Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթը կայացե՞լ է

Հունիս 27,2002 00:00

Մրցույթը կայացե՞լ է «Լինսի» հիմնադրամի շինարարական աշխատանքների մրցույթներին «ես երկու օբյեկտ շահել եմ. պետական միջամտությո՞ւն է եղել, թե՞ արդարություն»- լրագրողի հարցին հարցով պատասխանեց «Երեւանշին» ընկերության գործադիր տնօրեն Վազգեն Պողոսյանը ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Մրցույթներում պարզապես գրագետ մոտեցում է դրսեւորվում»։ «Երեւանշինի» գործադիր տնօրենի հրավիրած մամուլի ասուլիսը վերաբերում էր «Լինսի» հիմնադրամի գործունեությանն ընդհանրապես եւ Օպերայի ու բալետի պետական թատրոնի շենքի վերանորոգման մրցույթին՝ մասնավորապես։ Պարոն Պողոսյանը կարծում է, որ այդ մրցույթի շուրջ «անհիմն աղմուկ» է բարձրացել. «Ամենքն ուզում են իրենց քմահաճությունը հասարակության վզին փաթաթելով՝ շահարկման առարկա դարձնել։ Նորմալ մրցույթ է տեղի ունեցել, ինչպես բոլոր մրցույթներում»։ «Նորմալ» որակումը, սակայն, բավականին բազմիմաստ է եւ առավել եւս այս պարագայում, երբ հասարակությունը, մեղմ ասած, բավականաչափ իրազեկված չէ։ Մինչդեռ այն փաստը, որ «փաթեթները լրագրողների ներկայությամբ են բացվում», պարոն Պողոսյանին հիմք է տալիս «կարծել, որ լրագրողները չեն կարող կասկածել մրցույթի անաչառությանը»։ Ցավոք, ստիպված ենք հուսախաբ անել պարոն Պողոսյանին, թեկուզ հենց «անհիմն» որակված աղմուկի պատճառով։ Հայտնի ճշմարտություն է. «Ծուխն առանց կրակ չի լինում»։ Ի դեպ, մրցույթին ներկայացված ամենացածր արժեքը «Երեւանշին» ընկերությանն է՝ 1 մլրդ 184 մլն դրամ, ընկերության շահույթը 7-8%-ն է, ամենաբարձր արժեքը՝ 1 մլրդ 540 մլն դրամ։ Սակայն, ըստ Վ. Պողոսյանի, դա չի նշանակում, որ «մենք պիտի կառուցենք»։ Եթե «խորհուրդը որոշի», որ շենքը «Երեւանշին» ընկերությունը պետք է վերանորոգի, Թամանյանի նախագիծը՝ շենքի տանիքի 16 արձանիկներն իրականություն կդառնան։ Իսկ ինչ վերաբերում է ցածր գնին, տնօրենի մեկնաբանմամբ. «Դա գալիս է կազմակերպության ներքին ռեսուրսներից. վաղեմի եւ տրադիցիոն կազմակերպություններն ավելի էժան են կառուցում, քան նորաստեղծները»։ Իսկ մրցույթի չեղյալ հայտարարելու կասկածը պրն Պողոսյանը բացառեց։ Գլոբալ առումով, հայրեր եւ որդիներ վեճը շինարարության ոլորտ է թափանցել։ Պարոն Պողոսյանը կարծիք հայտնեց, որ «պետք է որոշակի բարձր չափանիշներ դրվեն, որպեսզի ամեն մեկը չկարողանա մասնակցել նմանատիպ մրցույթներին։ Քանի որ չափանիշները շատ ցածր են՝ երեկ ձեւավորված՝ մեկ համակարգիչ եւ 20-25 տարեկան բարետես, անգլախոս քարտուղարուհի ունեցող կազմակերպությունները մասնակցում են լուրջ կազմակերպությունների հետ»։ Այս կարծիքն, ըստ ամենայնի, պաշտպանեցին Օպերայի եւ բալետի պետական թատրոնի տնօրենը եւ Հայնախագիծ ինստիտուտի տնօրենը։ Վերջինս հավելեց նաեւ, որ վճարողի՝ Համաշխարհային բանկի չափանիշները, որոնցով առաջնորդվում են՝ լավ կազմակերպված համակարգ ունեցող երկրների համար են։ Իսկ Հայաստանը երկու պատճառով է ստիպված դրանցով առաջնորդվել. նախ՝ սեփական չափորոշիչներ չունի, ապա՝ վճարողը ՀԲ-ն է։ Իսկ «Երեւանշինի» տնօրենն էլ ափսոսանք հայտնեց, որ իշխանական լծակներ չունի, այլապես «ուղղակի հանձնարարականով՝ այդ վերակառուցումը կտայի 1-2 լուրջ կազմակերպության»։ Շինարարներին չի բավարարում նաեւ աշխատավարձի չափը։ Նույնիսկ 25 հազար դրամ աշխատավարձ է նախատեսված, մինչդեռ «որակյալ մասնագետին այդ գնով չես աշխատեցնի։ Առավել եւս, որ որակյալ մասնագետները քիչ են՝ աշխատանքը՝ շատ»։ Այսինքն, մեկ ուրիշն ավելի բարձր աշխատավարձով «կգրավի» նրան։ Այս ամենով հանդերձ, իր օրենքներով կառավարվող «Լինսի» հիմնադրամի «դառը կամ քաղցր օրենքները մեր խնդիրը չեն,- գտնում է «Երեւանշինի» գործադիր տնօրենը,- այլ՝ տեսնելը, հետեւելը, մասնակցելը»։ Այս ամենից հետո էլ, իբրեւ դժգոհությունների վերջնարդյունք, շինարարները գտնում են, որ «ոսկե միջինին» համապատասխան է ամեն ինչ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել