Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական լինել չէր կարող

Հունիս 27,2002 00:00

Պատահական լինել չէր կարող Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ՀՀ վճռաբեկ դատարանի շենքում շարունակում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Այս փուլում դատակոչված տուժողները ցուցմունքներ են տալիս, պատասխանում դատավարության կողմերի հարցերին։ Երեկ ՀՀ կապի նախկին նախարար Ռուբեն Տոնոյանը ներկայացրեց 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում կատարվածը։ Տուժողը պատմեց, որ ինքն այդ օրը եղել է 3-րդ շարքում, հանգուցյալ նախարար Լեոնարդ Պետրոսյանի հարեւանությամբ։ Նա տեսել է, թե ինչպես է դահլիճ մտել սպիտակ անձրեւանոցով մի անձնավորություն, որը, հանելով ավտոմատը, կրակահերթ է բացել վարչապետ Վ. Սարգսյանի վրա։ 90%-ով պնդելով իր նախաքննական ցուցմունքները, տուժողը հիշեց, որ Լեոնարդ Պետրոսյանը փորձել է կանգնել, այդ ժամանակ էլ կրակել են նրա վրա։ Ի դեպ, նախաքննության ժամանակ տուժողը, նկարագրելով այս պահը, ասել էր, որ Լեոնարդ Պետրոսյանը շարժում արեց, որ պառկի, սպիտակ անձրեւանոցով երիտասարդը նշանառու կրակ արձակեց, որից ընկել է իր գործընկեր նախարարը։ Տուժողը պնդեց, որ Լեոնարդ Պետրոսյանին դիտավորյալ սպանեցին։ Պրն Տոնոյանի գնահատմամբ, պատահական զոհերը եղել են երկուսը. Մ. Քոթանյանը ու Հ. Աբրահամյանը. «Կարեն Դեմիրճյանը եւ Յուրի Բախշյանը չէին կարող պատահական զոհ լինել։ Ինչո՞ւ այդ դեպքում բարձրացան նախագահություն եւ կրակ արձակեցին»,- հարցնում էր տուժողը։ Նրա իսկ պնդմամբ, թե՛ Ռ. Միրոյանը, թե՛ Ա. Արմենակյանը, թե՛ Լ. Պետրոսյանը նույնպես եղել են ծրագրված ոճրագործության զոհերը։ Տուժող Տոնոյանը քաղհայցի պահանջ չներկայացրեց, բայց գտնում էր, որ հոդվածները, որով մեղադրանք էր առաջադրվել ոճրագործների նկատմամբ, քիչ էին։ «Հեշտ չէ այդ ապրումները ներկայացնել։ Մարդկանց սպանում են ժողովրդի՞ համար»,- հարցնում էր նա։ Թերեւս մեկ հակասություն էր նկատվել տուժողի նախաքննական ցուցմունքի ժամանակ։ Նախաքննական ցուցմունքում պրն Տոնոյանը հայտնել էր, որ Շմայսի եղբորն էր փնտրել Նաիրի Հունանյանը։ Այս կապակցությամբ դատաքննության ժամանակ տուժողն ասաց, որ Շմայսին չի ճանաչել եւ չպնդեց նախաքննության ժամանակ ասվածը։ Կապի նախկին նախարարը չբացառեց նաեւ հաշվեհարդարների հնարավորությունները, օրինակ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի պահով, ինչպես նաեւ՝ հանրապետության նախագահի, որի հետ հանդիպում էին պահանջել ահաբեկիչները։ «Իրենց վարքագծից երեւում էր, որ ինչ-որ բանի սպասում էին։ Բայց ում, ինչի՝ չգիտեի»,- շարունակեց տուժողը։ Վերջինս, որ սրտի վիրահատություն էր տարել այդ ժամանակ, 99-ի հոկտեմբերի 27-ից հետո 2 ամիս անցկացրել է հիվանդանոցում։ Հետաքրքիր է, որ տուժողին հարցեր չտվեցին ինչպես ամբաստանյալների պաշտպանները (բացառությամբ Է. Գրիգորյանի պաշտպանի), այնպես էլ ամբաստանյալներ Ն. եւ Կ. Հունանյանները, Է. Գրիգորյանը, Դ. Բեջանովը, Ա. Կնյազյանը, Վ. Գալստյանը եւ Հ. Ստեփանյանը։ Առաջվա նման դատարանի դահլիճում չես տեսնի ո՛չ տուժողների, ո՛չ էլ ամբաստանյալների հարազատներին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել