Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրական զգացմունքների շահարկո՞ւմ՝ նախընտրական պայքարում

Հունիս 27,2002 00:00

Նվիրական զգացմունքների շահարկո՞ւմ՝ նախընտրական պայքարում «Նվիրական զգացմունքներ շահարկելը, մանավանդ հիմա, դժվար է. կեղծիքներով ժողովրդի վստահությունը ձեռք չես բերի»,- կարծում է Նորք-Մարաշ համայնքի ԵԿՄ բաժանմունքի նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի Նորքի հրամանատար Աղվան Մխիթարյանը։ Նրա կարծիքով, նախընտրական պայքարում մեկ ամիս առաջ հայտնվելով, որոշ թեկնածուներ ոտնահարում են ժողովրդի ամենանվիրական զգացմունքները, անգամ սրբությունները։ Ի դեպ, թեկնածուն, որի մասին կարծիք հայտնեց Ա. Մխիթարյանը, արդեն երրորդ անգամն է իր թեկնածությունը դնում (նախորդ երկու անգամները երջանկահիշատակ Արմենակ Արմենակյանի դեմ)։ Պարոն Մխիթարյանին մտահոգում է այն փաստը, որ նախորդ ընտրապայքարներում, «երբ հիշողությունն ավելի թարմ էր, այդ «արված» գործերի մասին չէր գրվում»։ Նաեւ՝ «ինչո՞ւ մինչեւ հիմա իր արդեն որերորդ անգամ հրապարակվող ծրագրից ոչինչ չի արել, մինչդեռ ոչ ոք եւ ոչինչ դրան չեն խանգարել։ Միայն պաշտոն ստանալով չէ, որ կարելի է աշխատել»։ «Արա՝ նոր պահանջիր ժողովրդի քվեն»,- գտնում է թաղապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ առողջապահության բաժնի վարիչ Հայկուհի Քյուփելյանը։ «Մենք մեր գործը շարունակելու ենք,- ասում է տիկին Հայկուհին,- մեր նախընտրական ծրագրում անհավանական ոչինչ չկա՝ ասֆալտբետոնե արտադրության հիմնում, հացի եւ հացամթերքների գործարանի, չորացրած մրգերի եւ այլն։ Համայնքին տրված բյուջեն չափազանց փոքր է այդօրինակ գործերի համար. այն բավարարում է միայն բյուջետային աշխատողների աշխատավարձերին։ Իսկ համայնքում այսօր բազում աշխատանքներ են կատարվում՝ գազիֆիկացում, ռադիոֆիկացում, ոռոգման եւ խմելու ջրերի խնդրի լուծում, թիվ 142 եւ 168 մանկապարտեզների հիմնովին վերանորոգում, սոցիալական եւ մշակութային զանազան խնդիրների վերաբերյալ մշտական հոգածություն եւ այլն»։ Ի դեպ, ըստ տիկին Հայկուհու, համայնքի մանկապարտեզներում՝ սննդի համար ծնողներից գանձվող գումարները ամենացածրն են՝ 1500 դրամ։ Արդեն հինգ տարի է համայնքապետարանը հացը, ձմռան վառելիքը անվճար տրամադրում է մանկապարտեզներին, ջրի տարաներ են անվճար տեղադրվել, ամանորի եւ ավարտական միջոցառումներին երեխաներին նվերներ են տրվում։ Նաեւ սեպտեմբերին՝ առաջին դասարանցիներին, իսկ մայիսի 9-ին, Անհայտ զինվորի հուշարձանին այցելությունից հետո, վետերանների համար մեծարման ցերեկույթ է կազմակերպվում։ Ըստ տիկին Հայկուհու, «այս սոցիալական թոհուբոհի մեջ մենք ոչ մի մուրացիկ ու թափառաշրջիկ չունենք, ոչ մի իրավախախտ անչափահաս չունենք»։ Իսկ Նորք-Մարաշի ներկայիս թաղապետ եւ թաղապետի թեկնածու Վարազդատ Մկրտչյանը հայտարարեց. «Ես կողջունեմ այն մարդուն, որը կկարողանա բնակիչներին ձրի հաց տալ, բանկ գցած գումարները վերադարձնել, գործարաններ կառուցել եւ աշխատատեղեր ստեղծել»։ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել