Գողանալը հիմի դու տես Խորհրդարանը գնալով գերազանցում է ինքն իրեն՝ պատգամավորներն իրար ծեծում են, հայհոյում են, վիրավորում։ Վերջին թարմ օրինակը «անասնագողության» թեման է։ Քաղաքագիտության մեջ անասնագողությունը խիստ բացառիկ հասկացողություն է, եւ նման բաներից սովորաբար գլուխ են հանում այն քաղաքագետները, ովքեր այս կամ այն կերպ որեւէ առնչություն են ունեցել կենդանական աշխարհի հետ։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Ագրոարդյունաբերողների խմբի ղեկավար դառնալով, որոշ ձեւափոխումների եւս ենթարկվեց, եւ նրա մեջ գլուխ բարձրացրեց ագրարայինի նկատմամբ բուռն սերը։ Այնքան բուռն էր այն, որ պրն Հովհաննիսյանն իր «ՀՀՇ-ամետ լրատվամիջոցներին» որոշ չափով մոռացավ եւ բռնեց գործընկերներին վիրավորելու ուղին։ Պրն Հովհաննիսյանն անասնագողության մեջ էր մեղադրել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին այն պատճառով, որ իր խմբի երկու անդամ՝ Սամվել Բալասանյանը եւ Վռամ Գյուլզադյանը դարձել են «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ։ Եթե խորհրդարանն ունենար էթիկայի հանձնաժողով, պրն Հովհաննիսյանն ի ցույց կդրվեր, եւ պատգամավորները կսովորեին, թե ինչպիսին չպիտի լինի պատգամավորը։ Բայց քանի որ չկա նման հանձնաժողովը, մնում է՝ գործընկերներն իրենք պաշտպանեն սեփական արժանապատվությունը, Ագրոարդյունաբերողների խմբի անդամ Վռամ Գյուլզադյանն իրեն եւ իր գործընկեր Սամվել Բալասանյանին ուղղված վիրավորանքին հակադարձեց լոռեցու նման։ Պրն Գյուլզադյանը Հմայակ Հովհաննիսյանի ասածներն այսպես որակեց. «Իհարկե, վիրավորական է, եթե հաշվի առնենք, թե ում կողմից է ասված։ Զուտ որպես լոռեցի, ես ուզում եմ հիշեցնել Թումանյանի գրվածքներից հետեւյալը՝ «Օ՜ֆ, հերիք է, չարչի ախպեր», դա շարունակելով ուզում եմ ասել՝ օ՜ֆ, հերիք է, սիրելի՛ լրագրողներ, մի խոսեցնեք մեզ դրանից, երնեկ դրա ոտը կոտրեր, չգար մեր խումբ։ Եկավ եւ ագահ մորեխի նման ուղղակի խժռեց խմբում ձեւավորված լավ, մարդկային հարաբերությունները։ Եվ նման մարդուց նեղանալը շատ կլինի իր համար։ Երբ նրան ճանաչում ես, ճիշտը արհամարհելն է։ Երբ իր անունն են տալիս, հիշում եմ Կոմիտասի «Հորովել»-ից մի երկու տող. «Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ…» եւ այլն, որտեղ նկատի է առնվում հորովելի գլխավոր գործող անձը։ Ուզում եմ մի ինձ ոչ հարիր արտահայտություն անել։ «Քաշիր, քաշիր» ասելով՝ նկատի ունեն ոչ միայն եզը, այլեւ այդ եզի մանկության օրերը՝ թե ինչպես են կերակրել հորթին»։ Պրն Գյուլզադյանն այս պահին չուզեց ավելին ասել, սակայն ակնհայտ էր, որ Հմայակ Հովհաննիսյանը սրանով չպրծավ, եւ այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։ Հմայակ Հովհաննիսյանի կոպիտ որակումների մասին զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ։ Պրն Թորոսյանի կարծիքը հետեւյալն է. «Ցավոք, պատգամավորները շատ հաճախ խոսում են այն մասին, որ ԱԺ-ի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չկա հասարակության մեջ, բայց հենց գալիս է պահը, երբ միմյանց նկատմամբ վերաբերմունք պիտի ունենալ, մեղմ ասած, խոսքերը չեն խնայում։ Ես անընդունելի եմ համարում ընդհանրապես վիրավորանքը միմյանց նկատմամբ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի պատերից դուրս։ Առավել եւս՝ խորհրդարանում, որովհետեւ սա ամենաբաց կառույցն է, եւ մարդկանց աչքի առաջ է անընդհատ»։ Պրն Թորոսյանը համաձայն չէ, թե էթիկայի հանձնաժողովը հարցի լուծում կլիներ, եւ պատգամավորներն իրար չէին վիրավորի, չէին հայհոյի կամ չէին ծեծի։ Ըստ Տիգրան Թորոսյանի. «Շատ-շատ մարդիկ իրենց թույլ են տալիս այնպիսի արտահայտություններ, որոնք նորմալ մարդուն վայել չեն։ Եվ մարդն ինչպես որ իրեն պահում է, առաջին հերթին հենց իրեն է վերաբերում։ Ի վերջո, պահը կգա եւ այդ ամենը կվերադառնա, որովհետեւ քաղաքական գործունեությունն իր մեջ բումերանգի տարրեր է պարունակում։ Ինչ անում ես, պիտի պտտվի ու վերադառնա քեզ»։ Մ. ԵՍԱՅԱՆ