Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ՉԵՄ ԽՈՍԵՑՆՈՒՄ, ՉԵՔ ԽՈՍՈՒՄ»

Հունիս 27,2002 00:00

«ՄԻՆՉԵՎ ՉԵՄ ԽՈՍԵՑՆՈՒՄ, ՉԵՔ ԽՈՍՈՒՄ» Այսպես դժվարությամբ էր պետական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Աղաջանյանը պատասխաններ կորզում «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի շրջանավարտներից՝ թեեւ վերջում հայտարարեց, որ որակից ինքը դժգոհ չէ։ Այդ շրջանավարտները երեկ պետական ավարտական քննություն էին հանձնում միջազգային տնտեսական հարաբերություններ առարկայից, իսկ այն անցկացնում է պետական հանձնաժողովը, քանի որ դա ատեստացիոն քննություն էր նաեւ։ Բուհը իր համաշխարհային էկոնոմիկա մասնագիտությունը հավատարմագրելու հայտ է ներկայացրել եւ նաեւ այդ քննությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ կհավատարմագրվի՞ այն, թե՞ ոչ։ Երեկ մենք ներկա էինք քննության գրեթե ողջ ընթացքին եւ տպավորությունն առանձնապես ոգեւորիչ չէր։ Այդ քննությունն ավելի շատ ընթացիկ կիսամյակային քննություն էր հիշեցնում, քան՝ համալսարանի պետական ավարտական։ Շրջանավարտները երբեմն այնպիսի տարրական հարցերի չէին պատասխանում, որոնք նույնիսկ բանասիրական կրթությամբ լրագրողիս համար էին պարզ։ Ասենք՝ չգիտեին Հայաստանը ՄԱՀ-ի անդա՞մ է կամ ի՞նչ միջազգային կազմակերպությունների եւ կառույցների հետ է աշխատում, հայտնի ո՞ր ընկերությունները մասնաճյուղեր ունեն մեզ մոտ, ինչո՞վ է Հայաստանը հրապուրիչ զբոսաշրջության համար եւ ի՞նչ պետք է անել այդ բնագավառը զարգացնելու համար եւ այլն։ Կամ կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն, ընդհանուր բաներ էին ասում եւ հատկապես ՄԱԿ-ի թեման էին լավ յուրացրել ու ոջիլի անեկդոտի պես ամեն թեմայի մեջ մտցնում էին։ Հաճախ ուսանողին քննելը վերաճում էր դասախոսության, քանի որ հանձնաժողովի նախագահը ինքը հարցը տալիս էր, ինքն էլ պատասխանում, կամ հարցում հենց պատասխանը տալիս էր։ Եվ մերթ ընդ մերթ էլ նկատում՝ «Շատ խոսեցի։ Ասում եմ՝ չխոսեմ, չի լինում, լավ, դուք խոսեք, ես չեմ խոսում»։ Ավելի ուշ մեզ հետ զրույցում նկատեց, որ եթե այդպես ակտիվ հարցեր չտար, չխոսեցներ, չեն պատասխանում՝ թեեւ երբեմն էլ իր հարցադրումներով այնքան առաջ էր ընկնում, որ ուսանողն էլ չէր հասցնում պատասխանել։ Ու այդպես էլ պարզ չէր՝ հարցին ուսանո՞ղը պատասխանեց, թե՞ նախագահը հուշեց։ Քննությունն ընդհանրապես շատ բարյացակամ մթնոլորտում էր անցնում։ Ակնհայտ էր, որ հանձնաժողովի անդամներն ամեն կերպ ջանում են, որ ուսանողները խոսեն, եւ ճիշտ պատասխանները խրախուսվում էին քաջալերող հայացքներով ու խոսքերով։ Հանձնաժողովի անդամներից մեկը «Անանիա Շիրակացի» համալսարանից էր։ Հանձնաժողովի նախագահը եւ մյուս երկու անդամները Երեւանի տնտեսագիտական ինստիտուտից էին։ Վերջիններս մեզ հետ զրույցում նկատեցին, որ պետական բուհում, մասնավորապես իրենց ինստիտուտում, ավարտական քննության ժամանակ պատասխանները շատ ավելի բարձր մակարդակի են՝ «համարյա գիտական մակարդակով, իսկ այստեղ, տեսաք, տարրական հարցեր էինք տալիս»։ Սակայն երբ նկատեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ էին բարձր նշանակում (10 հոգուց երկուսը ստացան անբավարար, չորսը՝ «4», չորսը՝ «3»), չէ՞ որ նաեւ այդ գնահատականների հիման վրա են մասնավոր բուհերը հավատարմագիր ստանում եւ պետական նմուշի դիպլոմ հանձնում՝ արժեզրկելով պետական դիպլոմի գաղափարը, արդարացան, որ օբյեկտիվ էին գնահատում։ Նաեւ ասացին, որ գնահատում էին համեմատության մեջ. եթե մյուսները վատ էին պատասխանում, քիչ թե շատ լավ պատասխանողին բարձր էին դնում։ Թեեւ նման համեմատությունը այս դեպքում տեղին չէր, քանի որ, ինչպես նաեւ ԿԳՆ-ի լիազոր ներկայացուցիչը ընդգծեց՝ դրանք պարզապես ավարտական քննություններ չէին, այլ այդ բուհի որակի ստուգման ատեստացիոն քննություններ։ Ի դեպ, եթե բուհը դժգոհ է այդ գնահատականներից, կարող է իր շրջանավարտների համար ինքը եւս անցկացնել ավարտական քննություններ եւ դրա գնահատականները դիպլոմ փոխանցել։ Իսկ ատեստացիոն քննության արդյունքները հավատարմագրման գործընթացի համար են միայն անհրաժեշտ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել