Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համառորեն զգուշացնում են

Հունիս 27,2002 00:00

Մեզ համառորեն զգուշացնում են ՌԴ նախագահ Պուտինի կոշտ գնահատականները՝ «Ռուսաստան-Բելառուս» միության ապագայի վերաբերյալ թեեւ Հայաստանի ներքին քաղաքականության տեսանկյունից այնքան խարդավալից չեն, որքան «ականջ քաշելու» շուրջ անսպառ եւ շատ հեռանկարային բանավեճը, այնուամենայնիվ, մեզ էլ մտորելու տեղիք են տալիս: Նախ՝ պարզ դարձավ, որ Պուտինը դեմ է կոնֆեդերատիվ միավորմանը, որի ջատագովն է Լուկաշենկոն: Իսկ Ռուսաստանի նախագահն ամենեւին էլ մտադիր չէ հագուրդ տալ իր բելառուս գործընկերոջ քաղաքական ամբիցիաներին: Բայց եթե հարցը դրվում է կտրուկ ձեւով՝ «կամ միասնական պետություն, կամ ոչինչ», ապա հասկանալի է դառնում նաեւ, որ միավորման գործընթացը մոտակա տարիներին որեւէ ձեւով առաջ չի գնա: Հետեւաբար, մեր քաղաքական որոշ ուժերի ձգտումը՝ «խցկվել» գոյություն չունեցող «միության» մեջ, առանձին կուռ տրամաբանությամբ չի փայլում: Այսինքն՝ եթե որեւէ մեկը կարծում էր, թե «Ռուսաստան-Բելառուսն» ինչ-որ, թեկուզեւ՝ տեսական, ռեսուրս է, որը ինչ-ինչ դեպքերում կարելի է «խաղացնել», ապա այդ հույսերն ի դերեւ ելան: Պուտինն իր վերջին ասուլիսով հստակորեն ցույց տվեց, որ մտադիր է խաղալ միջազգային /եթե կուզեք՝ եվրոպական, արեւմտյան/ խաղի կանոններով, իսկ Լուկաշենկոյի նման գործիչներն այսօր կատարյալ անախրոնիզմ են: Դա ոչ թե Պուտինի քմահաճույքն է, այլ՝ ժամանակակից աշխարհի զարգացման տրամաբանությունը: Եվ Հայաստանը ուզի-չուզի պետք է տեղավորվի այդ տրամաբանության մեջ: Առայժմ, կարծես թե, չի տեղավորվում: Չնայած այն ակներեւ իրողության՝ որ նրանք, ովքեր թելադրում են այդ տրամաբանությունը, մեզ վերջերս գրեթե ամեն օր զգուշացնում են: Առանձին վերցրած այս զգուշացումները գուցե ճակատագրական նշանակություն չունեն: Բայց իրենց միասնության մեջ՝ դրանք, ինչպես կասեր Ռոբերտ Քոչարյանը, «մուլտիպլիկացիոն էֆեկտ» են տալիս: Թվարկեմ դրանցից մի քանիսը: 1/ ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրել է Հայաստանի գործարաններից մեկին՝ Իրանին «երկակի օգտագործման» նյութեր վաճառելու մեջ: 2/ ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրել է մեր կառավարությանը, որ այն զգալի ջանքեր չի գործադրում՝ աղջիկների եւ կանանց առեւտուրը կանխարգելելու համար: 3/ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը, որը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժանելի մաս: 4/ Եվրամիության երկրները փաստացիորեն կոչ են արել մեր իշխանություններին՝ «համը չհանել» «Ա1+»-ի հարցում: 5/ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը զգուշացրել է՝ «Եթե Հայաստանը խաղաղություն չհաստատի իր հարեւանների հետ, նա չի կառուցի եվրոպական ժողովրդավարություն»: 6/ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հաստատել է, որ «Փարիզյան սկզբունքների» մասին հարցին Հեյդար Ալիեւն արդեն պատասխան տվել է /իսկ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ «սկզբունքները» ենթադրում են Մեղրիի եւ Լաչինի փոխանակում/: Այդ բոլոր զգուշացումները մեր իշխանավորներն ականջի ետեւ են գցում, արհամարհում են կամ թեթեւամտորեն վերագրում են տեղական ընդդիմության խարդավանքներին: Գուցե ժամանա՞կն է գոնե մի փոքր կասկածի տակ առնել սեփական անսխալականությունը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930