի անցնում։ Իրականում, ընդդիմության կողմից ամեն ինչ ընթանում էր խիստ օրինակելի։ Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի ընթացքում երեկ վերջապես հասավ կառավարության ներկայացրած Կանոնակարգում փոփոխություններ առաջարկող օրինագծի քննարկմանը։ Եթե, իհարկե, կարելի է քննարկում կոչել այն, ինչ երեկ տեղի էր ունենում խորհրդարանում։ Ընդհանրապես, 27 թվանշանը դարձել է խիստ խորհրդանշական այս խորհրդարանի համար, եւ թերեւս պատահականություն քիչ կա նրանում, որ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը կազմվեց ամսի 27-ին, այդ եզրակացությունից բխող պաշտոնանկության գործընթացի առաջարկը՝ եւս, եւ երեկ էլ ամսի 27-ն էր։ Այս մասին իրավացիորեն նկատեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւս։ Պրն Դալլաքյանը երկու խորհրդանշական միտք եւս հնչեցրեց։ Նախ ասաց. «Աստծո առածները արվում են դանդաղ, բայց՝ հաստատ»։ Պրն Դալլաքյանը տեղին հիշեցրեց նաեւ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի խոսքը՝ ուղղված ոճրագործներին. «Տղանե՛ր, հարցերն այս ձեւով չեն լուծվում»։ Սա, թերեւս, կոչ էր՝ ուղղված երկրի նախագահին, վարչապետին, խորհրդարանական մեծամասնությանը, ԱԺ ղեկավարությանը։ Վերջիններս իրենց պահվածքով եւ դրա նից բխող քայլերով ավելորդ անգամ ապացուցեցին, որ հայտնվել են «պատային» իրավիճակում, սակայն չեն ուզում հանձնվել։ Իշխանություն կորցնելը, երեւի, դժվար բան է, եւ ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաջությունը, որ «հանձնվեն» արժանապատվությամբ։ Դրանից էլ բխում է իշխանությունների հոգեվարքային վիճակը։ Ու եթե նման իրավիճակն ընդդիմությունը չկարողանա հավուր պատշաճի օգտագործել, եւ սխալներ թույլ կտա, ուրեմն՝ ընդդիմությունն ու իշխանությունը իրար արժեն։ Փաստորեն, օրինագծի, այսպես կոչված, քննարկումը վերածվեց նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումների, որքան էլ դա ընդունելի չլինի մեկ-երկու քաղաքական ուժերի համար։ Կառավարության քայլերն այնքան էին շտապողական եւ չմտածված, որ խիստ քաղաքականացված հարցը ներկայացվեց արդարադատության փոխնախարարի մակարդակով։ Ինչ-որ պահի դահլիճում հայտնվեց նաեւ նախարարը՝ Դավիթ Հարությունյանը, բայց, թերեւս, նրա համար բավարար հասկանալի էր, որ իր միջամտությունը գործն ավելի է փչացնելու։ Փոխնախարարը նախանձելի վիճակում չէր։ Աննախանձելի վիճակում էր նաեւ մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը դահլիճում մի տեղից մյուսն էր շարժվում եւ նյարդերն այնքան տեղի տվեցին, որ փոխանակ՝ որպես մեծամասնության ղեկավար, բոլոր ելույթները լսելուց հետո խոսեր (համապատասխան ստրատեգիան մշակելուց հետո), առաջինը մոտեցավ ամբիոնին. «Կասկածո՞ւմ եք, որ այս օրենքի պատասխանատվությունն ընկնում է մեծամասնության վրա։ Ես հայտարարում եմ՝ այո, ընկնում է մեծամասնության վրա, մեծամասնությունն էլ հորդորում է՝ եկեք հոդված առ հոդված առաջարկություններ անենք»։ Բազմաթիվ ելույթ ունեցողներ այն միտքն էին հնչեցնում, որ կառավարության կողմից առաջարկվող փոփոխություններն ուղղված են մեծամասնության դեմ, առաջին հերթին՝ բաց քվեարկության անցնելու առաջարկի մասով, քանի որ ընդդիմության քվեարկությունը միշտ էլ հայտնի է եղել, այսինքն՝ բաց։ Ենթադրությունը հետեւյալն էր՝ նախագահը չի վստահում քաղաքական մեծամասնությանը եւ բաց քվեարկության անցնելով ուզում է կոնկրետ իմանալ՝ ով ով է։ Երեկ ակնհայտ էր. թե ով ով է եւ որեւէ զարմանալի հայտարարություն չեղավ։ Շավարշ Քոչարյանն ասաց, որ նախագծի նպատակն է՝ լռեցնել փոքրամասնությանը եւ բացառել առանց այն էլ գրեթե բացառված ընդդիմությունը։ Պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր կեսկատակ ելույթում մի քանի կարեւոր բաներ ասաց. «Ինչ որ պտի էղնի, չի կարա չեղնի։ Հիմա զուր ենք արագացնում ընթացքը, ինչ որ լինելու է, կլինի։ Բնական զարգացում է գնում։ Մեկի սրտով է, մեկի սրտով չի։ Բայց եկեք իրատես լինենք, չառաջարկենք՝ արեք ինքնալուծարվենք, իմացա՞ր… Ով որ ուզում ա, թող ինքը գնա։ Մենք կմնանք»։ Թերեւս, ՀՀԿ-ի ներսում տարաձայնությունների լուրջ ալիք կա, քանի որ Վարդան Բոստանջյանն, արդեն գրեթե օրվա վերջում ելույթ ունենալով, ասաց, թե Կանոնակարգ-օրենքն իրենք պետք է նախաձեռնեն, իրենք պիտի քննարկեն, եւ ոչ թե կառավարությունը։ Միակ տղամարդկային առաջարկը տիկին Հրանուշ Հակոբյանն արեց՝ ինքնալուծարման մասին, որին էլ թերեւս ուղղված էր Վ. Բոստանջյանի վերը նշված խոսքը։ Գրիգոր Հարությունյանն իր ելույթում մի քանի հարց ուղղեց ԱԺ նախագահին, ընդ որում՝ չափազանց կարեւոր. հետեւյալն էր՝ ի՞նչ արեց Արմեն Խաչատրյանը, երբ կառավարությունը կանոնակարգային փոփոխությունների նման օրինագծով հանդես եկավ, ինչո՞ւ չբողոքեց, չասաց՝ թողեք, ինքնուրույն գտնենք հարցի պատասխանը, մի անցեք մեր վրայով։ Պրն Հարությունյանը հիշեցրեց, որ երբ քննարկվում եւ կազմվում էր այսօր գործող կանոնակարգը, ինքը մեծամասնության անդամ էր, եւ նպատակը հետեւյալն էր՝ փոքրամասնությանը եւս հնարավորություն տալ գործելու։ Իր ելույթի վերջում Գր. Հարությունյանը մեղադրեց ԱԺ ղեկավարությանը (եւ՝ ոչ միայն). «Մտնելով հեռուն չեք գնա, եւ ինչ-որ տեղ փակվելու է էդ անցքը, ի՞նչ եք անելու»։ ԱԺ նախագահն էլ, փոխանակ Գրիգոր Հարությունյանի հնչեցրած առավել լուրջ հարցին պատասխանի, վերջին ռեպլիկին հակադարձեց. «Այդ խոսքերը մտցրեք համապատասխան տեղը»։ Ստեփան Զաքարյանը հիշեցրեց պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Երեւան) պահվածքը վերջին հերթական եռօրյայի ժամանակ (երբ պատգամավորը հայհոյեց մի քանիսին ու դահլիճը լքեց) եւ իր կողմից ավելացրեց. «Մարդը հենց այնպես չէր ասում Ռ. Քոչարյանի հանդեպ տածած սիրո, կանանց տրամադրելու մասին, որին ես համամիտ չեմ, որովհետեւ չի նշանակում, որ բոլոր կանայք պիտի ամուսինների պես մտածեն եւ անսահման սիրով սիրեն Ռ. Քոչարյանին»։ Պրն Զաքարյանը եւս հիշեցրեց, որ ԱԺ դահլիճում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27», եւ պետք չէ այդ մասին մոռանալ։ Գուրգեն Արսենյանը պատմական էքսկուրս կատարեց Կալիգուլայից մինչեւ «Հոկտեմբերի 27», բայց եզրակացությունը, ըստ իս, ճիշտ չարվեց։ Ինչեւէ, պրն Արսենյանը հիշեցրեց, որ իրեն էլ դուր չի գալիս, որ կառավարությունն է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, «բայց դա մեր կառավարության նախաձեռնությունն է»։ Պրն Արսենյանը միակն էր, որ հայտարարեց իր խորին համոզմունքը, թե «27»-ի ոճրագործության ետեւում կանգնած չէ հանրապետության նախագահը. «Իմ խորին համոզմունքն է, որ ՀՀ բարձրագույն իշխանության կրողը չէր կարող նմանատիպ ոճրագործության հեղինակ-կազմակերպիչ լինել»։ Մանուկ Գասպարյանի կարծիքով, երկրի նախագահը «կորցրել է շողուլը», եւ մեծամասնության արածը արջի ծառայություն է. «Եթե նախագահն ընկած լինի, մենք ձեզանից լավ կպաշտպանենք նրան»։ Մանուկ Գասպարյանն առաջինն էր, որ առաջարկեց նախագահի, ԱԺ նախագահի, հանձնաժողովների նախագահների եւ տեղական ինքնակառավարման բոլոր ընտրությունները բաց քվեարկությամբ անցկացնել։ Այս ծաղրական առաջարկն անելուց հետո, պրն Գասպարյանն ասաց. «Մեծամասնություն կազմած էն մարդիկ, ովքեր բարձրացել են Սերոբիչի եւ Վազգեն Սարգսյանի շալակը, եկել են խորհրդարան, եւ այսօր իրականացնում են այս գործողությունները, թող մտածեն՝ հաջորդ խորհրդարանում, ինձնից սկսած, 70-80%-ն այս խորհրդարանում չի լինելու։ Եկեք թողնենք աշխատանքային օրվա պայմաններ մեր այն ընկերների համար, որ մեզանից հետո կգան»։ Ավարտենք Մյասնիկ Մալխասյանի՝ «Ուշքի՛ եկեք, ընկերնե՛ր», կոչով։ Այսօր քննարկումները կշարունակվեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ