ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ Շարունակվում են հավատարմագրման հայտ ներկայացրած բուհերի ատեստացիոն քննությունները։ Երեկ մենք ներկա եղանք «Անանիա Շիրակացի» համալսարանի անգլերեն լեզվի քննությանը։ Քննությունը սկսվեց 10.30-ին։ «Անանիա Շիրակացի» համալսարանի պրոռեկտոր Հրազդան Մադոյանը քննությունների ուշ սկսվելը պայմանավորեց «տեխնիկական պատճառներով»։ Հանձնաժողովը բաղկացած էր 5 անդամից (նախագահ՝ Իզաբելա Տեր-Պողոսյան), որից մեկը մասնավոր բուհի ներկայացուցիչ է։ Ներկա էր նաեւ նախարարության լիազոր-ներկայացուցիչը։ Մեր տպավորությամբ՝ հանձնաժողովը բավականին բարյացակամ էր տրամադրված ուսանողների նկատմամբ։ Ներկայացված 5 դիպլոմնիկներից մեկը ստացավ գերազանց, մեկը՝ լավ եւ երեքը՝ բավարար գնահատական։ Հանձնաժողովը իր կարծիքը հայտնեց նաեւ նախորդ օրը անգլերենի քննություն հանձնած «Հրաչյա Աճառյան», «Ինտերլինգվա» համալսարանների շրջանավարտների մասին։ «Ինտերլինգվա» համալսարանից օտար լեզվի քննությանը ներկայացել է 20-ից ավելի ուսանող, որից անբավարար է ստացել 7-ը։ Հանձնաժողովի կարծիքով, «Ինտերլինգվա» համալսարանը շատ ավելի լավ էր պատրաստվել օտար լեզվի քննությանը, քան «Հրաչյա Աճառյանը»։ Վերջինիս քննությունը սկսվել է ժամը 11-ին (հանձնաժողովի ներկայացմամբ՝ քննությունը ուշ սկսելու համար եղել են տեխնիկական պատճառներ, ցուցակներում անճշտություններ են եղել) եւ ավարտվել երեկոյան ժամը 19.30-ին։ Որքան էլ որ ուսանողները բառարանները փորձել են օգտագործել որպես ծածկաթերթիկներ, այնուհանդերձ, 22 ուսանողից 12-ը ստացել է անբավարար։ Միայն մեկ լավ (չորս) գնահատական է եղել, մնացածները՝ բավարար։ Համալսարանի ներկայացուցիչը, որ պետք է կազմեր արձանագրություն, իր պարտականությունները սկսել է գրեթե քննության ավարտին։ Այդ եւ կազմակերպչական այլ բացթողումների պատճառով հանձնաժողովը մինչեւ 20.30-ը ստիպված է եղել մնալ բուհում։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ