Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ ԵՂԲԱՅՐ ԷԻՆՔ, ԻՍԿ ՀԻՄԱ՞

Հունիս 27,2002 00:00

ԱՌԱՋ ԵՂԲԱՅՐ ԷԻՆՔ, ԻՍԿ ՀԻՄԱ՞ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից Բանսկո ավտոմայրուղին անցնելիս որոշեցի Հայաստան վերադարձիս հանգանակություն անցկացնել եւ նման մի ուղեւորություն կազմակերպել ՀՀ բնապահպանության նախարարի համար, եթե վերջինս Նոր տարվա շեմին դարձյալ պատմություններ անի մեր անտառներում կատարվող հերթական սանիտարական հատումների անհրաժեշտության մասին։ Անձը կարեւոր չէ. նման հայտարարություն անում են բնապահպանության բոլոր նախարարները։ Դրանից հետո մեր սարերին կանաչին են տալիս հատուկենտ ծառեր, որոնք անտառ անվանելը թյուրիմացություն է։ Անտառ ասվածը, իմացած լինեն մեր պաշտոնյաները, շատ խիտ ծառածածկ զանգվածն է եւ այն ոչ մի սանիտարական հատում էլ չի ուզում։ Եվ երեսպաշտություն է, երբ հայտարարում են, թե ծառերն իրար այդքան մոտ չեն աճում։ Էդ Բուլղարիայի սարերին կաճե՞ն, այստեղ՝ չէ՞։ Մինչեւ այնտեղ հասնելը Պիրենեյան լեռների ստորոտում գտնվող Բանսկո քաղաքի մասին լսում էինք «Բուլղարիայի Ծաղկաձորը» արտահայտությունը։ Լեռնադահուկային ամենահայտնի հանգստավայրի սեզոնն արդեն անցել էր, այնպես որ, մեր ձյան հետ համեմատելն անհնար էր։ Անտառներն էլ, ինչպես կռահեցիք, համեմատելի չէին։ Փոխարենը շատ նման են մեր երկրների սոցիալ-տնտեսական վիճակները, մասնավորապես, մտավորականների թշվառագույն վիճակը։ Թեեւ համեմատության բոլոր դեպքերում միշտ պետք է հիշել. Բուլղարիան Եվրոպա է։ Եվ այդպիսին էլ եղել է անգամ սոցիալիստական շրջանում։ Ի դեպ, որպես վերջինի հիշատակություն, մնացել է Սովետական բանակին նվիրված հուշահամալիրը։ Նկարում պատկերված հուշարձանը կառուցվել է անմիջապես 2-րդ համաշխարհայինից հետո, Սոֆիայի կենտրոնում։ Վերջերս Բուլղարիայում իսկական պատերազմ է սկսվել դրա կապակցությամբ. երիտասարդները պահանջել են քանդել այն, իսկ վետերան-կոմունիստներն իսկական կենդանի պատ են շարվել շուրջը։ Որոշ ժամանակ անց երիտասարդները դիրքերը զիջել են, միայն թե դրանից հուշարձանն ամենեւին չի շահել։ Մաքուր եւ կոկիկ Սոֆիայում մեր տեսած միակ հրեշավոր կեղտոտ մասը հենց այդ հուշարձանի տարածքն էր պլաստիկ շշերով ու ցելոֆանե տոպրակներով առատ։ Երիտասարդ բուլղարացիները իրենց վերաբերմունքն այդ հուշարձանի նկատմամբ նաեւ այլ կերպ էին արտահայտում։ Հուշարձանի պատվանդանը եւ նրան հարող այգին թմրամոլների, համբուրվող (եւ ոչ միայն) զույգերի ապաստանն են։ Ավելի լավ ճակատագրի էր արժանացել Գեորգի Դիմիտրովի դամբարանը։ Այն քանդելուց եւ կոմունիստական առաջնորդին այնտեղից հանելուց հետո տարածքը, ինչպես մեր բուլղարացի ուղեկիցն ասաց, «մաքրագործել» էին՝ վերածելով մանկական այգու եւ ծաղկաստանի։ Իսկ քիչ հեռվում տարվա որոշակի օրերի նստարաններ են դրվում եւ անցկացվում է գարեջրի փառատոն։ Դա էլ՝ Բուլղարիայի վերջին միապետ Բորիս 3-րդի համեստ պալատի հարեւանությամբ։ Երկրորդ նկարում պատկերված շենքը «սրբությամբ» պահպանել են մինչեւ օրս. Բուլղարիան ֆաշիստներից ազատագրելուց եւ խորհրդային կարգեր հաստատելուց հետո ժողովրդական միլիցիայի այս շենքում են դավադրաբար հավաքել եւ կոտորել տասնյակ մտավորականների եւ հոգեւորականների։ Խորհրդային կարգերի հետքերը փորձել են ջնջել նաեւ Գերագույն խորհրդի շենքի վրայից, սակայն քարակոփ գերբն ու դրոշները այսօր էլ դեռ զարդարում են անկախ Բուլղարիայի «ծՈՐՏՊվՏ րՕոՐՈվՌպ»-ի շենքի ճակատը։ Սոֆիայի կենտրոնի ամենաանշուք շենքը թերեւս ամենահետաքրքիր ճակատագիրն ունի։ Ալեքսանդր Նեւսկու հզորաշուք եկեղեցու կողքին, այդ կարմիր աղյուսով ուղղափառ եկեղեցու հարեւանությամբ վառվում է Անմար կրակը՝ ի հիշատակ Անհայտ զինվորի, եւ երկիր այցելող բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ հարգանքի տուրք են մատուցում եւ ծաղկեպսակ դնում։ Իսկ այդ եկեղեցին անհիշելի ժամանակներից եկեղեցի է եղել, ավելի ճիշտ՝ Աստծո տուն254 հեթանոսական տաճար՝ հռոմեական տիրապետության շրջանում, մզկիթ՝ թուրքական։ Ինչ-որ մեծահարուստ թուրքի որդի մզկիթում նամազ անելիս է եղել, երբ շենքը երկրաշարժից փլվել է եւ նա մեռել է։ Թուրքերն այդ տեղը անիծված են համարել։ Փոխարենը քրիստոնյաները մաքրել են մզկիթի հետքերը եւ իրենց համար օրհնյալ համարվող վայրում այժմ արդեն ուղղափառ եկեղեցի է։ Եթե այս մտածելակերպը մեզ շատ հարազատ է եւ հասկանալի, ապա անհնար է պատմել մեր՝ հայերիս զարմանքը, երբ զանազան բնակավայրերի տների դարպասներին տեսանք բազմաթիվ մարդկանց լուսանկարներ։ Նախ զարմացանք, կարծելով, որ այդքան մարդ հետախուզման մեջ է գտնվում։ Հետո ավելի զարմացանք, պարզելով, որ այդպես բուլղարացի ուղղափառները հարգանքի տուրք են մատուցում իրենց հանգուցյալներին՝ նրանց մահվան տարելիցի օրերին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել