Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐՈՆՔ ԱՅԴ ԿՈՒՏԸ ԿԵՐԱՆ»

Հունիս 27,2002 00:00

«ՄԵՐՈՆՔ ԱՅԴ ԿՈՒՏԸ ԿԵՐԱՆ» Վերջերս Ալիեւը գաղտնազերծեց ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, հայտարարելով, թե Ղարաբաղի անկախության ձեռքբերման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի Մեղրիի միջանցքը։ Ալիեւի այս հայտարարությունը հերքեց Ռոբերտ Քոչարյանը, սակայն, դրան զուգահեռ, Ալիեւ-Քոչարյան բանակցությունները եռանախագահող երկրներից մեկը՝ Ֆրանսիան, դատապարտեց Ալիեւին՝ բանակցությունների արդյունքները գաղտնազերծելու համար։ Այս փաստն արդեն իսկ վկայում է, որ, այնուամենայնիվ, օրակարգում իսկապես Մեղրիի եւ Լաչինի փոխանակման խնդիրն է։ Շուրջ 1 տարի առաջ ԱԺ քաղաքական բոլոր ուժերը հայտարարություն էին ընդունել՝ ընդգծելով, թե իրենք «ոչ մի թիզ հայկական հող» ադրբեջանցիներին չեն զիջելու։ Նրանցից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է այսօր նրանց դիրքորոշումը եւ արդյոք այն որեւէ փոփոխության չի ենթարկվել։ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Ալեքսան Կարապետյանի խոսքերով, եթե Ռ. Քոչարյանը դեմ է Ալիեւի հայտարարությանը եւ պնդում է, որ այն չի համապատասխանում իրականությանը, ապա Քոչարյանը պետք է ասի, թե իրականում ինչ է կատարվում։ «Ի վերջո, եթե նա դա այսօր չի ասում, միեւնույն է, վաղն է ասելու, ինչքա՞ն պետք է նա գաղտնի պահի։ Բացի այդ, առանց մեր ժողովրդի համաձայնության, նա դա չի կարող իրականացնել։ Բայց ավելի լավ կլինի, որ այդ մասին նա հիմա ասի, որպեսզի մենք էլ իմանանք՝ պատրա՞ստ ենք դրան, թե՞ ոչ։ Ղարաբաղի հարցում չի կարելի գաղտնապահություն խաղալ»։ Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի հերքմանը, թե այդպիսի հարց չկա բանակցություններում, ապա, ըստ Ա. Կարապետյանի, Ռ. Քոչարյանը պետք է «ճիշտն ասի, որպեսզի մենք իսկապես համոզվենք, որ Ալիեւը սուտ է ասել»։ Մեր դիտարկմանը, թե միգուցե Ռ. Քոչարյանը չի ուզում գաղտնազերծել բանակցությունների արդյունքները, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Բայց Ալիեւն արդեն գաղտնազերծել է, չէ՞։ Բացի այդ, Քոչարյանն այն մարդը չէ, որ մենք նրա խոսքերին ու պայմանավորվածություններին համաձայնություն տանք։ Որքան էլ լավ որոշում լինի, միեւնույն է, Հայաստանի եւ ԼՂՀ ժողովուրդը համաձայնություն չեն տալու դրան, որովհետեւ դրանք հնչելու են Քոչարյանի շուրթերից։ Այսինքն, առաջին հերթին պետք է վստահություն լինի այն մարդու նկատմամբ, որը վարում է այդ բանակցությունները։ Իսկ եթե Քոչարյանի նկատմամբ վստահություն չկա, նա ինչ էլ ասի, միեւնույն է՝ չենք վստահելու։ Նա պետք է բաց տեքստով հայտարարի, թե ինչ պայմանավորվածություն կա։ 1998թ. այդպիսի պայմանավորվածության պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, հետո պազվեց բանակցությունների թեման։ Այս դեպքում էլ է այդպես լինելու, եւ դավաճաններն իրենց պատիժը կրելու են։ Իսկ մենք դարձյալ պնդում ենք, որ ոչ մի թիզ հող մենք չենք վերադարձնելու»։ «Հայաստան» խմբի նախագահ Մյասնիկ Մալխասյանի գնահատմամբ, Ալիեւի հայտարարությունը մտահոգիչ է, ինչի մասին, սակայն, բավական երկար ժամանակ խոսակցություններ կային Հայաստանում։ Ըստ Մյասնիկ Մալխասյանի, առավել մտահոգիչ է Ֆրանսիայի ներկայացուցչի հայտարարությունը, որտեղ նա դատապարտում էր Ալիեւին՝ բանակցությունները գաղտնազերծելու համար։ «Փաստորեն նա չհերքեց այդ փաստը, այլ՝ հաստատեց։ Երկրապահը հավատարիմ է 1 տարի առաջ արված հայտարարությանը, եւ հայտարարում ենք, որ անթույլատրելի է Հայաստանի տարածքները բանակցությունների քննարկման առարկա դարձնելը»։ «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, այդ հայտարարության վտանգավոր հանգամանքն այն է, որ «շատ հաճախ դրսից կարողանում են Հայաստանի քաղաքական անդորրը խանգարել, իսկ մերոնք էլ այդ կուտն ուտում են ու սկսում են շահարկել»։ Նրա կարծիքով, նման բան իրականում գոյություն չունի՝ անկախ այն բանից, թե Ֆրանսիան ինչպես է արձագանքել դրան։ Գ. Սահակյանը գտնում է, որ բանակցությունների բացահայտումներով հասարակությունը, քաղաքական գործիչները կամ նախագահը չպետք է խնդիրներ ունենան։ «Ալիեւը նախընտրական քարոզարշավ է սկսել եւ միտումնավոր որոշակի բացթողումներ է անում՝ տպավորություն ստեղծելով, թե ինքը շատ գաղտնիքների է տիրապետում»։ Իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կարծիքով, հայկական հողերը չեն կարող փոխանակվել հայկական հողերի հետ։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների համար ճանապարհ բացելուն, ապա ՀՅԴ-ն «պատրաստ է դրան, բայց դրանք հայկական տարածքների վրա են մնալու»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930