Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՄԱՐ

Հունիս 27,2002 00:00

ԻՐԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼԻ ՀԱՄԱՐ Ասում են՝ սերիալները ժամանակի հրամայականն են, նույնիսկ իրենց անհավանական դեպքերով ու դեմքերով։ Ակնկալելով հայ կինոռեժիսորների, սցենարիստների ուշադրությունը, ներկայացնում ենք մեր օրերի հայ երիտասարդ մի երգչի ստեղծագործական կյանքի պատմությունը, ինչպես նաեւ պատառիկներ կյանքից։ Այսպես. Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին (90-ականների սկիզբ) երիտասարդ երգիչը ստանում է հրավեր Ազգային օպերային թատրոնից, խաղալով տենորի համար պատվաբեր դերերգեր։ Հանդես է գալիս տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ, հյուրախաղերի մեկնում Ռուսաստան։ Բեմը՝ բեմ, բայց պետք էր ընտանիք պահել, կարիերա ստեղծել (չմոռանանք 90-ականների սկզբի մութ, սոված, անհույս տարիները…)։ Եվ ահա՝ հրավեր Բարսելոնից (97 թվական)՝ մասնակցելու վոկալիստների միջազգային մրցույթին։ Դիմում է ում ասես (իսկական հայկական վիճակ), նույնիսկ Երեւանի քաղաքապետարանի այն ժամանակվա առաջին դեմքին։ (Չմոռանանք՝ սյուժեում անհրաժեշտ է շեշտել, որ երգիչը զուգահեռ աշխատում էր նաեւ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում)։ Ինչպես հեքիաթներում է ասվում՝ օրերից մի օր, հերթական եկեղեցական տոնակատարության ժամանակ, եկեղեցի այցելած պաշտոնյաների մեջ երիտասարդը նկատում է իրեն արդեն ծանոթ պաշտոնյային։ Փնտրելով հարմար պահ՝ մոտենում է պարոնին՝ իմանալու, թե ի՞նչ եղավ (կամ կլինի՞, թե՞ ոչ) նրա հովանավորությունը։ Ի զարմանք երիտասարդի, պաշտոնյան էլ իր հերթին է զարմանում, որ վերջինս դեռ Երեւանում է ու պնդում է, որ քաղաքապետարանը վաղուց հատկացրել է անհրաժեշտ գումարը, որը, ըստ իր ունեցած տվյալների, պիտի ծառայեր նպատակին, քանի որ պաշտոնյայի խոսքը՝ խոսք է։ Հայտնվելով նման վիճակում՝ երգիչը ընդունում է որոշում՝ ինչ գնով էլ լինի՝ հասնել Բարսելոն։ Այստեղից ու այնտեղից (հարազատներ, բարեկամներ, ընկերներ…) հայթայթելով համապատասխան գումար, տանը թողնելով ծնողներին, կնոջն ու երեխային, մեկնում է։ Միջազգային մրցույթում հաջողությունը չի ժպտում։ Պատճառը դեռ հայրենիքում, գումար որոնելու հողի վրա բախումն էր չտեսնված ստի (էդ բոյի) հետ։ Մեր հերոսը ուժասպառ է, հյուծված… արդեն գրպանում դրամ էլ չկա, բայց միեւնույն ժամանակ՝ հետդարձի ճանապարհ էլ։ Այս ընթացքում նա հղանում է մի միտք. հիանալի տիրապետելով իտալերենին, որոշում է, ավելի ճիշտ՝ փորձում է սահմանն անցնել, բայց, մեղմ ասած, փախուստը չի ստացվում։ (Այստեղ անպայման պետք է նկարահանել, ցույց տալով հերոսի դեգերումները՝ անքուն գիշերներ տարբեր կայարաններում, «տեղափոխություններ» վագոնից վագոն…)։ Եվ ահա հույսի մի ճառագայթ՝ Ստրասբուրգի Ազգային օպերային թատրոնը հայտարարում է տենոր ձայնի մրցույթ։ Ավելի քան 50 մասնակիցներից ընտրվում է միայն հայ երգիչը, բայց… Ֆրանսիայում օտարերկրյա քաղաքացին աշխատանքի տեղավորվելու համար պետք է ունենա գոնե փախստականի կարգավիճակ։ Նման առաջարկ ստանալով նույնիսկ տեղի մշակույթի նախարարից, մեր հերոսը չկարողանալով իր մեջ հաղթահարել ներքին խոչընդոտը՝ «փախստական» բառը, սկսում է պայմանագրով դուրս գալ տարբեր օպերային թատրոններ։ Հիշեցման կարգով ասենք, որ եվրոպական օպերային թատրոններում մեներգչի կարգավիճակ չկա։ Ասենք նաեւ՝ համաձայնության դեպքում կլուծվեր ամեն հարց՝ ընտանիքը անվճար կմեկներ Ֆրանսիա եւ այլն, եւ այլն։ Այս ընթացքում երիտասարդը կորցնում է մորը, չկարողանալով մասնակցել վերջին հրաժեշտին։ Կարելի է պատկերացնել նրա հոգեվիճակը (կարծում ենք, ռեժիսորը տպավորիչ կներկայացնի այս մասը)։ Կյանքում լինում են բացառիկ երեւույթներ։ Այս դեպքում՝ առանց աշխատանքի իրավունքի, «Բոհեմում» կատարում է Պարպինիոլի դերերգը, Ստրասբուրգի Ազգային օպերային թատրոնի կազմում մասնակցում է երկու միջազգային փառատոների՝ Ֆինլանդիայում եւ Անգլիայում։ Կյանքում «կիրառվում» են նաեւ չգրված օրենքներ։ 98-ին երգչին հատկացվում է առանձին բնակարան ու, ամենակարեւորը՝ մշտական ապրելու, աշխատելու իրավունք։ (Այստեղ արդեն պետք է նկարահանել նրա աշխատանքը Եվրոպայի տարբեր բեմերում, նվագախմբերի հետ…)։ Առաջ անցնելով ասենք՝ զարգացած երկրներում յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք (ինչը մեզ մոտ վաղուց երանելի հիշողություն է) եւ երիտասարդը հերթական անգամ՝ 2001-ին, հանգստանալով Իտալիայի Պիզա քաղաքում, հանդիպում է այստեղ հյուրախաղերի եկած, նախկին իր աշխատատեղի՝ Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարին, աշխարհահռչակ տենորին։ Վերջինս հրավիրում է այստեղ հանդես գալու Պոլեոնի դերերգով՝ «Նորմա» օպերայում։ (Այստեղ էլ փոքր-ինչ հետ գնալով ասենք, որ արդեն երգչի ընտանիքը Ֆրանսիայում է)։ Արդեն մի քանի բեմել է ունեցել այս դերերգով եւ երիտասարդ երգիչը՝ ՀՀ քաղաքացին մեծ ցանկություն ունի այլեւս չվերադառնալու Ֆրանսիա։ Սա այն դեպքում, երբ նա արդեն ճանաչված է։ Մի խոսքով, համաձայն է թողնել ամեն ինչ (բացառությամբ ընտանիքը), երգել հայրենիքում, իհարկե, նորմալ (ոչ շքեղ) պայմանների դեպքում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Առաջարկում ենք հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել ֆիլմի նկարահանման աշխատանքներին եւ գլխավոր հերոսի՝ երգչի դերում նկարահանել միջազգային մրցույթների դափնեկիր, երգիչ Արա Ավանյանին, քանի դեռ վերջինս հայրենիքում է ու ապրում է վարձով։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ վարձը տալիս է հրավիրող կողմը, ավելի ճիշտ՝ Գեղամ Գրիգորյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել