Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «ՖԱԶԸ ՔՑԵՑ»

Հունիս 27,2002 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «ՖԱԶԸ ՔՑԵՑ» Բրազիլիա-Թուրքիա ֆուտբոլային խաղը երեկ ավարտվեց 1։0 հաշվով։ Բազմաթիվ հայեր սույն փաստից այնպես էին ոգեւորվել, կարծես Հայ դատի հարցերն էին լուծել Բրազիլիայի ձեռքով։ Խորհրդարանում տարբեր տեսակետներ էին հնչում խաղի արդյունքների մասին։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ խաղը պետք է ավարտվեր 2։0, ըստ Աղասի Արշակյանի՝ 4։1, ըստ Արա Կետիկյանի՝ 2։1 հաշվով, եւ բոլոր դեպքերում հաղթանակը տրված էր բրազիլացիներին։ Օրեր առաջ, երբ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հարցրինք, թե ո՞վ կլինի աշխարհի չեմպիոնը, պրն Սարգսյանը նեղացավ՝ «Մի անգամ արդեն ասել եմ՝ Բրազիլիան, ուրեմն՝ Բրազիլիան, ինչո՞ւ եք կրկին հարցնում»։ Այնպես որ, Հայաստանի անվտանգության խորհրդի մատը ֆուտբոլային խաղերում էլ է կարծես խառը։ Երեկ խորհրդարանի աշխատանքը պարզապես խափանվել էր։ Երկու պատճառով՝ հոսանքազրկվել էր Երեւանի կենտրոնը եւ, փաստորեն, խորհրդարանը «ֆազը քցել» էր։ Սա թիվ մեկ պատճառն էր։ Հաջորդը եւ ամենագլխավորը՝ Բրազիլիա-Թուրքիա խաղն էր։ Եվ երբ 17:45-ին վերագտնվեց խորհրդարանի կորած ֆազը, պատգամավորներից միայն 13 հոգի թողեցին ֆուտբոլը եւ եկան դահլիճ (13-ից 3-ը՝ ԱԺ ղեկավարությունն էր)։ Գալուստ Սահակյանին, փաստորեն, չհաջողվեց իր գլխավորած խորհրդարանական մեծամասնությանը կտրել ֆուտբոլից եւ բերել գաղափարական դաշտ։ Եթե կառավարության ներկայացրած ԱԺ կանոնակարգային փոփոխությունների առաջարկի հարցը կամակատար մեծամասնությանը չի հետաքրքրում, մյուսների՞ն ինչու պետք է հետաքրքրի։ Թեպետ, արժե ասել, որ ընդդիմադիրներից Խորեն Սարգսյանը եւ Արամայիս Բարսեղյանը խիստ աչալուրջ էին, ֆուտբոլը զոհեցին հանուն գործի եւ, դահլիճ մտնելով, կարծես խափանեցին մեծամասնության «մութ» նպատակներից մեկը։ Նիստը կշարունակվի այսօր, սակայն մինչ այդ փորձենք նախախնամության մատը խառնված տեսնել այն բանում, որ երկու օր շարունակ խորհրդարանը չի կարողանում հասնել բուն նյութին՝ կանոնակարգային փոփոխությունների հարցին, դրանով պարզապես հուսահատության գիրկը գցելով լրատվամիջոցներին, քանի որ, ըստ էության, այլ ավելի քաղաքականացված հարց չկա։ Գալուստ Սահակյանը նախախնամության մատը չտեսավ խորհրդարանի հոսանքազրկման մեջ։ Բայց չվարանեց ասել մեր բառերով հետեւյալը՝ բաշխիչ ցանցերը որ սեփականաշնորհեինք, էս օրը չէինք ընկնի։ Իր բառերով՝ «Երբ ԲԷՑ-երի հարցը քննարկում էինք, ասում էինք՝ այնքան է հնացել, որ մեկ-երկու տարի հետո մենք փաստի առաջ ենք կանգնելու»։ Որեւէ դավադրություն պրն Սահակյանը հոսանքազրկման մեջ չտեսավ, բայց մենք հակված ենք մտածել, որ երկրի օրենսդիր մարմինը հերթական անգամ մնաց անպաշտպան։ Եթե ԱԺ-ն է մնում առանց հոսանքի եւ, փաստորեն, զրկվում աշխատելու հնարավորությունից, այդ դեպքում ո՞ւմ ականջն է հարկավոր քաշել։ Վերադառնալով կանոնակարգային փոփոխություններին, նշենք, որ Գալուստ Սահակյանն, առանց աչքը թարթելու, ասաց, որ իրենք ընտրել են («իրենք» ասելով, պրն Սահակյանը նկատի ունի կառավարությունը) ավելի մեղմ տարբերակ, սակայն պատրաստ են լսել առաջարկները եւ առաջին ընթերցումից հետո քննարկել դրանք։ Որպեսզի ընթերցողը չհավատա պրն Սահակյանին, թե «մեղմ տարբերակ» է ընտրված, պարզապես հիշեցնենք, թե ինչ է նշանակում այդ «մեղմ»-ը, ու եթե դա է «մեղմ»-ը, ապա «ականջը քաշելը» պարզապես շոյանք կարելի է համարել։ Այսպիսով, կառավարությունն առաջարկում է անցնել բաց քվեարկության՝ հանելով գաղտնի քվեարկության իրավունքը, առաջարկվում է «կարգազանց պատգամավորներին» անել զգուշացում, նկատողություն (անուն-ազգանվան հրապարակումով), խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում նիստերի դահլիճից, 2 եւ 3 նիստերի մասնակցությունից, զրկում ԱԺ շենքում 15 օր ներկա գտնվելուց։ Գալուստ Սահակյանի ներկայացմամբ՝ «Այս ամբողջ ընթացքում ՀՀ նախագահը վճռական էր իր իրավունքներից, լիազորություններից օգտվելու։ Թերեւս դա պատճառ դարձավ, որ քաղաքական մեծամասնությունը մտածեց կանոնակարգային փոփոխությունների մասին։ Ընդհանուր երեւույթների մեջ, բնականաբար, երկրի նախագահը չէր կարող թողնել, որ խորհրդարանն օրերով չաշխատի։ Շատ դեպքերում մտածում են, որ նախագահը ցուցումներ է տալիս խորհրդարանին կամ քաղաքական մեծամասնությանը, ես չեմ կարծում՝ դրա հիմքերը կան։ Բայց վերջին տարիներին ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կառավարության, ե՛ւ նախագահի միջեւ փոխադարձ աշխատանքային մթնոլորտ է ստեղծվել եւ, բնականաբար, այդ սահմաններում որոշակի քննարկումներ տեղի ունենում են»։ Գալուստ Սահակյանը որոշել է իր հերթին առաջարկություններ անել կանոնակարգի վերաբերյալ, մասնավորապես՝ պատգամավորին՝ 15 օր ԱԺ շենք մտնելու վերաբերյալ։ Ըստ պրն Սահակյանի՝ այդ հարցը պետք է լուծվի քվեարկությամբ. «Ես չեմ կարծում, որ մեր ազգային մենթալիտետը պիտի թույլ տա հասնել 15 օրվան, սա տեսնում եմ, ավելի շատ, պրոֆիլակտիկ միջոց, քան դրա կատարումը։ Կամ խնդիր է գնում փակ եւ բաց քվեարկության մասին։ Ես կողմ եմ բաց քվեարկությանը։ Որովհետեւ մեր երկիրը դեռ բավական լուրջ խնդիրներ ունի եւ, կարծում եմ, քաղաքական ցանկացած ուժ պետք է բաց ձեւով քվեարկի»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւս մերժեց նախախնամության մատը տեսնել խորհրդարանի հոսանքազրկման եւ կանոնակարգային փոփոխությունների հարցի քննարկման ձգձգման միջեւ։ Ըստ պրն Թորոսյանի՝ «Ի վերջո, այս ամենի մեջ մի բան կարեւոր է՝ հերթական նստաշրջանի ավարտին ստեղծվեց մի իրավիճակ, որը, անկախ ամեն ինչից, լուծում պիտի ունենա ցանկացած դեպքում։ Անցած տարիների ընթացքում ինչ-որ մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն չկար, բայց կյանքը ցույց տվեց, որ դա պիտի արվի։ Հաշվի առնելով այլ երկրների փորձը, պետք է ողջամիտ լուծումներ գտնել։ Հուսով եմ, որ խորհրդարանը եւ ընդդիմությունը ճիշտ կարձագանքեն, որովհետեւ ո՛չ ընդդիմությունն է հավերժական, ո՛չ իշխանությունը։ Ընդդիմությունը դառնում է իշխանություն, իշխանությունը՝ ընդդիմություն։ Ճիշտ կլինի, որ երբ տեղափոխություն տեղի ունենա, որեւէ մեկն իր նախորդ շրջանում արածների համար չզղջա եւ ամոթ չզգա»։ Կանոնակարգային փոփոխությունների հարցը, ըստ ամենայնի, կքննարկվի այսօր, եթե խորհրդարանը կրկին «ֆազը չքցի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930