Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ»

Հունիս 28,2002 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ» Հարցազրույց թիվ 75 ընտրատարածքի նորընտիր պատգամավոր Հովիկ Աբովյանի հետ – Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ պատգամավոր եք, ինչպիսի՞ տպավորություն եք ստացել ԱԺ-ից։ – Մեկ ամսվա տպավորությունս, ճիշտն ասած, այնքան էլ հաճելի չէ, քանի որ ինչ եկել եմ խորհրդարան, այստեղ հիմնականում ընդդիմությունն է գործում։ Բնական է, դա հաճելի չէ եւ չի էլ կարող լինել։ Կարծիքս, իհարկե, դրական չէ։ – Նկատի ունեք ընդդիմության պայքարի միջոցնե՞րը, թե՞ նրանց գաղափարը։ – Ինձ թվում է, այս ամենն անձնավորված է, իրենք իրենց ցույց տալու համար եւ ոչ այնքան գաղափարի։ ԱԺ կանոնակարգում բավականին լրացումներ պետք է արվեն, ներկայացվող կանոնակարգը կիսատ-պռատ է եւ չպետք է այդպես թողնել։ Նոր կանոնակարգն ընդունելիս պետք էր այն ամբողջությամբ մշակվեր, հետո՝ ներկայացվեր։ – Բայց նոր կանոնակարգը նախապես մշակվել էր։ – Չէի ասի, ամեն ինչ դոգմա չէ։ Տարիներ շարունակ նման բաներ եղել են եւ, եթե հիմա անհրաժեշտություն է առաջացել վերանայելու այն, պետք է վերանայել։ Իսկ եթե լուրջ խնդիրներ կան կանոնակարգում, պետք է ամբողջական փաթեթով ներկայացնեին այն ու նորից քննարկեին։ Այդպես պետք է արվեր։ – Դուք դե՞մ եք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցն Ազգային ժողովում քննարկելուն։ – Իմ կարծիքով, այստեղ դեմ կամ կողմ լինելն այնքան էլ էական չէ։ Դա ձեւի խնդիր է. ԱԺ «Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր հանձնաժողովին, իմ տվյալներով, այլ խնդիր է ներկայացված եղել։ Բայց նման պարագայում էլ կարելի է հարցին ավելի լուրջ մոտենալ, եւ իրենց այստեղ ցույց չտային։ Կոնկրետ խնդիրը պետք է ներկայացնեին, ոչ թե… Իրենք հատ-հատ հարցեր են այստեղ ներկայացնում, ոչ թե կոնկրետ այն խնդիրը, որն անհրաժեշտ է բարձրացնել։ – Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքին, թե՝ պատգամավորների ականջներից բռնելու-տեղափոխելու է բաժին։ Դուք եւս պատգամավոր եք, եւ Ձեզ վիրավորված չե՞ք զգում։ – Ինձ թվում է, նախագահը բոլորի վերաբերյալ չի այդպես արտահայտվել։ Դա կոնկրետ մարդկանց էր առնչվում, այն պատգամավորներին, որոնք կարգազանց են։ Միանշանակ բոլորի մասին նախագահն այդպես չի կարող արտահայտվել։ – Բայց չէ՞ որ ԱԺ կանոնակարգը պատգամավորներին թույլատրում է նիստերը բոյկոտելու նման միջոցը։ – Այո, կանոնակարգը թույլ է տալիս, եւ պատգամավորներն իրենց կանոնակարգին համապատասխան քայլեր են կատարել։ Բայց նախագահը կարգազանցներին է ասել։ Եթե նրանք, իրոք, կանոնակարգից դուրս բաներ անեն, այդ դեպքում չեմ առարկի նախագահի ասածներին։ – Կոպիտ ասած, Դուք այժմ խորհրդարանում Վանո Սիրադեղյանին եք փոխարինում, ինչպե՞ս եք Ձեզ զգում նրա տեղում։ – Շատ լավ։ Ես իմ ընտրողների պահանջները միշտ լսել եւ կատարել եմ։ Նման դեպք չի եղել, որ ես նրանց չլսեմ ու չկատարեմ նրանց պահանջները։ Անկախ այն բանից՝ այդ պահանջները նրանք Վ. Սիրադեղյանին էին առաջադրելու, թե՝ ինձ։ – Խոսակցություններ կային, որ Դուք պատրաստակամություն էիք հայտնել հանել Ձեր թեկնածությունը, եթե Վանո Սիրադեղյանին թույլ տային գրանցվել։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը։ – Նման, տարբեր ձեւերի խոսակցություններ եղել են։ Բայց փաստը մնում է փաստ, որ իրեն չգրանցեցին, իսկ մնացած թեկնածուները մասնակցեցին մրցույթին ու չընտրվեցին։ – Խորհրդարանում ո՞ր դաշտում եք Ձեզ պատկերացնում՝ ընդդիմությա՞ն, թե՞ դիմության։ – Ես ճիշտ գործողությունների կողմն եմ։ Մնալու եմ անկախ պատգամավոր, ես այդպես եմ խոստացել իմ ընտրողներին։ Զրուցեց ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել