Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹՂԹԻ ՎՐԱ…

Հունիս 27,2002 00:00

«ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԹՂԹԻ ՎՐԱ… Վանաձորում լույս տեսավ «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի 3-րդ համարը։ Այն առավել ընդդիմադիր ուղղվածություն ունի, քան՝ նախորդ 2 համարները։ Այստեղ տեղ են գտել քաղաքական կուսակցություններին, քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքին, ԶԼՄ-ների եւ իշխանությունների, իշխանամետ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների փոխհարաբերություններին վերաբերող հրապարակումներ։ Թերթն անդրադարձել է նաեւ հրապարակայնություն պահանջող դատական գործերի վերլուծությանն ու նիստերի լուսաբանմանը։ (Նշենք, որ բոլոր 3 համարներում լուսաբանվել են N զորամասում կրտսեր սերժանտ Մ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով դատական նիստերը, որոնք ընթանում են Վանաձորում)։ «Ի՞նչ է կառուցվում քաղաքի կենտրոնում» հոդվածում էլ անհանգստություն է հայտնվում այն առթիվ, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնակները հապճեպ ազատել տալուց եւ տարածքը «մաքրելուց» հետո իշխանությունների թույլտվությամբ այդտեղ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում՝ պաշտոնապես դեռեւս անհայտ նպատակներով։ «Չար լեզուներն ասում են, որ կառուցվում է բանկ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայգյուղփոխօգնության բանկի մասնաճյուղը տեղափոխվում է նոր շենք»,- գրում է հոդվածագիրն ու ավելացնում. «Միայն մեկ հարց է մեզ մտահոգում. ի՞նչ ճարտարապետական տեսք է ունենալու կառույցը, ինչքանո՞վ է ներդաշնակելու կամ գեղեցկացնելու քաղաքի կենտրոնը։ Արդյո՞ք այդ հարցը քննարկվել է ճարտարապետական խորհրդում (եթե կա այդպիսին), կամ գուցե նպատակային լիներ հրապարակայնացնել կամ վերջին հաշվով իմանալ քաղաքացիների կարծիքը՝ կառույցի ճարտարապետական տեսքի մասին։ Չէ՞ որ կառուցվում է ոչ թե ժամանակավոր կացարան, այլ հիմնական կառույց, այն էլ՝ քաղաքի կենտրոնում»։ Թերթի խմբագրականն էլ ներկայացնում է երկրի ներքաղաքական իրավիճակը, որը չի համապատասխանում Եվրախորհրդի պահանջներին. «Կարծես թե պետք է որոշակիություն մտներ մեր կյանքի մեջ՝ Եվրոպական խորհրդին անդամագրվելով (մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների ներդրում, անմեղության կանխավարկածի արմատավորում դատական պրակտիկայում, իշխանությունների պատասխանատվություն ընտրողների առջեւ…), սակայն տեսնում ենք, որ մեր «եվրոպականությունը» մնում է թղթի վրա, իսկ մենք շարունակում ենք մնալ Եվրոպայի գավառական ծայրամաս՝ ասիական տարբերակով»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել